

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրինագծի լրամշակված տարբերակը։
Օրինագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) տեխնիկական աջակցությամբ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ և Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով»՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ։ Միաժամանակ, դեռևս 2017թ․ ապրիլի 13-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին»։
Ըստ օրինագծի հեղինակների՝ նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովելու Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում ԵՄ օրենսդրության մոտարկումը՝ մասնավորապես Եվրոպական միության համապատասխան դիրեկտիվների շրջանակներում առաջարկվող ԱԸՊ կարգավորումներին, մոդելներին, թափոնների նոր դասակարգումներին համապատասխանության ապահովումը։
Օրինագծով սահմանվել է ԱԸՊ ենթակա ապրանքների ցանկը, դրանք են՝
- գինիներ
- էթիլային սպիրտ չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս խտությամբ ըմպելիքներ, լիկյորներ և ալկոհոլային այլ խմիչքներ
- այլ ալկոհոլային խմիչքներ
- գարեջուր
- փաթեթավորված խմելու ջրեր՝ գազավորված և չգազավորված
- շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ ջրեր
- շարժիչային յուղեր
- անվադողեր
- կենցաղային էլեկտրական և էլեկտրոնային սարքեր
- մարտկոցներ
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը նախատեսում է, որ որոշակի ապրանքներ արտադրողներ և ներմուծողներ պատասխանատվություն կստանձնեն այդ ապրանքների օգտագործումից առաջացող թափոնների անվտանգ գործածության համար:
Արտադրողների և ներմուծողների կողմից վճարվող գումարներով իրականացվելու է այդ թափոնների տեսակավորումը, վերամշակումը, վերօգտագործումն ու օգտահանումը: Այս ամենի ապահովումը կիրականացնեն Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունները, կամ առանձին ընկերություններ, որոնք կստանան համապատասխան թույլտվություն՝ լիազոր մարմնի կողմից:
Փոքր տնտեսվարողների վրա ԱԸՊ համակարգի ներդրումից բխող տնտեսական ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվում է յուրաքանչյուր ապրանքի գծով սահմանել նվազագույն շեմ՝ արտադրանքի բնեղեն ծավալներով, օրինակ, գինի արտադրողների դեպքում ԱԸՊ ենթակա կլինեն տարեկան 20,000 լիտր և ավելի արտադրություն ունեցող տնտեսավորղները։ ԱԸՊ առաջարկվող շեմերն ընտրվել են այնպես, որ այս ապրանքների գծով գոյացող թափոնների առնվազն 90%-ը ներառվի ԱԸՊ համակարգում։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԸՊ ենթակա ապրանքների գծով վերջին տարիներին միջինում գոյանում է 11.6 hազար տոննա PET տեսակի պլաստիկ, ավելի քան 40 հազար տոննա ապակի, 1.7 հազար տոննա ալյումին և այլ մետաղներ, 7000 տոննա շարժիչային յուղ, 19.4 հազար տոննա անվադող, 9.8 հազար տոննա էլեկտրական և էլեկտրոնային կենցաղային իրերի թափոններ, 470 տոննա մարտկոց։
Ըստ օրինագծի հիմնավորման՝ առաջիկա երեք տարիներին առաջարկվում է սկզբնական փուլում սահմանել թափոնների պատշաճ գործածության նորմատիվներ, հետագայում աստիճանաբար ավելացման միտումով։ Օրինակ, սկզբնական փուլում ԱԸՊ ենթակա ապրանքների գծով հանրապետությունում գոյացող 11.6 հազար տոննա PET պլաստիկից արտադրողները պարտավորություն կունենան ապահովելու 25%-ի կամ 2.8 հազար տոննայի պատշաճ գործածությունը։
