ՔՍԱՆՅՈԹ ՏԱՐԻ Է՝ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՊԱՏԻՆ

ՔՍԱՆՅՈԹ ՏԱՐԻ Է՝ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՊԱՏԻՆ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Էրեբունու տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը հնարավոր է` այս տարի լուծվի: Կառավարությունը որոշել է թունաքիմիկատների գերեզմանոցի նյութերն «արտահանել» Հայաստանից եւ ոչնչացնել դրսում: Որպեսզի գաղափարն իրականանա, հասկանալի է, որ լուրջ գումարներ պետք է ներդրվեն: Անհրաժեշտ գումարի չափը պաշտոնապես արդեն հայտնի է` 3 միլիոն եվրո, հայտնի է նաեւ, որ երկու աղբյուրների միջոցով այդ գումարը պետք է գոյանա`պետության եւ միջազգային դոնորների, բայց թե գումարի որ մասն ով պետք է վճարի, դեռ հայտնի չէ:

Արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Սերգեյ Ազարյանը «Հայքին»  փոխանցեց, որ առաջիկա երկու ամիսներին գումարների հարցը վերջնականապես  կհստակեցվի: «Հարցի լուծումը կախված է գումարից, առաջիկա երկու ամսվա մեջ հստակ կլինի, գումարը կա,  թե` ոչ,  եւ եթե կա, ըստ այդմ, կորոշվի ինչ տարբերակ ընտրել»,-ասաց Սերգեյ Ազարյանը: Թե ինչ միջազգային դոնորներ են պարտրաստ ֆինանսավորել այս ծրագիրը, պարզ չդարձավ: Պարոն Ազարյանը նշեց միայն, որ բնապահպանության նախարարությունն է դիմել կազմակերպություններին: Որքան հասկացանք, նույնիսկ գումարի ինչ-որ մաս ստացվել է, սակայն այդ գումարը ստացվել է առհասարակ թունաքիմիկատների ոչնչացման համար, հիմա դեռ պետք է ճշտվի, որքանն է այս տարածքին տրվելու:  Նշենք, որ առաջիկա ամիներին նախատեսվում է նաեւ` արտասահմանյան փորձագետներ են գալու, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն, թե ինչ մեթոդով հանեն թունաքիմիկատները որպեսզի անվտանգ լինի: Մեր հարցին, թե  արդյոք թունաքիմկատների գերեզմանոցը տեղաշարժվել է, թե`ոչ, Սերգեյ Ազարյանը պատասխանեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենց այցելության ժամանակ որեւէ տեղաշարժ չեն նկատել:

Երկրաբան Ռոբերտ Յադոյանն էլ, որը ժամանակին ընդգրկված էր թունաքիմիկատների գերեզմանոցի հակասողանքային միջոցառումներում, նույն հարցի առնչությամբ ասաց, որ իր վերջին այցելության ժամանակ չի նկատել տարածքի փոփոխություն, բայց նշեց, որ սողանքները հանրապետությունում առհասարակ ավելի են ակտիվացել: Ի դեպ, նա այն տեսության կողմնակիցն է, որ թունաքիմիկատները կարելի է եւ վնասազերծել տեղում, հարկավոր է պարզապես սողանքն ամրացնել: Այս տեսակետին, սակայն, շատերը չէ, որ համաձայն են, այնպես որ որոշվել է երկրից հանել թունաքիմիկատները եւ այրման միջոցով վերացնել: Թե որ երկրին կվստահվի գործը, դեռ հայտնի չէ, շրջանառվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի անունները:

Թունաքիմիկատների գերեզմանոցի մասին խոսվում  է արդեն մոտ ութ տարի: Գերեզմանոցը գոյություն ունի  1982թ.: Այստեղ թաղվել է մոտ 500 տոննա ժամկետնանց տարբեր տեսակի, վտագավոր գյուղատնտեսական քիմիկատներ, մասնավորապես ԴԴՏ տեսակի թունաքիմիկատն է գգերակշռում: Այս տարածքի հետ կապված հիմնական մտահոգությունն այն է, որ ժամանակին, երբ թունաքիմիկատները պահվել են այստեղ, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ տարածքը սողանքային գոտում է գտնվում, եւ վտանգը կրկնապատվում է: Այս թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի մասին դեռ 2001թ. սկսեց ահազանգել «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հկ-ն: Մասնագետների հիմնական մտահոգությունն այն էր, որ  տարածքից սողանքի պատճառով կարող է թունաքիմիկատների արտահոսք լինի, ինչն անմիջականորեն վտանգում է հարակից բնակավայրերի (Էրեբունի,  Վարդաշեն)  բնակչության առողջությունը: Հետագա փոքր ուսումնասիրությունը թեեւ ցույց տվեց, որ առայժմ շրջակա միջավայրը չի տուժել թունաքիմիկատներից, սակայն վտանգը, մասնագետների կարծիքով, դեռ առկա է, հատկապես որ իր նախնական դիրքից գերեզմանոցը 10մ տեղաշարժվել էր:

Հասարակական կազմակերպության ջանքերից հետո  2004թ. սկսեցին  հակասողանքային միջոցառումներ ձեռնարկվել, այնուհետեւ մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծվեց, բայց խնդիրն իրականում այդպես էլ չլուծվեց: Հայաստանում մի տեսակ բարի  ավանդույթ է դարձել, որ մինչեւ խնդիրը լուծվի, մի քանի տարի շարունակ խոսվում է: Հուսանք, որ այս դեպքը հայտնի շարքից չէ, եւ գոնե այս տարի թունաքիմիկատների խնդիրը կդադրի մնալ բնապահպանների ուշադրության կենտրոնում:

Հուլիս 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր