

«ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն մտադիր է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բանեցված կապարաթթվային մարտկոցներ ու մետաղական թափոններ վերամշակել: 2022թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանի շենքում տեղի կունենա ընկերության կողմից փորձաքննության ներկայացված աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումը:
Ընկերության ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ ներկա պահին տարածքում առկա է հիմնական արտադրական մասնաշենք և մի քանի օժանդակ շինություններ։ Նախատեսվում է տեղամասը կահավորել նոսր էլեկտրոլիտի չեզոքացման հանգույցով, որը բաղկացած կլինի թթվակայուն երկու բաքերից, կրի պահեստից և լուծույթի թթվայնությունը չափող սարքերից։
«ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն նախատեսում է հավաքել միայն կապարաթթվային մարտկոցներ: Դրանք հիմնականում օգտագործվում են ավտոմեքենաներում։ Կապարթթվային մարտկոցների թափոնների և այլ հումքից ակնկալվող կապարի վերամշակման պլանային արտադրողականությունը տարեկան կկազմի 1980 տոննա։ Անմիջապես մարտկոցների քանակը կտատանվի տարեկան 2100-2200 տոննայի սահմաններում։
Ըստ ընկերության՝ բնապահպանական և սոցիալական հիմնական ռիսկերը կապված կլինեն բանեցրած մարտկոցների բաղադրության (մարտկոցները կարող են պարունակել էլեկտրոլիտի մնացորդներ /ծծմբական թթու/, մետաղական կապար և կապարի միացություններ), գունավոր մետաղների թափոնների աշխատելու անհրաժեշտության, բարձր ջերմաստիճանների պայմաններում իրականացվող տեխնոլոգիական գործընթացների և վնասակար նյութերի արտանետումների հետ: Ազդեցությունը մթնոլորտային օդի վրա կարող է առաջանալ բանեցրած մարտկոցներից էլեկտրոլիտի (ծծմբական թթվի) մնացորդների դատարկման և չեզոքացման, կապարի, ալյումինի և պղնձի ջարդոնի ձուլման ընթացքում։
Նշենք, որ գործարանին ամենամոտ բնակելի տունը գտնվում է ընդամենը 302 մ հեռավորության վրա:
Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ ընկերության գործունեության ընթացքում ծծմբական թթվի առավելագույն տարեկան արտանետումը կարող է կազմել տարեկան 0.026 տոննա, կախված մասնիկների արտանետումը՝ տարեկան 0.13 տոննա:
Կապար պարունակող թափոնների առավելագույն քանակը տարեկան կկազմի 2000 տոննա:
Բանեցված թթվային մարտկոցների ընդունման և առաքման համար նախապատրաստման ընթացքում կառաջանան մարտկոցներում պարունակվող էլեկտրոլիտի թափոններ: Գունավոր մետաղների թափոնների և էլեկտրոլիտի չեզոքացման արդյունքում առաջացած նստվածքի հալման արդյունքում կառաջանա խարամ, որի տարեկան առավելագույն քանակը կարող է կազմել 100 տ/տարի։ Այս թափոնը կհավաքվի արտադրական շինության առանձին հատվածում և քաղաքային կոմունալ ծառայության հետ նախատեսվող պայմանագրի հիման վրա կտեղափոխվի Արտաշատի քաղաքապետարանի կողմից հատկացված աղբավայր։ Աղբավայր է նախատեսվում տեղափոխել նաև թևքային զտիչներում որսված փոշին, որի ծավալը տարեկան կկազմի 0․67 տոննա:
Նոյեմբեր 09, 2022 at 15:20