Ինչ բացթողումներ է արձանագրել ԷկոԼուրը Երևանի՝ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում

Ինչ բացթողումներ է արձանագրել ԷկոԼուրը Երևանի՝ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում

2023թ. մարտի 30-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Քաղաքացիների իրավունքը՝ ապրելու մաքուր և առողջ շրջակա միջավայրում» թեմայով կլոր սեղանը: Այն կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում՝ CEE Bankwatch Network միջազգային ցանցի աջակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, CEE Bankwatch Network միջազգային ցանցի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն իր բացման խոսքում նշեց. «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» բաղադրիչներից «էներգետիկան» ունեցել է նկատելի առաջընթաց, սակայն որոշ բաղադրիչների իրագործման հետ կապված բացահայտվել են խոչընդոտներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Երբ նշում ենք թերությունների մասին, պետք է հասկանալ՝ ինչ է հնարավոր անել, որպեսզի Երևանը դառնա իրապես կանաչ քաղաք, և վստահ լինենք, որ ապագա սերունդները կապրեն լավ պայմաններում»: 

CEE Bankwatch Network միջազգային ցանցի «Քաղաքները մարդկանց համար ռազմավարական ուղղության առաջնորդ Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթը նշեց. «Մեր առաքելությունն է վերահսկել զարգացման բանկերի գործունեությունը, պարզելու՝ արդյոք նրանց ներդրումները ծախսվում են իրենց նպատակներին համապատասխան: Մենք վերահսկում ենք այնպիսի բանկերի ներդրումները, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն: Մեր խնդիրը գումարի հոսքի վերահսկումն է: 5 տարի առաջ ՎԶԵԲ-ը սկսեց «Կանաչ քաղաք» ծրագիրը և 1 միլիարդ դոլար ներդրեց, այժմ այդ ծրագրի մեջ ներդրված է 5 միլիարդ դոլար, և այնպիսի մեծ խաղացողներ են ներգրավվել այս ծրագրում, ինչպիսիք են Համաշխարհային բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը: Երևանը առաջիններից էր, որ ներգրավվել է այս ծրագրում: Հասկանում ենք, որ առաջամարտիկները բավականաչափ մեծ խնդիրների են բախվում: Մեր փորձառությունը ցույց տվեց, որ զարգացման ծրագրերը շատ լավ են մշակված, բայց խնդիրները ծագում են ծրագրերի իրականացման փուլում: Խնդիրները գրեթե նույնն են ծրագրի մասնակից բոլոր քաղաքներում: Մենք կոչ ենք անում ՎԶԵԲ-ին, ծրագիրը ֆինանսավորող հաստատություններին և հանրությանը նմանատիպ ծրագրերում ավելի շատ տեղ հատկացնել ՀԿ-ներին, որպեսզի վերջինները կարողանան իրենց ձայնը հասանելի դարձնել: Փորձը ցույց է տվել, որ որքան թափանցիկությունն ու մասնակցության շրջանակը բարձր է, այնքան ավելի լավ են պլանավորվում և իրականացվում նման ծրագրերը»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:  

Նա նշեց, որ ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 3 ծրագիր: Դրանք են.

· 2017թ. - «ՀԷՑ-Բաշխիչ ցանցի արդիականացում» ծրագիր, որի համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 80 միլիոն դոլար վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը 200 միլիոն դոլար է:

· 2021թ. - «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի ներդրումային ծրագիր, որի համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 60 միլիոն դոլար վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը 148,400,000.00 ԱՄՆ դոլար է, ներառյալ մինչև 20,000,000 ԱՄՆ դոլար սինդիկացված:

· 2021թ. - «Երևան ավտոբուս նախագիծ»-ը, որի համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 20 միլիոն եվրո Երևանի քաղաքապետարանին: Ծրագրի ընդհանուր արժեքը 25 միլիոն եվրո է:

Վիկտորյա Բուռնազյանն անդրադարձավ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի՝ «Մթնոլորտային օդ», «էներգետիկա», «Տրանսպորտ», «Թափոն» բաղադրիչների և կանաչապատման համար նախատեսված միջնաժամկետ թիրախներին և դրանց հասնելուն միտված գործողություններին և արդյունքներին:

