Zhamanak.com
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանն իր աշխատանքները սկսեց «Աղբահանության եւ սանիտարական աշխատանքների մասին» օրինագծի քննարկումով: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված այս նախագծով նախատեսվում է աղբահանության համար վարձավճարի չորս տարբերակ: Տարբերակները պետք է որոշեն իրենք` համայնքները: Իսկ աղբի դիմաց վճարվելու է հետեւյալ 4 սկզբունքներից մեկով` ըստ աղբի քաշի, ըստ ծավալի, ըստ ընտանիքի անդամների թվի կամ բնակելի տարածքի մակերեսի:
Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը հայտարարեց, թե օրինագծի ընդունման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ աղբահանության գործող համակարգն անարդյունավետ է, ինչի պատճառով էլ հնարավոր է լինում հավաքել գումարի միայն 50 տոկոսը: Այսպես` եթե վարձավճարը գանձվում է ըստ ընտանիքի անդամների թվի, ապա ամեն շնչի համար պետք է վճարվի 1000 դրամ: Եթե հաշվարկը կատարվում է ըստ բնակելի տարածքի մակերեսի, ապա 1 ք/մ համար պետք է վճարել 100 դրամ: Եթե գումարը հաշվարկվում է ըստ աղբի քաշի, ապա 1 տոննայի համար անհրաժեշտ է վճարել 30 հազար դրամ, ըստ ծավալի` 10 հազար դրամ: Թե ինչպես են կշռելու աղբը կամ որոշելու նրա ծավալները` անհասկանալի է: Սակայն փաստ է, որ կառավարությունը հայտնվել է մառազմի մեջ:
Սեպտեմբեր 15, 2010
