

Սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ սահմանված արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով՝ մինչև 2023թ. հուլիսի 27-ը: ՀՀ կառավարությունը 2022թ. դեկտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշումը:
ՀՀ կառավարությունը դեռևս 2022թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 769-Ն որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով արգելք էր սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ, որը, սակայն, լրանում է 2023թ. հունվարի 26-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը: Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-հոկտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 100 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 19.7%-ով: Տեղական ջարդոնի և թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նախագծի ընդունումը կնտաստի սև և գունավոր մետաղների վերամշակման ճյուղի զարգացմանը, որի արդյունքում արտադրովող ապրանքները որոշակի մասով ներմուծումը կփոխարինեն այլ երկրներից ներկրվող նույն ապրանքներին, միևնույն ժամանակ հնարավորություն կստեղծվի արտահանել արտադրանքի մի մասը։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2023թ. հունվարի 27-ին:
Դեկտեմբեր 23, 2022 at 16:20