

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան փողոցի 33/27 հասցեում, նախատեսվում է իրականացնել ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն։ Նախատեսվող գործունեության նախաձեռնողը «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն է։
Առաջին հանրային լսումը տեղի կունենա 2026թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փ. 26)։
Ըստ Karg.am բիզնես հարթակի տվյալների՝ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն գրանցվել է 2024թ. փետրվարի 2-ին։ Ընկերության բաժնետերերն են Ռուբեն Դիշդիշյանը՝ 51% բաժնեմասով, Դմիտրի Կոգանը՝ 24.5% և Ալեքսանդր Շլեյնիկովը՝ 24.5% բաժնեմասով։ Հարթակի տվյալները ստացված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։
Ըստ Karg.am-ի' ընկերության գործունեության ոլորտը տեխնիկական և արդյունաբերական նշանակության այլ մանածագործական արտադրատեսակների արտադրությունն է։
Սույն թվականի օգոստոսի 27-ին N 1283-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը բավարարեց «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառեց համապատասխան արտոնությունը։ Ընկերությունը ՀՀ կառավարություն էր դիմել 35 անուն ապրանքի ներկրման մաքասատուրքից ազատելու համար։ Հումքի և նյութերի թվում են՝ ֆենոլաալդեհիդային հիմքով խեժ, Սկզբնական ձևի էպոքսիդային խեժ, Բարձր ամրության պոլիակրիլոնիտրիլային հիմքով ածխածնային մանրաթել, արոմատիկ պոլիամինների՝ դիէթիլմեթիլբենզենդիամինի հիմքով կարծրացուցիչ, պոլիսուլֆոնի փոշի և այլն։
Ըստ որոշման հիմնավորման՝ «ՌԱՅԴԵՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն օտարերկրյա ներդրումներով կազմակերպություն է, որն ավիատիեզերական, ավտոմոբիլային և արդյունաբերական այլ նորարարական ճյուղերի համար կոմպոզիտային նյութերի՝ պրեպրեգների (prepregs) մշակման և արտադրության մեջ մասնագիտացված ինժեներատեխնոլոգիական միակ ստարտափ ընկերությունն է ՀՀ-ում։ Պրեպրեգը համարվում է տնտեսապես բարդ արտադրվող ապրանք։
Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նմանատիպ ձեռնարկությունների վերաբերյալ համացանցում առկա տեղեկատվությունը նշում է․
Նման արտադրություն բնակելի տների անմիջական հարևանությամբ հիմնել լ չի կարելի։
Սանիտարապաշտպանական գոտու պահանջը
Քիմիական և կոմպոզիտային նյութերի, մասնավորապես էպօքսիդային խեժերի և ածխածնային/ապակյա թելերի կիրառմամբ արտադրությունները դասվում են վտանգավորության բարձր դասերի։
- Ըստ սանիտարական նորմերի՝ նման գործարանների և բնակելի տների միջև պետք է լինի նվազագույնը 300-ից 500 մետր (իսկ երբեմն մինչև 1000 մետր) սանիտարապաշտպանական բուֆերային գոտի։
- Այս գոտում արգելվում է որևէ բնակելի տան, դպրոցի, մանկապարտեզի կամ հիվանդանոցի առկայություն։
Աղտոտված օդի տարածում
Անգամ ամենահզոր արդյունաբերական ֆիլտրերի առկայության դեպքում օդափոխության համակարգերից մթնոլորտ են արտանետվում ցնդող օրգանական միացությունների (VOCs) հետքեր։ Քամու միջոցով այդ տոքսիկ գոլորշիները և ածխածնային/ապակյա թելերի ամենափոքր փոշու մասնիկները կարող են հասնել բնակելի տներ՝ բնակիչների շրջանում առաջացնելով քրոնիկ հազ, ալերգիաներ և ասթմատիկ երևույթներ։
Պայթյունավտանգություն և հրդեհային ռիսկեր
Էպօքսիդային խեժերի արտադրության մեջ անվերահսկելի քիմիական ռեակցիաները (էկզոթերմիկ էֆեկտ) կարող են հանգեցնել հանկարծակի բռնկման։ Բնակելի տների մոտ նման հրդեհի բռնկումը կամ տոքսիկ ծխի տարածումն անմիջական սպառնալիք է մարդկանց կյանքի համար։
Աղմուկ
Արտադրամասի հզոր օդափոխության համակարգերը, չորացման պահարանները և սառնարանային ագրեգատներն աշխատում են շուրջօրյա և առաջացնում են ուժեղ արդյունաբերական աղմուկ ու տատանումներ, ինչը խաթարում է բնակիչների հանգիստը։
Դժվար կառավարելի և վտանգավոր թափոններ
Պրեպրեգների կտորները, խոտանված արտադրանքը և կտրոնները հանդիսանում են «ռեակտոպլաստներ»: Ի տարբերություն սովորական պլաստիկի, դրանք հնարավոր չէ պարզապես հալեցնել և նորից օգտագործել: Դրանց քայքայման ժամկետը բնության մեջ հարյուրավոր տարիներ է:
Տարաները, որոնց մեջ եղել են խեժերն ու կարծրացուցիչները, ինչպես նաև սարքավորումների լվացման համար օգտագործված քիմիական լուծիչները (օրինակ՝ ացետոն, տոլուոլ), համարվում են բարձր վտանգավորության թափոններ և սխալ ուտիլիզացման դեպքում թունավորում են հողն ու գրունտային ջրերը:
Գլխավոր լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Նոյեմբեր 04, 2026 at 21:50
