

Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» շաբաթաթերթ
«Ի սկզբանե ջրային ռեսուրսների աղտոտման վտանգը կար. այնտեղ ավելի քան 500 տոննա թունաքիմիկատներ են թաղված, ամենածանր թունաքիմիկատները,- Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի առնչությամբ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հկ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը,- եթե դրանք ջրերի հետ ինչ–որ տեղ հոսեն, ամբողջ Արարատյան դաշտը, մեր սնունդը կարող են թունավորել: Հիմա խնդիրն այն է, որ արտեզյան ավազանը չթունավորվի»:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը չունի հատակ, պատեր և տանիք, թունաքիմիկատներն անմիջականորեն թաղված են հողի մեջ: Տեղանքի երկարությունը 100 մ է, լայնությունը` 20 մ, խորությունը` 5 մետրից պակաս, մոտավոր ծավալը` 10000 խմ: Գերեզմանոցի տարածքը գտնվում է Ողջաբերդի սողանքային մարմնի վրա, որի տարածքում սողանքային ակտիվ գործընթացները շարունակվում են:
Թունաքիմիկատների գերեզմանոցում, ըստ պաշտոնական տվյալների, կան 1–ին և 2–րդ դասի վտանգավորության շուրջ 600 տոննա թունավոր նյութեր` 512 տոննա թունաքիմիկատներ, որոշ քանակության պղնձարջասպ, ինչպես նաև թունավորված հող: 512 տ թունաքիմիկատներից ավելի քան 300 տոննան Ստոկհոլմի կոնվենցիայով արգելված քլորօրգանական կայուն նյութեր են, որից շուրջ 192 տոննան խիստ վտանգավոր, տխրահռչակ, աշխարհի բոլոր երկրներում գյուղատնտեսության մեջ օգտագործելու նպատակով արգելված և արտադրությունից վաղուց հանված ԴԴՏ–ն է: Այստեղ կա նաև խիստ վտանգավոր և դարձյալ արգելված մեկ այլ թունաքիմիկատի (գյուղացիներին հայտնի է «Դնոկ» անվամբ) հսկայական զանգված: Թաղված են նաև կայուն քլորօրգանական այլ թունաքիմիկատներ` ԴԴԴ, ԴԴԵ, ՀՔՑՀ (հեքսաքլորցիկլոհեքսան), լինդան և այլն, ինչպես նաև` ոչ քլորօրգանական թունաքիմիկատներ, որոնք պարունակում են ծծումբ, սնդիկ, արսեն: Ըստ մասնագետների` գերեզմանոցում տարբեր թունաքիմիկատների միախառնման հետևանքով կարող են ընթանալ տարբեր քիմիական ռեակցիաներ` առաջացնելով նոր և էլ ավելի թունավոր նյութեր:
Իրավապահների կողմից դեռ չբացահայտված անձինք 2010 թ. փետրվարին տրակտորով կամ տրակտորներով մտել են հիշյալ գերեզմանոցի տարածք, բացել, ամբողջությամբ վնասել վերին մեկուսիչ շերտը, դրա տակ, գերեզմանոցի վերին շերտում թաղված թունաքիմիկատներն արտաբերել, ցրել տարածքում: Ավելին, ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով ջրահեռացման համակարգը վնասվել է, տեղ–տեղ լցվել հողով: Պատառոտված պոլիէթիլենե պարկերից, վնասված, ծակված մետաղյա տարաներից (ի դեպ, թաղված ԴԴՏ–ի մի մասը հեղուկ վիճակում է) թունաքիմիկատները թափանցել են շրջակա միջավայր:
Բացառված չէ, որ կատարվածը դիվերսիա կամ վնասարարություն լինի` բնակչությանը թունավորելու կամ թունաքիմիկատների մեկուսացման և հետագա պահպանման, չեզոքացման հիմնախնդրի առումով պետության համար հսկայական ծախսեր առաջացնելու նպատակադրմամբ: Սակայն, կարծում ենք, որն ավելի հավանական է, հիշյալ հանցավոր արարքի հեղինակներն այլ մտադրություն են ունեցել. գերեզմանոցը բացել են` արգելված, բայց վնասատուների դեմ պայքարում արդյունավետ թունաքիմիկատները հափշտակելու, ապա` իրացնելու (վաճառելու) նպատակով: Հափշտակել են այնքան, որքան հասցրել են, իսկ թունաքիմիկատների տարաները վնասվել են հողը բացած ծանր տեխնիկայի աշխատանքի, ինչպես նաև իրենց փնտրած թունաքիմիկատները գտնելու համար դրանք բացել–ստուգելու հետևանքով:
«Պետք է ասեմ, որ իսկապես վտանգը կա, դրանք` այդ թունաքիմիկատները, քլորօրգանական նյութեր են, որոնք շատ դժվար են ենթարկվում քայքայման»,– ս.թ. մայիսի 7–ին կազմակերպված աշխատանքային հանդիպման–քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանը:
