

2023թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է Վեսթմինսթեր Ժողովրդավարության հիմնադրամի (WFD) կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ժողովրդավարական դերակատարների ներգրավվածությունն էներգետիկ քաղաքականության մեջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի մեջ ներդրումների միջոցով էներգետիկ անվտանգության բարձրացմանը, մեծացնել ՀՀ Ազգային ժողովի և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությունը կլիմայի փոփոխության և էներգետիկ քաղաքականության հարցերում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը. «Ես ուրախ եմ այսօր լինել այստեղ այս ծրագրի մեկնարկին, որը կաջակցի Հայաստանի խորհրդարանին կանաչ էներգիայի քաղաքականության մշակման գործում արդյունավետ ներգրավվմանը: Այս ծրագիրը դրական քայլ է Հայաստանում էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ համահունչ երկրի միջազգային պարտավորություններին ու Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին (ԱՍՆԳ): Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավորվել է հասնել զրոյական արտանետումների մինչև 2050 թվականը: Մեր հավակնոտ «Զուտ զրոյական ռազմավարությունը» սահմանում է Միացյալ Թագավորության տնտեսության բոլոր ոլորտների հակաածխաթթվացման և կանաչ ու կայուն ապագայի անցման քաղաքականությունը՝ օգնելով բիզնեսին և սպառողներին անցնելու մաքուր էներգիայի սպառմանը:
Հուսով եմ, որ այս ծրագիրը կօգնի բացահայտելու հետագա աշխատանքների ոլորտները կլիմայի փոփոխության և կանաչ անցման վերաբերյալ ընկալումների և օրենսդրական բացերի վերացման ուղղությամբ: Սա Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին հնարավորություն կտա տանել երկիրը դրական վերափոխումների ճանապարհով դեպի կայուն, ապահով և բարգավաճ ապագա»,- նշեց դեսպանը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշեց. «2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 227,4 միլիոն Կվտ/ժ արևային էներգիա: Դա այդ ընթացքում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի ծավալի 3%-ն է: Այդ թիվը բավական քիչ է: Սակայն եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ՝ աճն անգամներով է: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 2,8 անգամ: Դա իներցիոն բնույթով է տեղի ունենում, ինչպես նաև՝ ընդունված օրենսդրության, կարգավորումների, օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի արդյունքում: Վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ օրենքներ ենք ընդունել, որոնք վերաբերում են շուկայի ազատականացմանը, ինքնավար կայանների աշխատանքին, ազատ շուկայի հարաբերություններին ու էներգախնայողությանը: Ունենք բավական մեծ առաջընթաց»:
«Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում կլիմայի փոփոխության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
«Մենտիս Լեգալ» ընկերության տնօրեն Գաբրիել Բալայանը ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի ոլորտի օրենսդրական բացերի վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքները:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, դիմելով բանախոսին, նշեց. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն արևային էներգիայի ոլորտում մշտադիտարկումներ է իրականացնում: Մասնավորապես, «Մասրիկ -1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման ընթացքում վեր են հանվել ռիսկեր կայանը գյուղատնտեսական նշանակության հողերի վրա կառուցելու և էլեկտրոնային թափոնների օգտահանման կամ վերամշակման վերաբերյալ նորմատիվների բացակայության հետ կապված: Արդյո՞ք այս ծրագրի շրջանակներում կարող են տրվել լուծումներ, որոնք կնպաստեն նման նորմատիվների ընդունմանը, կամ կբացառեն հետագայում նման ռիսկերի կրկնմանը»: Գաբրիել Բալայանն ի պատախսան արձագանքեց, որ իրենց նպատակն ավելի քիչ է եղել, քան բարձրացված հարցերն էին. «Ավելի շատ նպատակը հասկանալն էր, թե ինչ իրավական կամ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ ոլորտի զարգացման համար: Թափոնների մասով չենք անդրադարձել, հետագա գործողությունների ընթացքում անպայման կանդրադառնանք»:
Ծրագրի ղեկավար Արմեն Սահակյանն էլ ասաց. «Ծրագիրը նոր ենք մեկնարկել: Մեզ համար շատ կարևոր է վերհանել այն բոլոր ոլորտային խնդիրները, որոնք կարող են լինել և խոչընդոտ հանդիսանալ վերականգնվող, այդ թվում՝ արևային էներգիայի զարգացման համար: Ընթացքում ոլորտային մասնագետների, կառավարության, քաղաքական ուժերի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում վեր կհանենք բոլոր հարցերը և դրանք մեր աշխատանքների տիրույթում կլինեն: Մեզ համար կարևոր է ՀԿ-ների հետ համագործակցությունը՝ իրենց ինտելեկտուալ ներդրումն այս ծրագրի հետագա զարգացման համար ունենալու տեսանկյունից»:
Հունվար 27, 2023 at 15:11