

Aysor.am
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և լեհական «Էկոտեխ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում թունաքիմիկատների և պեստիցիդների գերեզմանոցների հետազոտման, ուսումնասիրության համար:
Նշենք, որ նախատեսվում է Նուբարաշենում` թունաքիմիկատների գերեզմանոցից ոչ հեռու, կառուցել վերամշակման գործարան, որտեղ նաև կիրացվեն ժամկետանց դեղերը: Գործարանը, ըստ նախնական տվյալների, կառուցելու է հայկական «Էկոպրոտեկտ» կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ երբ սկսվեց շրջանառվել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը, բնապահպանները նշում էին` լավ կլինի, որ թունաքիմիկատները ոչնչացվեն երկրից դուրս, քանի որ վերամշակման ընթացքում մթնոլորտ նետված նյութերը ևս վտանգավոր են` հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար:
Aysor-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ լավ կլիներ, եթե թունաքիմիկատները երկրից դուրս տարվեին, սակայն այսօր դա էլ խնդիր է:
Ըստ նրա, եթե, այնուամենայնիվ, ընտրվել է գործարանը Հայաստանում կառուցելու տարբերակը, ապա լավ կլինի, որ այն կառուցվի քաղաքից դուրս:
«Էկոպրոտեկտ» կազմակերպության տնօրեն Ստեփան Ախոյանը Aysor-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումներ են իրականացվել, և որոշվել է գործարանը կառուցել հենց Նուբարաշենում:
Ըստ Ս. Ախոյանի` Նուբարաշենում գործարանի կառուցումը նպատակահարմար է, քանի որ թունաքիմիկատների գերեզմանոցը մոտիկ է, թունավոր նյութերը տեղափոխելու հարկ չի լինի:
Նշենք, որ որոշվել է նախ և առաջ վերամշակել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը, քանի որ այն գտնվում է սողանքային գոտում:
Ստեփան Ախոյանը, չբացառելով արտանետումների խնդիրը, նշեց, որ պետք է փորձաքննություններ իրականացվեն, որպեսզի գործարանի կառուցումից հետո վնաս չհասցվի շրջակա միջավայրին:
«Արտանետումները չպետք է գերազանցեն եվրոպական նորմերը»,- շեշտեց Ս. Ախոյանը:
Թունաքիմիկատների վերամշակման գործարանի անվտանգության մասին խոսեց նաև բնապահպան Կ. Դանիելյանը և շեշտեց, որ կան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է անվտանգ վերամշակում իրականացնել, սական այդ տեխնոլոգիաները թանկ արժեն:
«Արդյոք այնպիսի տեխնոլոգիա են բերե՞լ, որի դեպքում արտանետումները նվազագույն կլինեն. այդ դեպքում` մենք խոսելու տեղ չունենք: Իհարկե, դրա հավանականությունն այդքան բարձր չէ»,- շեշտեց բնապահպանը:
Դեկտեմբեր 22, 2010