Կայուն քլորօրգանական միացությունները շատ ուշ են քայքայվում: Դրանց նույնիսկ քայքայման արգասիքները, մասնագետների հավաստմամբ, վտանգավոր են մարդկանց, կենդանիների առողջության, շրջակա միջավայրի համար: Կայուն քլորօրգանական թունաքիմիկատները նախևառաջ վտանգավոր են իրենց կոմուլյատիվ ազդեցությամբ: Դա նշանակում է, որ այդ թունաքիմիկատները, նույնիսկ ոչ մեծ քանակների դեպքում, ժամանակի ընթացքում աստիճանաբար կուտակվում են օրգանիզմում և մի օր հասնում աղետալի չափերի: Գիտությունը պարզել է, որ կայուն քլորօրգանական թունաքիմիկատները նվազեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը, քաղցկեղային տարբեր հիվանդությունների (հատկապես` կրծքի) պատճառ դառնում, առաջացնում նաև այլ հիվանդություններ` պտղի թունավորում, մեռելածնություն և այլանդակածնություն, վիժումներ, պատճառ հանդիսանում մտավոր հետամնաց, տարբեր հիվանդություններով տառապող երեխաների ծննդի:
Վերոհիշյալ աշխատանքային հանդիպման–քննարկման ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծվել է արտակարգ իրավիճակ:
Այսպիսով, ինչպես վկայում է նաև վերը կատարված մեջբերումը, պետական տարբեր պաշտոնյաներ իրենք էին խոսում վտանգի լրջության և սպառնացող աղետի մասին, բայց այդուհանդերձ...
Փաստն այն է, որ նույնիսկ ՀՀ կառավարությունը և վարչապետը հարցի լրջությունը չեն գիտակցել և դրսևորել են հանցավոր անգործություն կամ անփութություն: Նույնը կարելի է ասել նաև հենց Ա. Երիցյանի առնչությամբ, որն անհրաժեշտ քայլերն սկսեց կատարել շուրջ մեկուկես ամիս ուշացումով: Օրինակ մինչև կառավարության որոշմամբ 31 մլն դրամի հատկացումը, հնարավոր ու խիստ անհրաժեշտ էր գերեզմանոցի մոտ վահանակներ տեղադրել` հայտարարելով արգելված գոտի, բնակչությանն իրազեկել ու զգուշացնել:
Բավական է միայն նշել, որ հիշյալ գերեզմանոցի վերին շերտի բացման և ջրահեռացման համակարգի շարքից դուրս գալու մասին պետական համապատասխան մարմիններին հայտնի է դարձել 2010 թ. մարտի 4–ին, սակայն ՀՀ կառավարությունը ռուբիրոիդով (հաստ տոլով) և կավահողի շերտով գերեզմանոցի ծածկման–մեկուսացման, ջրահեռացման համակարգի վերականգնման և անհետաձգելի, հրատապ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ընդամենը 31 մլն 650000 դրամը (մոտ 80000 ԱՄՆ դոլար կամ մեկ–երկու ջիպի գումար) իր պահուստային ֆոնդից հատկացրել է միայն մայիսի 6–ին: Շուրջ երկամսյա անգործության այս փաստը ոչ թե սոսկ խայտառակություն է, այլ նաև, կրկնում ենք, հանցագործություն: Ավելին, նշված գումարը հատկացնելուց շատ երկար ժամանակ (ավելի քան 2 շաբաթ) հետո նույնիսկ` համապատասխան աշխատանքները դեռ սկսված չէին, իսկ դրա համար հարգելի պատճառ չկար ու չէր կարող լինել:
Իսկ ինչո՞ւ ենք կատարվածը համարում հանցագործություն. հատկապես ս. թ. ապրիլի և մայիսի հորդառատ, շարունակական անձրևների, նորմային գերազանցող տեղումների (որոնց, ի դեպ, կառավարությունն անտեղյակ չէր) հետևանքով անձրևաջրերը թափանցել են թունաքիմիկատների գերեզմանոց, քանի որ դրա վերին (մեկուսիչ) հողաշերտն ամբողջովին բացված է եղել, իսկ ջրահեռացման համակարգը` վնասված ու հողով լցված: Հասնելով վնասված ու բացված տարաներից դուրս եկած թունաքիմիկատներին ու դրանց մի մասը տանելով իրենց հետ` առատ անձրևաջրերը, բնականաբար, ներծծվել են հողի մեջ, թափանցել ներքև, ինչը նշանակում է, որ թունաքիմիկատները չեն կարող հասած չլինել ստորգետնյա ջրերին: Թվում է` այդ դեպքում ստորգետնյա (արտեզյան) ջրային համակարգի թունավորված լինելու փաստն արդեն պետք է հայտնաբերված լիներ, ու քանի որ այդ մասին ոչինչ չի հաղորդվում, նշանակում է թունավորում չկա: Սակայն իրականությունը բոլորովին այլ է...