Թափոնների գնահատված ծավալների և առաջարկվող նորմատիվների պայմաններում տնտեսավարողների ընդհանուր ֆինանսական բեռը միջինում տարեկան լինելու է 3.2-4.2 միլիարդ դրամի սահմաններում՝ կախված թե յուրաքանչյուր թափոնի տեսակի համար գործածության ինչ տարբերակ կընտրվի։
Օրինագծի հեղինակները նշում են, որ ԱԸՊ համակարգի ձևավորման արդյունքում առաջիկա 5 տարիներին այս արժեշղթայում կներդրվի մինչև 10 մլն դոլար՝ տեսակավորման, հավաքման, տեղափոխման, վերամշակման կամ պահեստավորման հզորություններ ձևավորելու համար, կստեղծվի 320-400 աշխատատեղ, իսկ տարեկան գեներացված համախառն ավելացված արժեքը կկազմի մոտ 2.3-3 միլիարդ դրամ։
Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել լիցենզիայի տրամադրման տարեկան տուրք ԱԸՊ խմբային և անհատական լիցենզիաների համար, համապատասխանաբար՝ 3 միլիոն դրամ և 1.2 միլիոն դրամ:
ԱԸՊ ներդրման արդյունքում ակնկալվում է, որ թափոնների արժեշղթայի խաղացողների կողմից պետական բյուջե լրացուցիչ կվճարվեն 340-420 մլն դրամի ԱԱՀ, 240-300 մլն դրամի եկամտային հարկ, 140-170 մլն դրամի շահութահարկ։ Այս համակարգը բյուջետային մուտքեր է ապահովելու նաև համայնքների համար՝ նրանց սեփականություն հանդիսացող թափոնների օգտագործման համար համայնքների (հիմնականում Երևան համայնքի) եկամուտները ԱՊԿ-ներից կազմելու է 32-42 մլն դրամ:
Իրավիճակը Հայաստանում
ՀՀ-ում ԱԸՊ ապրանքների օտարման, սպառման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոնների ծավալներն անընդհատ աճում են, և դրանց հիմնական մասը (շուրջ 95%) տեղափոխվում է երկրի ոչ սանիտարական աղբավայրեր։ Արդյունավետ տնտեսական խթանների ու ինստիտուցիոնալ մեխանիզմի բացակայության պայմաններում թափոնների առանձին տեսակները վերամշակվում կամ օգտահանվում են միայն փոքր ծավալով (վերամշակելի թափոնների ողջ ծավալի ոչ ավելի, քան 10%-ի չափով՝ համաձայն փորձագիտական գնահատականների)։ Արդյունքում, ավելանում են աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալները, ինչն իր հերթին հանգեցնում է վերամշակման ենթակա թափոնների, օրինակ՝ ապակու, թղթի, պլաստիկի, մետաղյա տարաների և փաթեթավորման (օրինակ՝ շշեր, տուփեր և այլն)՝ որպես երկրորդային հումքի տնտեսական արժեքի կորստի։ Ավելին, խառնվելով չտեսակավորված կենցաղային թափոնների հետ և աղտոտվելով սննդի մնացորդներով ու այլ նյութերով, կենցաղում օգտագործվող քիմիական, այդ թվում՝ թունավոր նյութերով, թափոնները հանրային առողջության և շրջակա միջավայրի համար դառնում են վտանգավոր։ Աղբավայրերից բացի, թափոնները հայտնվում են բնական միջավայրում և բացասական ազդեցություն ունենում շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Թեպետ որոշ համայնքներում (մոտ 5 համայնք) համայնքապետարանների կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնակի ներդրվել են վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների սկզբնաղբյուրում տեսակավորման համակարգեր, այդ համակարգերի միջոցով հավաքված և տեսակավորված թափոնները կազմում են ՀՀ-ում գոյացող վերամշակելի թափոնների ընդհանուր ծավալի չնչին մասը (ոչ ավելի քան 1%-ը)։ Բացի այդ, ներկա իրավիճակում վերամշակվում կամ այլ եղանակով գործածվում են միայն որոշակի տնտեսական արժեք ունեցող թափոնները, մինչդեռ վերամշակման կամ վնասազերծման ծախսեր ենթադրող թափոնների (օրինակ՝ կենցաղային մարտկոցներ, անվադողեր և այլ) էկոլոգիապես անվտանգ գործածությունը չի ապահովվում։
Հունիս 11, 2026 at 16:44
