


Էկոլուրը հրապարակել է նոր տեսանյութ՝ «Ճամփորդություն համերի աշխարհում Գաստրոզբոսաշրջությունը Հայաստանում»։ Այն պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում։ Տեսանյութի հերոսները ԼԻԼԱ ծրագրի շահառուներն են, ովքեր փորձում են նոր շունչ հաղորդել հայաստանյան գաստրոզբոսաշրջության ոլորտին։ Նրանք ապրում են մարզերում, աշխատում են համայնքներում, ներդրումներ կատարում իրենց բնակավայրերում՝ փորձելով հայ և օտարազգի զբոսաշրջիկների համար բացահայտել Հայաստանի խոհանոցի բոլոր համերը։
Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրում Նորիկ Մկրտչյանը հիմնել է «Նոր տուրս» գաաստրոբակը։ Այստեղ այցելուները համտեսում են տնական գինի, սեզոնային ուտեստներ, մուրաբաներ, տեղական խոտաբույսերով պատրաստված թեյեր, մասնակցում են պանիր հորելու և օղի թորելու վարպետաց դասերի:
Գլաձորի հարևանությամբ՝ Վերնաշեն բնակավայրում Էդգար Բեգլարյանն իր ընտանիքի հետ միասին հիմնել են «Փունջ» պահածոների գործարանը, իսկ ծրագրի օժանդակությամբ ստեղծված համտեսի սրահում իրենց հյուրերը համտեսում են ընկերության արտադրանքն ու յուրահատուկ գաստրոնոմիական փորձառության մասնակից դառնում։
Ելփինում «Արտչիզ» պանրի արտադրամասի հիմնադիր Արթուր Նազարյանը նույնպես համտեսի սրահ է բացել, որտեղ առաջարկում է պանրի 12 տեսակներ, յուրահատուկ միջավայր ու հայկական հյուրասիրություն։
Արենիում մեր պատմության հերոսը կին է՝ Մարիամ Սիմոնյանը։ Նա ծրագրի օգնությամբ կյանքի է կոչել սեփական խոհանոցն ունենալու և զբոսաշրջիկներին ավանդական հայկական ուտեստներ հյուրասիրելու վաղեմի երազանքը։ «Շերամ»-ում առաջարկում են երբեմնի մոռացված բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ ու խորտիկներ։
Հաճախ մեր հերոսներին օգնության են գալիս հայկական ազգային խոհանոցի մասին վերջերս հրատարակված գրքերը, որոնք ներկայացնում են Տավուշի, Լոռու և Վայոց ձորի մարզերի ավանդական ուտեստները։ Գրքերի բաղադրատոմսերի հավաքչությունն իրականացվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից։
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Հուլիս 10, 2025 at 10:46