«Մթնոլորտային օդ» բաղադրիչի վերաբերյալ նա նշեց. «Վերջին 5 տարիների ընթացքում Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածությունն ավելացել է փոշու, ազոտի երկօքսիդի ՍԹԿ-ի գերազանցումների հաշվին:

Երևանի զարգացման 2017-2022թթ. ծրագրերի իրականացման հաշվետվություններում չկա տեղեկատվություն Երևանի օդի աղտոտման ինտեգրված մոդելի, օդի աղտոտման ինտերակտիվ առցանց քարտեզի, աղտոտիչների ինքնամշտադիտարկման տվյալների կանոնավոր ստացման մեխանիզմի մասին, որոնց ստեղծումը նախատեսված է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով:

Երևանում օդի որակի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի դիտարկումը, որ «օդի որակի ցուցանիշները գտնվում են լավ կամ բավարար միջակայքում» չի համապատասխանում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալներին:

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով «Մթնոլորտային օդ» բաղադրիչի վերաբերյալ նշված միջնաժամկետ թիրախներին Երևանը չի հասել»,- ասաց նա:

Անդրադառնալով «Էներգետիկա» բաղադրիչին՝ նա նշեց էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման մի շարք ծրագրեր, որոնք իրականացվել և իրականացվում են Երևանում: Թեպետ ոչ բոլոր ծրագրերն են առանց խոչընդոտների իրականացվել, սակայն ծրագրերի արդյունքներն ընդհանուր առմամբ վկայում են, որ էներգախնայողությունը, որպես «Կանաչ քաղաք» ծրագրի գլխավոր նպատակներից, Երևանում իրականացվում է:

«Թափոններ» բաղադրիչը ներկայացնելիս Վիկտորյա Բուռնազյանն ասաց, որ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով նախատեսված ԵՄ չափորոշիչներին համապատասխան նոր սանիտարական աղբավայր մայաքաղաքը դեռ չունի, ինչպես նաև չունի աղբի վերամշակման գործարան:

«Չնայած նրան, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է միջոցառումներ աղբի տեսակավորման և վերամշակման ուղղությամբ, սակայն այս միջոցառումները համալիր չեն և չեն ընդգրկում ողջ Երևանի տարածքը: Երևանում սկսել է ձևավորվել աղբի տեսակավորման մշակույթ»,- ասաց նա:

«Տրանսպորտ» բաղադրիչի կապակցությամբ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Երևանում դեռևս չի գործում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Երևանը ներկրում է նոր մեծ ավտոբուսներ, ինչի արդյունքում քաղաքային տրանսպորտի շարժակազմը կթարմանա շուրջ 45 տոկոսով:

Քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային տրանսպորտի զարգացման ուղղությամբ: Մայրաքաղաքում շարունակում է խնդիր մնալ ուղևորներով ծանրաբեռնված տրանսպորտը, առաջանում են խցանումներ: Հեծանիվների և էլեկտրական ինքնագլորների վարման համար չկան համապատասխան պայմաններ, վայրեր: Քաղաքացիները վարում են մայթերում և ծանրաբեռնված փողոցներում՝ առաջացնելով վթարային իրավիճակներ:

Անդրադառնալով կանաչապատման խնդրին՝ Վիկտորյա Բուռնազյանը նշեց. «Երևանի քաղաքապետարանը դեռ չի հասել «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով սահմանված թիրախին՝ 2022թ-ի դրությամբ ունենալու 8,5 քմ-ից ավելի կանաչ տարածք մեկ բնակչի  համար: Երևանը կորցրել է իր կանաչ տարածքների զգալի մասը: Այսօր չկան բավականաչափ ազատ տարածքներ լայնամասշտաբ տնկումներ իրականացնելու համար: Անտառային հողերը կառուցապատվում են, մայրաքաղաքում անտառի վերականգնումը դառնում է անհնար»:

Քննարկմանը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը ներկայացրեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նորա Մարտիրոսյանը, բնապահպանական հարցերին անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գորիկ Ավետիսյանը: Այնուհետև ծավալվեց քննարկում:

Մանրամասները՝ հաջորդիվ:

Ապրիլ 03, 2023 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր