

Սույն թվականի փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում քննարկվել են թափոնների կառավարման թվային տեխնոլոգիաների ու հավելվածների ներդրման խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Մեծ եռյակ» ընկերության ներկայացուցիչները, Երևանի վարչական շրջանների ղեկավարներ, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուներ:
Հավելվածը հնարավորություն կտա առցանց վերահսկելու, տեղեկատվություն ստանալու աղբահանության ողջ գործընթացի վերաբերյալ՝ սկսած աղբատարների երթուղուց, աղբամանների կառավարումից մինչև աղբի տեղափոխում:
Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, օրական Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ, տարեկան միջինը՝ 600 հազար տոննա:
«Վստահաբար, բոլոր այն ծառայությունները, որոնք քաղաքապետարանը մատուցում է, կառավարման մոդելների տեսանկյունից կարիք ունեն վերանայման: Այսօր մենք քննարկում էինք աղբի կառավարման ծրագրային հավելվածների կիրառումը, որոնք իրենց հետ բերում են գործընթացների կառավարման ավելի արդյունավետություն, ինչի շնորհիվ քաղաքացիների համար, աղբի առումով, ավելի կառավարելի, ավելի լավ քաղաք ենք մենք ստանում», - նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
««Մեծ եռյակ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է թափոնների թվայնացմամբ, ըստ այդմ, կան առաջարկներ ու լուծումներ, որոնք կարելի է կիրառել Հայաստանում և ստանալ թափոնների ճիշտ կառավարում: Այսինքն` հավելվածը ներառում է հասարակ թափոնների վերահսկողությունից մինչև թափոններով բեռնված մեքենաների տեղաշարժը: Գործունեությունը դառնում է թափանցիկ, և դրա նպատակը սակագների ու սուբսիդիաների ճիշտ հաշվարկումն է, որի արդյունքում քաղաքը կլինի բնապահպանապես մաքուր»,- նշել է Ներդրումային ծրագրերի ղեկավար Գոհար Քոթանջյանը:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել աղբի տեղափոխմամբ զբաղվող տրանսպորտային ընկերությունների, թափոններն ընդունող կազմակերպությունների ամբողջ գործընթացը: Ամենակարևորը՝ քաղաքային իշխանություններն ունենում են այս ամենի ամբողջական պատկերը. ով է աղբ ստեղծողը, ով է այն տեղափոխում և որտեղ, ինչքան են դրա համար վճարում և, որ ոչ պակաս կարևոր է՝ Երևանի պատմական հարուստ անցյալ ունեցող փողոցներում չեն հայտնվի շինարարական կամ այլ բնույթի թափոններ: Այդ ամենը լիարժեքորեն վերահսկելի կլինի»,- ընդգծել է «Մեծ եռյակ» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Սեդովը:
Ըստ հաղորդագրության՝ Երևանը նաև թափոնների տեսակավորման ու վերամշակման լիարժեք գործընթաց սկսելու քայլեր է ձեռնարկում: Նպատակն աշխարհի զարգացած քաղաքների նման արդյունավետ համակարգեր ներդնելն ու մայրաքաղաքի բնահամակարգի վիճակի բարելավումն է:
«Հաջորդ փուլով քննարկելու ենք նաև աղբի վերամշակման խնդիրը, որն իր հերթին բերելու է ընդհանուր աղբի կառավարման հավելյալ արդյունավետություն: Այն ծրագիրը, որը ներկայացվեց, բավականին հետաքրքիր էր, արդեն ունի մեծ կիրառություն, և այդ ծրագիրը կամ մեկ այլ նման ծրագիր, վստահաբար, մոտ ժամանակները ներդնելու ենք Երևանում: Խելացի լուծումները Երևանին անհրաժեշտ են, և մենք հաճախ շատ գործընթացներ կառավարում ենք շատ մեխանիկորեն: Այն նոր տեխնոլոգիաները, որոնք կարող են առաջարկել, մեր կյանքը շատ ավելի են հեշտացնելու»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Փետրվար 08, 2023 at 15:23