ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԹԱՓՈՆՆԵՐՆ ԵՆ

Հարություն Խաչատրյան, Կապիտալ

Տեղեկատվական տեխնոլոգիաներում հայ մասնագետները կարող են լինել միայն երկրորդ դերերում

Մեր կառավարուոթյունը տանջալիորեն փնտրում է մեր տեղն այս աշխարհում, որոնում ուղիներ, որոնք հնարավորություն կտան ռեսուրսներով աղքատ այս երկրին գոյատևել մի դարում, երբ Երկրագունդը ավելի ու ավելի է ծանրանում մարդկանցով, ու պայքարը ռեսուրսների համար` վառելիքից մինչև հումք, գնալով դաժանանալու է: Դաժանանալու է, որովհետև այդ ռեսուրսներն անվերջ չեն: Այս պայմաններում երկրի ղեկավարությունը  հռչակել է, որ իր հույսը, այսինքն` հայերիս հույսը, գիտելիքներն են: Այսինքն՝  երկիրը և ժողովուրդը կարող են գոյատևել միայն այն դեպքում, եթե ունենան գիտելիք և/կամ հմտություն ինչ-որ բան անելու և լավ անելու:

Առաջ քաշելով այս դրույթը և կարծես թե ձգտելով այն կյանքի կոչել (ընդսմին դա արվում է մեծ մասամբ ոչ այնքան հաջող, տես իմ հոդվածը, «Առավոտ», 28.10.2010թ.)` կառավարությունը (երկրի ղեկավարությո՞ւնը) անխուսափելիորեն շեշտը դնում է գործունեության այնպիսի ոլորտների վրա, ուր հայ մասնագետները կարող են լինել միայն երկրորդ դերերում, մեծ մասամբ` զարգացած երկրներում կատարված հայտագործությունների կրկնողներ և իրականացնողներ: Եթե բախտներս բերի` լավ իրականացնողներ:

Իրոք, լինի դա մեր կառավարության կողմից շատ սիրված տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, թե մեկ այլ բան` մենք դատապարտված ենք լինելու երկրորդների դերում… այն պարզ պատճառով, որ առաջին դերերում զարգացած երկրներն են, և նրանք այդ դերերը ուրիշներին չեն զիջի: Միչդեռ կա գործունեության մի ոլորտ, որը վաղը անխուսափելիորեն ծառանալու է մարդկության առջև, ու որտեղ մենք դեռ շանս ունենք առաջիննների շարքում լինելու, հետևաբար` գոյատևելու: Ես չեմ չափազանցնում, գոյության կռիվը շատ դաժան է լինելու:

Այդ ոլորտը թափոնների վերամշակումն է:

Հիմնական դրույթներ 

Մարդկության գործունեությունը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով` ՀՈՒՄՔԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ԱՂԲ: Ճիշտ է, մարդիկ ի սկզբանե հումքից արտադրում են պետքական իրեր, բայց ամեն պետքական իր հավերժական չէ և ի վերջո վերածվում է աղբի: Ասենք, մարդիկ նավթը վերամշակում-դարձնում են պոլիէթիլեն, նրանից էլ պատրաստում են պետքական իրեր, օրինակ` պոլիէթիլենի շշեր, բայց դրանք վաղ թե ուշ աղբ են դառնում, օրինակ` դեն նետված պոլիէթիլենի շշերից համաշխարհային օվկիանոսում արդեն  կղզիներ են գոյանում: Այստեղից` հետևություններ:

1. Մարդկության համար շատ կարևոր է, որ թափոնների գոնե մի մասը նորից վերածվի հումքի, ասենք՝ պոլիէթիլենային շշերից ինչ-որ բան արտադրվի:

2. Հումքով աղքատ երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այս խնդիրն ավելի հրատապ է:

3. Քանի որ թափոնների տեսակներն անթիվ-անհամար են, ապա այս ոլորտում միշտ էլ շանս կա որևէ մի չզբաղված խորշ գտնել, որևէ գործում լինել առաջատար: Մինչդեռ մենք արդեն չենք կարող առաջատար լինել ոþչ ավտոարտադրության մեջ, ոþչ տեղեկատվական տեխնոլոգիաներում (դժվար թե հայ մասնագետները հնարեն մի նոր համակարգիչ, որն ուրիշ տեղ չկա), ոþչ էլ բժշկութան մեջ:

Այնպես որ՝ արդեն վաղուց ժամանակն է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում ունենալ «Թափոնների վերամշակման ֆակուլտետ»: Գոնե ամբիոն: Իրականում կսազեր մի ամբողջ ինստիտուտ ունենալ… և գիտենալ, որ այս մասնագիտությունը աշխարհում ոչ մի տեղ չեն ուսուցանում: Այս գիտությունը նոր է ստեղծվում: Եղած այլ մասնագետները պետք է ստեղծեն ու միշտ պատրաստ լինեն մրցակցության օտարների կողմից:
Մենք արդեն իսկ ներմուծում ենք համապատասխան տեխնոլոգիաներ, օրինակ` գոմաղբից կամ աղբից էներգիայի ստացման համար: Աշխարհը տեղում չի կանգնում: Բայց, դարձյալ, սա այն ոլորտն է, որտեղ հնարավոր է նաև լինել առաջատար:

