

Սուսաննա Ամիրխանյանը շուրջ 6 տարի առաջ ստեղծել է «ԼԱԹԵ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը տեքստիլի թափոնին երկրորդ կյանք է տալիս՝ ստեղծելով նոր հագուստներ, մինդարներ, խաղալիքներ, նկարներ։ Որոշ քանակ էլ վերամշակում են՝ վերածելով երկրորդային տեքստիլ հումքի։ Այս աշխատանքներում ներգրավված է ավելի քան 30 կին։
«Մեր նպատակն է ցույց տալ, որ տեքստիլի թափոնը ռեսուրս է, տեքստիլի թափոնը, հին հագուստը պետք չէ դեն գցել։ Այդ ամենը կարող է դառնալ շատ գեղեցիկ արվեստի գործ կամ ինչ-որ մեկի համար ֆինանսների հնարավորություն», - նշում է Սուսաննա Ամիրխանյանը, ում բնակարանը վերածվել է տեքստիլի թափոնի հավաքագրման կետի։ Մարդիկ այստեղ բերում են հագուստ, կտոր, կոճակներ, պայուսակներ։
«Լաթե»-ն տարեկան շուրջ 2 տոննա տեքստիլ թափոն է ընդունում՝ այդպիսով կրճատելով աղբավայր ուղղվող տեքստիլ թափոնի ծավալը, որում պարունակվող արհեստական նյութերը վտանգավոր են։ Աջակցության դեպքում «Լաթեն» կարող է տարեկան 25 տոննա տեքստիլի թափոն հավաքագրել։
Այս գործունեությունն ամբողջությամբ համահունչ է շրջանաձև տնտեսությանը, և Սուսաննա Ամիրխանյանն ակնկալում է պետական մարմինների աջակցություն՝ ընդլայնելու և զարգացնելու տեքստիլի վերամշակման իր գործունեությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հուլիս 08, 2026 at 15:32
