ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ

ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ

ԱրմԻնֆո

Սողանքները շարունակում են սպառնալ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին:

«Վտանգն այն է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Մեր կարծիքով, վերջին ժամանակներս սողանքային գործընթացներն ակտիվացել են. ի հայտ են եկել ճեղքվածքներ, և չի բացառվում, որ դրանք շատանան»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:

Նրա խոսքով, սողանքային գործընթացներն ակտիվացել են այն բանից հետո, երբ գարնանը ստեղծված արտակարգ իրավիճակի վերացման նպատակով գերեզմանոցը ծածկվել է նոր հողաշերտով: Ի դեպ, AWHHE-ի մոտ հարցեր է առաջացնում նաև կատարված աշխատանքների որակը:

«Անձրևի ժամանակ գերեզմանոցի տարածքում ուժեղ տհաճ հոտ է տարածվում: Դա նշանակում է, որ այն հերմետիկ կերպով չի փակվել: Նույնիսկ գերեզմանոցի մոտ տեղակայված պահակակետն ավելի ուշ շատ ավելի ներքև է տեղափոխվել, քանի որ մարդիկ բողոքում էին, որ անհնար է շնչել»,- հաղորդել է Լ. Սիմոնյանը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գերեզմանոցում թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են:

Այս տարվա մարտին պարզվել էր, որ գերեզմանոցի վերին շերտն ամբողջովին վնասված է ինժեներական ծանր տեխնիկայի կողմից, վերին շերտում հայտնաբերված թունաքմիկատները ցրված են ողջ տարածքով, դրենաժային համակարգը դուրս է եկել շարքից, ինչի հետևանքով գերեզմանոցի տարածքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարությունը որոշել է դրա մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ։

Համապատասխան աշխատանքներ կատարելուց հետո մասնագետները հանգել են այն կարծիքին, որ ապագայում թունաքիմիկատները պետք է դուրս բերվեն գերեզմանոցի սահմաններից, իսկ հետո`ոչնչացվեն:

Հոկտեմբեր 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր