

Tert.am
Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիր կիրականացվի։ Այս մասին համաձայնագիրը կնքվեց մատի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և «Էկո ինջիներինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանի միջև։
Սկզբնական շրջանում նախագիծն իրականացվելու է Երևանում, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են ջրավազանների մոտակայքում և որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ։ Նախատեսվում է հետագայում ծրագիրը կյանքի կոչել Հայաստանի մյուս բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 540 հազար ԱՄՆ դոլար է։ Գումարի 80 տոկոսը կհատկացնի ԱՄՆ ՄԶԳ-ն, 20 տոկոսը՝ ՄԱԶԾ-ն։
«Ես 2 տարի է՝ այստեղ եմ, տեսնում եմ գեղեցիկ սարեր, ձորեր և տեսնում եմ, որ այսքան աղբ կա Հայաստանում։ Մենք փոքր քայլերով պետք է մաքրենք Հայաստանի միջավայրը»,- ասաց Չիմանը։ Ըստ նրա՝ նախագիծը կօգնի նաև մարզերում աշխատատեղերի ստեղծմանը և փոքր ձեռնարկությունների զարգացմանը, ինչը կնպաստի երկրի տնտեսական աճին։ Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։
Մարտ 18, 2011
