

Հայաստանում թափոնների կառավարման ոլորտը կանգնած է կարևոր փոփոխությունների շեմին։ Այդ փոփոխությունները նախատեսվում են արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմամբ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) տեխնիկական աջակցությամբ մշակել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրինագիծը։
Արդեն պատրաստ է օրինագծի կարգավորման ազդեցության գնահատման փաթեթը, տնտեսական ազդեցության գնահատումը։ Շուտով այն միջգերատեսչական շրջանառության մեջ է մտնելու։ Այս մասին Էկոլուրի հետ զրույցում ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը:
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը նախատեսում է, որ որոշակի ապրանքներ արտադրողներ և ներմուծողներ պատասխանատվություն կստանձնեն այդ ապրանքների օգտագործումից առաջացող թափոնների անվտանգ գործածության համար:
Խոսքն այն ապրանքների մասին է, որոնց օգտագործման արդյունքում առաջանում են ապակե, թղթե, պլաստիկ, մետաղե փաթեթավորման և փաթեթվածքի թափոններ, շահագործումից դուրս եկած առաջնային մարտկոցներ և կուտակիչներ, ավտոմոբիլային անվադողեր, յուղեր, ֆիլտրեր, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոններ։
Արտադրողների և ներմուծողների կողմից վճարվող գումարներով իրականացվելու է այդ թափոնների տեսակավորումը, վերամշակումը, վերօգտագործումն ու օգտահանումը: Այս ամենի ապահովումը կիրականացնեն Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունները, կամ առանձին ընկերություններ, որոնք կստանան համապատասխան թույլտվություն՝ լիազոր մարմնի կողմից:
Հարություն Ալպետյանը նշեց, որ նույն թափոնի տեսակի համար կարող են գործել անսահմանափակ քանակի Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունները կարող են շահույթ հետապնդել. «Դրանք կլինեն առևտրային կազմակերպություններ և կգործեն մրցակցային պայմաններում, և իրենց ծառայության դիմաց վճարի չափը կկարգավորվի շուկայական օրենքներով, այսինքն, մրցակցության արդյունքում»,- ասաց Հարություն Ալպետյանը:
ԱԸՊ համակարգի ներդրման համար կարևորագույն փուլն է սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորումը, ինչի արդյունքում վերամշակողներին կմատակարարվի մաքուր թափոն, հումք, որն ավելի բարձր որակի վերամշակում կարող է անցնել, իսկ բնակչության վարքագծում կամրանա թափոնների նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք: «Թափոնների տեսակավորման ծրագրեր են իրականացվել Սևանում, Հրազդանում, Ստեփանավանում և Տաշիրում: Փորձը ցույց է տվել, որ բնակիչների շրջանում ձևավորվում է ավելի հոգատար և պատասխանատու վերաբերմունք»,- ասաց Հարություն Ալպետյանը:
Նրա խոսքով` ամբողջ շղթան՝ հավաքում, տեղափոխում, վերամշակում, գործելու է պայմանագրային սկզբունքով, ինչը թույլ կտա հետևել թափոնների քանակին և շարժին։ «Վերահսկողություն իրականացնող պետական մարմինը ստուգումներ կիրականացնի ինչպես վերամշակման գործարաններում, այնպես էլ հավաքման և տեղափոխման օպերատորների մոտ։ Որպես հավելյալ մեխանիզմ ֆինանսական աուդիտի հետ մեկտեղնախատեսվում է նաև տեխնիկական աուդիտ, որնիրականացվելու է անկախ երրորդ կազմակերպության կողմից և գնահատելու է վերամշակման իրական ծավալները», - ասում է Հարություն Ալպետյանը:
Յուրաքանչյուր թափոնատեսակի համար սահմանվելու են վերամշակման թիրախներ։ Օրինակ, PET պլաստիկի դեպքում նպատակն առաջին տարում վերամշակման 25 տոկոս ապահովելն է։ Երկարաժամկետ նպատակը հավակնոտ է՝ հասնել PET պլաստիկի 95 տոկոսի վերամշակման։ «Եթե Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը չի ապահովում սահմանված վերամշակման ծավալները, կիրառվելու են բարձր տուգանքներ: Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունները, բնականաբար, շահագրգռված կլինեն ապահովել թիրախները, և հենց դրանում է ԱԸՊ-ի՝ որպես տնտեսական գործիք լինելու իմաստը։ Այն ստեղծում է ֆինանսական միջոցներ և կարողություններ։ Այն նաև կձևավորի շուկայական պահանջարկ, կբարելավվեն թափոնների կառավարման արժեշղթաները, ներառյալ վերամշակող ընկերությունների կարողությունները: Մենք խոսում ենք վերամշակման հզորությունների կտրուկ աճի մասին», - նշեց Հարություն Ալպետյանը և հավելեց,- գլխավոր նպատակն այն է, որ այս մեխանիզմը՝ որպես համակարգ, սկսի գործել: Մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, պետք է սովորենք այս տնտեսական գործիքն արդյունավետ օգտագործել»:
Հունիս 03, 2026 at 15:12