«Արտեզյան ջրերի հետ կապված` մենք մոնիտորինգ չենք կատարում, բայց ուրիշ կազմակերպություն կա, որ այդ գործն անում է: Սակայն մի քիչ թույլ է այդ կազմակերպությունը, ոչ բոլոր տեղերում ունեն հորատանցքեր,- ի պատասխան տողերիս հեղինակի հարցի` ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Բաղդասար Սնգրյանը:- Իրենք նոր են կարծես թափ հավաքում, որ կարողանան անել.:
Պարզվեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի մասին է: Վերջինիս մոնիտորինգի բաժնի պետ, հիդրոերկրաբան Ալեքսանդր Գոգինյանից տեղեկացանք, որ մեր հանրապետությունը բաժանված է ավազանային կառավարման 5 տարածքի, որոնցում, ընդհանուր առմամբ, կա մոնիտորինգի 63 կետ (հորատանցք): Դրանցով մշտադիտարկումներ են արվում ամիսը 6 անգամ: Տարօրինակ է, որ մոնիտորինգի բաժնի ղեկավարն ինքը չգիտեր, թե քանի հորատանցք ունեն Արարատյան դաշտում, և Միշա անունով իր աշխատակցից ճշտելուց հետո միայն ասաց, որ դրանք մոտ 20–ն են: Ա. Գոգինյանին հարցրեցինք, թե ապրիլի և մայիսի առատ տեղումների հետևանքով անձրևաջրերն ինչպես կարող էին չհասնել արտեզյան ջրերին:
– Դրանք արտեզյան ջրերին կարող են հասնել միայն մի քանի ամիս հետո, որովհետև ապարներն ունեն ֆիլտրացիոն գործակիցներ, որոնք շատ ցածր են,– ասաց Ա. Գոգինյանը:
Այսպիսով ՀՀ բնապահպանության նախարարության և այլ պետական կառույցների այն պաշտոնյաների հայտարարությունները, թե վտանգը չեզոքացված, վերացված է, կեղծիք են կամ, «լավագույն» դեպքում, անտեղյակության հետևանք:
Ընդերքում ջուրը հոսում է տարբեր ծակոտկենություն ունեցող ապարներով, և բնականաբար դրանց ֆիլտրացիոն գործակիցները տարբեր են: Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո Ա. Գոգինյանը տեղեկացրեց, որ Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցից Արարատյան դաշտ (Արարատի մարզ) հատվածում ստորերկրյա ջրերի արագությունն օրական 15–20 մետր է: Արարատյան դաշտում արտեզյան ջրերի առաջին ճնշումային հորիզոնը, մոնիտորինգի բաժնի պետի տեղեկացմամբ, 80 մետր խորության վրա է, իսկ 2–րդ ճնշումային հորիզոնը, կապված բազալտների հետ, 120 մետր խորություն ունի:
Վերը շարադրվածից պարզ է դառնում, որ առաջնահերթ խնդիրը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից դեպի Էջմիածին և Արարատի մարզի բնակավայրեր թունաքիմիկատներն իրենց հետ տանող արտեզյան ջրերի տեղաշարժման արագությունը հաշվարկելն է, դրանց մշտադիտարկումը խստացնելը և ներկայիս 5 օրը մեկ անգամի փոխարեն ամեն օր կամ նույնիսկ օրական մի քանի անգամ կատարելն է: Թերևս ավելորդ է ասել, որ թունաքիմիկատների վտանգավոր չափաքանակների հայտնաբերման դեպքում անհապաղ պետք է զգուշացնել բնակչությանը, միաժամանակ դադարեցնել ու արգելել արտեզյան հորերից ոռոգման ջրի մատակարարումը և օգտագործումը: Իրենց տեղում չգտնվող մի շարք պաշտոնյաների անգործության, ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկելու հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները, եթե այդպիսիք լինեն, պետք է փոխհատուցել ամբողջ ծավալով:
Սեպտեմբեր 27, 2010
