


Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Կանայք, ովքեր փոխում են Հայաստանը» տեսանյութը, որը ներկայացնում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի կին շահառուներին։ Նրանք իրենց օրինակով ցուցադրում են, թե ինչպես է հնարավոր համայնքում փոփոխություններ անել և նպաստել համայնքի զարգացմանը։
Այս տեսանյութը պատմում է կանանց մասին, ովքեր ոչ միայն պայքարում են կարծրատիպերի դեմ, այլև՝ վերափոխում են Հայաստանի բնակավայրերը։ Նրանք ստեղծում են բիզնեսներ, զարգացնում զբոսաշրջությունը, վերակենդանացնում հին ավանդույթները և առաջնորդում համայնքները դեպի կանաչ ու կայուն ապագա։
Արուս Ներսիսյանը պահպանում է վայրի բնությունն ու առաջնորդում համայնքային կառույցը՝ «Արփա» բնապահպանական հիմնադրամը։ Տաթևիկ Գաբրիելյանն արևի համով «Կրիա» գինիներն է արտադրում Վերնաշենում։ Մարիամ Սիմոնյանը բացել է «Շերամ» ռեստորանը Արենիում, իսկ Դսեղում Մանիկ ու Մարիամ Եգանյանները թեյաբույսերի վայրի հավաքը վերափոխել են թեյի արտադրության՝ «Լոռենի» ապրանքանիշի տեսքով։
Սա պատմություն է կանանց մասին, ովքեր հավատարիմ են իրենց արմատներին ու անցյալին, բայց քայլում են ապագային ընդառաջ՝ հավատալով իրենց ուժերին ու կարողություններին։
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Հուլիս 08, 2025 at 17:24
