

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ներդրվել է սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը։ Նպատակն է բարելավել համայնքում թափոնների կառավարումը և ձևավորել տեսակավորման մշակույթ։ Շուրջ 300․000 եվրոյին համարժեք աջակցության շրջանակում Սևան համայնքին նվիրաբերվել է եվրոպական արտադրության 1680 թափոնաման և մեկ թափոնատար մեքենա։ Թափոնների տեսակավորման համակարգը ներդրվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը։ Թափոնների տեսակավորված հավաքումն իրականացնում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրը։ Այս աղբավայրը սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքները։
«Աղբը հիմա ավելի հաճախ են տանում, չի կուտակվում։ Մենք արդեն գիտենք, եթե մի տեղ կուտակված աղբ կա, անմիջապես զանգահարում ենք օպերատորին, և կես ժամվա ընթացքում այդ աղբը տեղափոխվում է։ Նոր մշակույթ է ձևավորվել մեզ մոտ, որ պետք է աղբը տեսակավորվի, ժամանակին հեռացվի», - Էկոլուրի հետ զրույցում ասաց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը։
Նա կարևորեց բնակչության շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորումը, որում մեծ դեր ունեն իրազեկման արշավները։ Սևանում իրազեկման արշավ է իրականացրել «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի աջակցությամբ։ «Շատ բան է փոխվել, հույս ունեմ՝ հին սովորույթները չեն վերադառնա», - նշեց Սաթիկ Բադեյանը։
Նա կարևորեց «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների արտադրողների և ներմուծողների կողմից թափոնների որոշ տեսակների հետագա պարտադիր անվտանգ գործածության ապահովման համակարգ։
«Ինձ համար շատ սպասված օրինագիծ է։ Զարգացած եվրոպական երկրների փորձը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է, երբ աղտոտողը հենց ինքն է վճարում թափոնի էկոլոգիական կառավարման համար։ Մեր երկրում էլ վաղուց կա կարիքը նման համակարգ ներդնելու։ Երբ մարդիկ ոչ մի բանի համար չեն վճարում, դա բերում է նրան, որ իրենք ընդամենը սպառող են և սպառողական վարքագիծ են դրսևորում՝ իրենց հետևից թողնելով և կուտակելով աղբը։ Բայց մարդը կարող է փոխել իր վարքագիծը և անում է դա այն դեպքում, երբ դա ինչ-որ կերպ ազդում է իր գրպանի վրա։ Խոսվում է, որ, ի վերջո, վերջնական վճարողը սպառողն է լինելու, որովհետև արտադրողները, երբ սկսեն վճարել թափոնի համար, հնարավոր է, որ այդ գինը ներառեն ապրանքի ինքնարժեքի մեջ։ Բայց ես սա նորմալ եմ համարում։ Այս դեպքում մարդիկ նաև կսկսեն քիչ գնել, և մենք գործ կունենանք թափոնների կառավարման ամենաառաջին՝ ամենավերևի մակարդակի հետ, երբ նախևառաջ կանխվելու է թափոնի առաջացումը։ Դրանից հետո էլ արդեն կմտածեն՝ ոնց անեն, որ թափոնները վերօգտագործվեն, վերամշակվեն և հնարավորինս քիչ քանակությամբ հասնեն աղբավայր», - ասաց Սաթիկ Բադեյանը։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մայիս 29, 2026 at 12:38