Մի քանի գաղափար

Ստորև բերված է մի քանի գաղափար, թե թափոնների վրամշակման ինչ ուղղություններ կարող են գոյություն ունենալ, հետևաբար՝ զարգանալ Հայաստանում: Ինչ խոսք, թափոնների վերամշակմամբ արդեն իսկ շատերն են զբաղվում աշխարհում,  և հնարավոր է, որ այստեղ նշված ուղղությունններով էլ արդեն գործ արվում է: Տողերիս հեղինակը նյութագիտության, առավել ևս՝ թափոնների մասնագետ չէ: Բայց կրկնում եմ` ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԳՅՈՒՏԵՐԻ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ: Այնպես որ.

1. Առաջինը, ինչի մասին արժե մտածել, պոլիէթիլենի օգտագործումն է, շատ ցանկալի է` նրա ԴԵՊՈԼԻՄԵՐԱՑՈՒՄԸ: Քիմիկոսները կասեն` դա հնարավոր չէ, բայց հայտնի է, որ աշխարհում անհնար քիմիական ռեակցիաներ չկան, կան միայն շատ դանդաղ ռեակցիաներ: Գուցե հնարավոր է գտնել այդ ռեակցիան (պոլիէթիլենի դեպոլիմերացումը) արագացնող կատալիզատոր (իսկ գուցեև այն արդեն գտնված է, չգիտեմ, բայց կարելի է` մենք էլ փորձենք): Հնարավոր արդյունքն է կերոսինի նման մի հեղուկի ստացումը պոլիէթիլենից ու ուրիշ պոլիմերներից: Պատկերացնո՞ւմ եք, պոլիէթիլենային շշերից, այսինքն`աղբից, ստացվում է վառելիք:

2. Նյութերի կորզումը խառնուրդներից, ասենք` կերակրի աղի ստացում ծովի ջրից, որտեղ նրանից բացի շատ ուրիշ աղեր էլ կան: Լավ խնդիր է մանրէաբանի համար՝ գնել միկրոբ, որ ջոկի միայն այս աղը:  Նույն նպատակին է հանգում հետևյալ խնդիրը` հնարավո՞ր է արդյոք ցինկապատված թիթեղում առանձնացնել երկաթն ու ցինկը:

3. Ստանալ մետաղների նոր համաձուլվածքներ եղածների անխուսափելի խառնուրդներից:

4. Նոր շինանյութերի ստացում, մասնավորապես՝ շինանյութերի երկրորդային օգտագործման հնարավորություն:

5. Էներգիայի նոր աղբյուրների և նրա պահեստավորման նոր միջոցների հնարավորության ստեղծում:
Եվ այլն:

Հայաստանի գոյատևման խնդիր

Մեր պետության և ազգի գոյատևման նախպայմանների մասին շատ է խոսվում: Բայց վերը բերվածը, իմ կարծիքով, կարևորներից է, եթե ոչ կարևորագույնը: Սա ստուգելու համար եկեք մի պահ պատկերացնենք, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի ինչ-որ լուծում արդեն գտնված է, և մենք հաշտ ու խաղաղ ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ: Ավելին` եկեք ենթադրենք, որ Թուրքիան ինչ-որ հրաշքով համաձայնել է Հայաստանին զիջել տարածքներ մինչև Վիլսոնյան սահմանը: Ու հետո՞: Նունիսկ եթե այդ ամենը տեղի ունենա, այս հոդվածում շարադրված խնդրի` ռեսուրսների հայթայթման խնդրի հրատապությունը չի նվազի: Սա համամոլորակային խնդիր է, ու նրանից ոչ ոք չի խուսափի:

Այնպես որ՝ ժամանակն է, որ մեր կառավությունը և/կամ մեծահարուստները մտածեն թափոնների վերամշակման համար միջոցներ հատկացնելու, այս գործը Հայաստանում հիմնադրելու մասին: Արդյունքը կարող է լինել շատ տարիներ հետո, բայց դա ապագայում գոյատևելու խնդիր է: Հաջողության դեպքում տեղ կգրավենք աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների շարքում…, հակառակը Բանգլադեշի պես երկրներն են:

Իսկ եթե անմիջական արդյունք էլ չունենանք ավարտուն տեխնոլոգիաների տեսքով, ապա գոնե կունենանք նույնը, ինչ ունենք, օրինակ, բժշկության ասպարեզում: Կունենանք ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ, որոնք գոնե կհասկանան, թե ինչ է առաջարկվում առաջավոր համաշխարհային փորձից, ու ինչպես կարելի է դա անել Հայաստանում:

Դեկտեմբեր 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր