Արջուտ բնակավայր․ հանքի ու աղբավայրի ազդակիրը

Արջուտ բնակավայր․ հանքի ու աղբավայրի ազդակիրը

Վանաձոր տանող ճանապարհի ձախ կողմի բարձունքում երևում է արջի արձանը։ Այն Արջուտ գյուղի խորհրդանիշն է։ Արջուտում մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Խնդիրներն այստեղ շատ են՝ ներհամայնքային ճանապարհների վատ վիճակ, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի խնդիր, գիշերային լուսավորության բացակայություն։ Բայց գյուղի համար առավել մտահոգիչ խնդիրներից է Արջուտում գտնվող աղբավայրը։ Այն սպասարկում է Վանաձոր և Փամբակ համայնքներին։ Աղբավայրը չի համապատասխանում որևէ սանիտարական նորմի, անընդհատ այրվում է։ Ճանապարհից մշտապես տեսանելի է աղբավայրի թունավոր ծուխը։ Արջուտի վարելահողերի շուրջ 20 հեկտարը չի մշակվում աղբավայրից աղտոտումների պատճառով։

Արջուտ բնակավայրը նաև կրում է Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունը։ 2014թ «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն 25 տարի ժամկետով ստացավ Արջուտի հանքավայրը շահագործելու թույլտվություն։ Բայց շահագործել սկսեց մի քանի տարի առաջ միայն։ Հանքավայրը զբաղեցնում է 167 հեկտար տարածք, պարունակում է 3467,4 կգ ոսկու պաշար, 20,39 տոննա՝ արծաթի և 6821 տոննա՝ պղնձի։

Հանքարդյունաբերական ենթակառուցվածքները՝ հանքը, հանքաքարի վերամշակման ֆաբրիկան, պոչանքների տեղակայման վայրը ևս ազդեցություն են գործում շրջակա միջավայրի վրա։

Տեղի բնակիչներին անհանգստացնում է աղբավայրից տարածվող հողն ու ծուխը, ինչպես նաև հանքավայրի ազդեցությունը։

«Մենք ականատես ենք լինում, որ այդ աղբավայրն ամառվա բոլոր ամիսներին այրվում է, և ծուխը տարածվում է դեպի Արջուտ գյուղ, իսկ վերևում ոսկու հանքավայրն է, գյուղն անընդհատ գտնում է փոշու և ծխի մեջ», - ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Չեխական «Առնիկա» կազմակերպության փորձագետները հայաստանյան գործընկերներ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ Արջուտում իրականացրել են շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատում։ Հավաքագրվել են փոշու և հավի ձվի փորձանմուշներ։ Հետազոտության նպատակն է պարզել աղտոտվածության մակարդակը և առաջարկել լուծումներ՝ ուղղված շրջակա միջավայրի աղտոտվածության  նվազեցմանը և մարդու առողջության պահպանմանը։ Փորձանմուշները կուսումնասիրվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում։

Տոքսիկ նյութերի փորձագետ Նիկոլա Ժելինեկը նշում է «Փոշու մեջ կարող են լինել թե՛ ծանր մետաղներ՝ հանքից, թե՛ կայուն օրգանական աղտոտիչներ՝ աղբանոցից։ Ձվերը վերցնում ենք, որպեսզի պարզենք՝ արդյոք կայուն օրգանական աղտոտիչները փոխանցվում են սննդի շղթայով։ Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց օրգանիզմում ծանր մետաղների մակարդակին, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել առողջության վրա»։

«Քաղաքացիների իրազեկվածությունը հանգեցնում է քաղաքացիների շրջանում ակտիվիստական ներուժի աճի։ Քաղաքացիները կամ կազմակերպությունները կարող են վերցնել այս հետազոտությունների արդյունքները և ուղղակիորեն դիմել իշխանություններին՝ ասելով՝ մենք ունենք այսպիսի աղտոտվածությունը, մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել»,- ասում է Ծրագրի համակարգող Գրիգորի Մալյուկովը։

Արջուտում բնակիչները սպասում են փոփոխությունների, որպեսզի ապագա սերունդներն ունենան անվտանգ և առողջ շրջակա միջավայր։

Հետազոտությունն իրականացվում է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են «Առնիկան», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ները։ Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից։

Սույն hոդվածը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։



Փետրվար 25, 2026 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր