

Էկոլուրը հրապարակում է իր նոր՝ «Հայաստանի առաջին սանիտարական աղբավայր․ թափոնների կառավարման նոր մշակույթ տեսանյութը»։
2025թ․ շահագործման հանձնվեց Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը։ Այն գտնվում է Հրազդան համայնքի վարչական տարածքում և սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին։
Աղբավայրի ներկայիս բջիջը նախկինում կավի հանք է եղել։ Այժմ այն ամբողջությամբ պատված է գեոմեմբրանային թաղանթով՝ կանխելու հողի և ստորերկրյա ջրերի աղտոտումը։ Այստեղ տեղադրված են կեղտաջրերի հավաքման համակարգ և գազերի կորզման հորեր, որոնք ապահովում են անվտանգությունը և կանխում ինքնայրումներն ու հրդեհները։
Աղբավայրը շահագործում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների կողմից հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ն։ Մոտ 15 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ:
Տեսանյութում ընկերության ղեկավարը ներկայացնում է նոր ստեղծված աղբավայրի առավելությունները, ընկերության ներկայացուցիչը խոսում է ընկերության տարածքում Կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնում թափոնների տեսակավորման դրական փորձի մասին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Փետրվար 09, 2026 at 12:04
