


Էկոլուրը հրապարակել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում պատրաստված իր նոր տեսանյութը՝ «Գինին՝ Հայաստանի զբոսաշրջության այցեքարտ»։ Վերջին տարիներին Հայաստանի գինեգործությունը զարգանում է նոր թափով՝ պահպանելով ավանդույթները: Հայկական գինին իր ուրույն տեղն ունի համաշխարհային գինու քարտեզի վրա: Գինեգործությունն աստիճանաբար դառնում է Հայաստանի տնտեսության գրավիչ և առաջատար ճյուղերից մեկը։ Տարեցտարի հիմնվում են նոր խաղողի այգիներ, բացվում նոր գինեգործարաններ, համտեսի սրահներ։ Վայոց ձորի մարզը հայտնի է որպես Հայաստանի գինու ուղի, որն արդեն ունի իր գինեգործական քարտեզը։ Այս ճանապարհին վերջին տարիներին հիմնված մի շարք գինեգործական բիզնեսներ ստացել են ԼԻԼԱ ծրագրի աջակցությունը: Ծրագիրը միտված է բնահեն բիզնեսների զարգացմանը, ինչը պահպանում է տարածաշրջանի ինքնությունն ու ուժեղացնում համայնքների տնտեսական կայունությունը։ Ծրագրի շրջանակներում ստեղծված գինու համտեսի սրահները դառնում են համայնքների տնտեսական ակտիվացման խթան։
Տեսանյութում ներկայացնում ենք ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած Վայոց ձորից չորս շահառուների հաջողության պատմությունը։
Արենի-1 քարանձավային համալիրում «Արենի 1» գիտահետազոտական հիմնադրամի գործունեությունը միտված է գինեգործության ավանդույթների վերածնմանը, մարզում զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը: ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ հիմնադրամը հիմնել է գինու համտեսի սրահ ու թանգարան:
Եղեգնաձորում գտնվող «Օլդ Բրիջ» գինեգործարանը ծրագրի շնորհիվ նույնպես հիմնել է համտեսի սրահ, որը միացնում է գինեգործարանը ռեստորանի հետ՝ թույլ տալով հյուրերին գործարանում շրջայցից անմիջապես հետո տեղափոխվել այնտեղ։
Համտեսի սրահ է ստեղծվել նաև Վերնաշենում «Կրիա» գինու գործարանի տարածքում։ Այստեղ այցելուները կարող են ոչ միայն ճաշակել տեղական գինու յուրահատուկ համերն ու բույրը, այլև ծանոթանալ գինու ստեղծման պատմությանը։
Արենիում «Արենի Վայն Արտ» հյուրատունը հյուրանոցային ծառայություններ մատուցելուց բացի առաջարկում է գինու արտադրության յուրահատուկ մոտեցում։ Դառնալով ԼԻԼԱ ծրագրի շահառու՝ հյուրատունն ամբողջությամբ անցել է արևային էներգիայի օգտագործման, վերազինվել, դարձել ավելի հարմարավետ գինեսերների համար։ Ծրագրին մասնակցությունը ոչ միայն բարելավել է հյուրատան պայմանները, այլև՝ նպաստել համայնքի զարգացմանը:
Ծրագրի շահառուները մասնակցել են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների գինեգործության և զբոսաշրջության վերաբերյալ:
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Հուլիս 15, 2025 at 15:45
