

Հայաստանում 2020թ․ տվյալներով գործում է 297 աղբանոց, որտեղ տարեկան տեղադրվում է շուրջ 700,000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Աղբանոցները շրջակա միջավայրի շարունակական աղտոտման աղբյուր են։ Աղբանոցներ ուղղվող աղբի քանակի նվազեցման գործիքներից է արտադրողների ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդնումը Հայաստանում։ Այս համակարգի ներդնումը նախատեսված է մինչև 2026թ. Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA)։
ԱԸՊ համակարգը կոնկրետ ապրանքներ արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ԱԸՊ ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար։ Այն նախատեսում է հատուկ թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում, վնասազերծում և այլ միջոցառումներ:
Նուբարաշենի աղբավայր, Երևան
Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման լիազոր մարմինն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որին տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակում:
«Ծրագրի շրջանակում մշակվել է օրենսդրական փաթեթ, որը հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և անցնում է միջգերատեսչական քննարկումներ», - էկոլուրի հետ զրույցում ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի դասախոս, թափոնների կառավարման փորձագետ և ծրագրերի ղեկավար Հարություն Ալպետյանը։
Նա նշեց, որ արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը Եվրոպայում 25-30 տարի արդեն գոյություն ունեցող քաղաքական-տնտեսական գործիք է, որի շրջանակում մի շարք ապրանքների արտադրողներ կամ ներմուծողներ պատասխանատվություն են կրում այդ ապրանքներից գոյացող թափոնների համար։ ԵՄ-ն ունի 4 թափոնների հոսք, որ պարտադիր են բոլոր ԵՄ անդամների համար։ Դրանք են փաթեթավորումը, էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների թափոնները, մարտկոցներն ու կուտակիչները և շահագործումից դուրս եկած մեքենաները։
Երևան
Հայաստանի ԱԸՊ համակարգի օրինագիծը չի մասնավորեցնում ապրանքների տեսակը։ ԱԸՊ ապրանքների ցանկը, ինչպես նաև հատուկ թափոնների գործածության (վերամշակման կամ վնասազերծման) թիրախները (նորմատիվները) հաստատվելու են ՀՀ կառավարության կողմից։ ԱԸՊ ապրանքների ցանկը ժամանակի ընթացքում կընդլայնվի, իսկ վերամշակման թիրախները պետք է աստիճանաբար աճեն։ «Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումն այն է, որ պետք է սկսել իրատեսական թիրախներով և ապրանքների ցանկով, որպեսզի փորձարկվի՝ ինչպես է աշխատում օրենսդրությունը և ընդհանուր համակարգը», - ասաց Հարություն Ալպետյանը։
Հաղարծինի աղբավայր, Տավուշ
Օրենքը պարտադրելու է, որպեսզի պատասխանատու ընկերություններն իրենց ապրանքներից գոյացած սպառողական թափոնների համար պատասխանատվություն ստանձնեն հավաքման, տեսակավորման և վերամշակման կամ վնասազերծման առումով։ «Շատերին թվում է, թե թափոնն այնպիսի արժեք ունի, որ հավաքումն ու վերամշակումը ծածկվում է իր արժեքով, բայց դա այդպես չէ։ Ոչ մի երկրում, ոչ մի տնտեսության մեջ նման բան չկա։ Եթե անգամ թափոնը շուկայական գին ունի, ապա այդ գինը երբեք չի ծածկում թափոնի հետհավաքման ու տեղափոխման և մինչև վերամշակման ծախսերը։ Եվ պետք չմոռանալ, որ մի շարք թափոններ ոչ միայն չունեն շուկայական գին, այլ դրանց էկոլոգիապես անվտանգ գործածությունը ենթադրում է ծախս, որը պահանջում է ֆինանսական միջոց։ Ո՞վ պետք է վճարի այդ գործածության համար՝ աղտոտողը, ով թափոն է ստեղծում։ Այս դեպքում թափոն ստեղծողը երկուսն են՝ արտադրողը և սպառողը։ Այդ գործածության բեռն իրենց մեջ է կիսվում», - նշեց Հարություն Ալպետյանը։
ԱԸՊ օրինագծի համաձայն՝ արտադրողները կամ ներմուծողները կարող են ստեղծել արտադրողի պատասխանատվության կազմակերպություն՝ ԱՊԿ, և խմբային ձևով իրականացնեն իրենց ԱԸՊ պարտավորությունները։ Արտադրողները պետք է վճարեն ԱՊԿ-ին ԱԸՊ ծառայության վճարներ, որը կծախսի բացառապես այդ ապրանքներից գոյացած թափոնների հավաքման և վերամշակման կամ վնասազերծման վրա։
Արջուտի աղբավայր, Լոռի
Ըստ մասնագետների հաշվարկների՝ կոշտ կենցաղային թափոններում փաթեթավորման թափոնները կազմում են 15-25%։ ԱԸՊ համակարգի ներդրման պարագայում այդքան թափոն չի գնա աղբավայր։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային թափոններին՝ Ալպետյանն ասաց․ «Շրջակա միջավայրի նախարարության՝ լիազոր մարմնի դիրքորոշումն այն է, որ էլեկտրոնային թափոնների ամբողջ ցանկից առանձնացվեն ամենակառավարելի թափոնները, և սկզբնական փուլում, օրինակ, մենք ունենանք սառնարանների կամ մեծ կենցաղային տեխնիկայի ներառում օրենսդրության մեջ։ Հետո կամաց-կամաց արդեն այլ սարքավորումներ էլ կմտնեն։ Ի վերջո, նպատակն այն է, որ ամբողջ էլեկտրոնային սարքավորումների ծավալը ներառված լինի»։
Անդրադառնալով ԱԸՊ համակարգի ներդրման խոչընդոտներին` փորձագետը նշեց, որ դրանք շատ են՝ սկսած կոռուպցիոն ռիսկերից, ԱՊԿ-ների սնանկության ռիսկերից, վերջացրած հանրային մասնակցության ռիսկերով։ «Ունենք միջազգային փորձագետներ, ովքեր մեզ շատ օգնում են, կան ներգրավված բիզնեսներ, որոնք արդեն պիլոտային ծրագրեր են անում․ առանց օրենսդրական պարտավորության արդեն իսկ միջոցներ են ներդրել և սկսել են իրենց վաճառած ապրանքներից գոյացող թափոնների հետհավաքումը և վերամշակման հանձնումը։ Այսօրվա դրությամբ ունենք լավ պատրաստվածություն, բայց, բնականաբար, ռիսկեր կան, պարզապես պետք է դրանց մեղմացման հարցը լինի առաջնահերթություն», - ասաց Հարություն Ալպետյանը։
Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Գլխավոր լուսանկարում՝ Հարություն Ալպետյանը
Հոկտեմբեր 20, 2025 at 13:09