

Aysor.am
Նուբարաշենի աղբավայրում ճապոնական «Շիմիցու» կորպորացիան գրեթե ավարտել է հողածածկման աշխատանքները: Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, համաձայն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի և կորպորացիայի միջև կնքված համաձայնագրի` ճապոնացիները միաժամանակ փորում են հորատանցքեր, որոնցում տեղադրում են մետաղական խողովակները, ապա մղիչների միջոցով գազերը հանվելու են, և հատուկ նախատեսված ծխնելույզում վառվելու: Համապատասխան քանակությամբ գազի առկայության դեպքում հետագայում կտեղադրվի հատուկ վերամշակող համակարգ:
«Սա առաջին փուլն է: Կհաշվարկվի որքան գազ է դուրս գալիս: Քանի որ ռիսկերը շատ են, համաձայնագիրը ստորագրվել է միայն առաջին փուլի համար»,- ասաց Գ. Խաչատրյանը: Նրա խոսքերով, առաջին փուլը կտևի մինչև այս տարեվերջ:
Նշենք, որ նախագծի ընդհանուր արժեքն 5,5 միլիոն դոլար է:
Հուլիս 06, 2009
