Էդգար Ամիրխանյան, «Անկախ» շաբաթաթերթ
«Ավարայր» տուրիստական ընկերության ղեկավար Արկադի Սահակյանի համար այսօր գերխնդիր է դարձել ոչ թե գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր գտնելը, այլ փորձել զբոսաշրջիկների աչքից թաքցնել գեղատեսիլ լանջերի, գետերի և նույնիսկ պետության կողմից պահպանվող արգելոցների աղբը:
«Ամբողջ Հայաստանն աղբանոց է դարձել,- ասաց նա: - Մենք վարժվել ենք սրան, և սա մեզ դուր չի գալիս: Բայց եթե հյուրեր ունենայիք ձեր տանը, և ողջ հատակը ծածկված լիներ աղբով, դուք անհարմար չէի՞ք զգա»:
Եկեք ընդունենք. Հայաստանը գեղեցիկ երկիր է, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը օրեցօր մեծացող աղբակույտի ներքո: Հայերն ամեն տարի 1,05 միլիոն տոննա (այո´, միլիոն տոննա) աղբ են նետում այդ նպատակով չառանձնացված, չմշակվող աղբանոցներում կամ մոտակա ձորերը: Դա նշանակում է 350 կիլոգրամ աղբ յուրաքանչյուր շնչին, ինչպես հաշվարկել են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ մասնագետները:
Սա ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր. 70 տարբեր վտանգավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել ամեն ինչ` քաղցկեղից մինչև ասթմա, արտանետվում են օդի մեջ, երբ աղբը, հատկապես պլաստմասսայե իրերը, այրվում են: Այնպիսի վտանգավոր թափոնների թաղումը, ինչպիսին է արգելված ԴԴՏ թունաքիմիկատը, իրականում նշանակում է, որ այս նյութը ներթափանցում է մեր ջրի պաշարների, ընտանի կենդանիների ու մեր սեփական օրգանիզմների մեջ: Երկրի պաշտոնական աղբանոցներից և ոչ մեկը` ոչ Նուբարաշենինը և ոչ էլ Աջափնյակինը, չունեն թափոնները վերամշակելու որևէ մեխանիզմ:
«Ոչ մի աղբանոց չի համապատասխանում սանիտարական նվազագույն պահանջներին: Այստեղ նրանք պարզապես լցնում են աղբը և կարծում, թե գործն արված է»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ, բժշկուհի Լիլիկ Սիմոնյանը, որը կատարել է մի շարք ուսումնասիրություններ` հետազոտելով աղբահանության և թափոնների այրման սխալ մեթոդների ազդեցությունը մարդու առողջության վրա:
Ըստ Սիմոնյանի` որպես կանոն, աղբավայրերը տեխնիկապես հագեցած չեն, չեն կատարվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի նորմալ հողածածկում: Վերամշակվող թափոնների՝ թղթի, ստվարաթղթի, պոլիէթիլենի տեսակավորումը կատարում են հիմնականում աղբ կրող բանվորները, ովքեր հետագայում դրանք հանձնում են թափոններ ընդունող ընկերություններ և գումար աշխատում: «Աղբավայրերը պետք է բետոնից պատեր ունենան կամ տեղակայված լինեն այնպիսի տարածքներում, որոնք հնարավոր է լվանալ կամ մաքրել` առանց շրջակա միջավայրը թունավորելու»,- ասում է Սիմոնյանը:
Մինչև այժմ անհնար է եղել համոզել կառավարությանը ներդրումներ կատարել կամ կառուցել կարգին աղբամշակման գործարան կամ աղբանոց: Քաղաքապետարանն է պարտավոր իրականացնել և կազմակերպել թե´ աղբահանության և թե´ աղբավայրերի շահագործման խնդիրները: Այնուամենայնիվ, էկոլոգիապես անվնաս աղբանոցի կառուցման ծախսերը հսկայական են, և շատ քաղաքներ, նույնիսկ մեծ բյուջե ունեցող Երևանի քաղաքապետարանը, ի վիճակի չեն կառուցելու իրենց համար աղբամշակման գործարան կամ պատշաճ աղբանոց:
«Մեր հնարավորությունները բավական սահմանափակ են և չեն ներում միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայր կառուցելու համար,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը: - Մեր լավագույն տարբերակը մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն են, որոնք ոչ միայն կվերամշակեն թափոնները, այլ նաև նորմալ աղբավայրեր կկառուցեն»:
Բայց կառավարության քայլերն այդ ուղղությամբ կրիայի տեմպերով են առաջ գնում: Ութ տարի տևեցին ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ բանակցությունները, որը ցանկանում էր աղբի վերամշակման գործարան կառուցել: Գործարքը վերջապես ստորագրվեց մարտին, բայց «Շիմիձուն» չի ստանձնել աղբավայրի վերակառուցման պարտավորություն, այն միայն նախատեսում է ծածկել հինը:
«Աղբավայրերի շահագործման համար մենք դեռ փորձում ենք նոր օպերատոր գտնել, ինչը, հավանաբար, կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:
Այս ոլորտում դանդաղկոտության պատճառը, բնապահպանների կարծիքով, որոշ հայ գործարարների շահերն են, որոնք չնչին գումարներով թափառաշրջիկներից գնում են իրենց անհրաժեշտ թափոնները:
«Ենթադրում եմ, որ պայմանագրի ստորագրումը որոշ գործարարների բիզնեսին էր խփում, որոնք հավաքում են պլաստմասսայե դատարկ շշերն ու օգտագործում ինչ-որ բիզնեսի մեջ,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանը: - Իսկ եթե աղբանոցը սեփականաշնորհված լինի, ապա նրանք ստիպված կլինեն վճարել աղբանոց մուտք գործելու համար»:
Մինչ կառավարությունը լուծումներ կգտնի, որոշ մասնավոր ձեռնարկություններ արդեն իսկ սկսել են գործել:
«ՊոլիՍերվ» ընկերության տնօրեն և հիմնադիր Յուրի Սահակյանն այս ոլորտում նոր մոտեցում է առաջարկում: Նա օգտագործում է հին սառնարանների, լվացքի մեքենաների, հեռախոսների և կոշիկների կրունկների պլաստմասսայե հատվածները շինանյութ պատրաստելու համար:
Սահակյանն ասում է, որ ավելի քան տասը տարվա ընթացքում Աբովյան քաղաքում հիմնադրած իր ձեռնարկությունն առաջարկում է մոտ 100 ապրանքատեսակ:
Գործարանն ամսական օգտագործում է 5-10 տոննա հումք, որի մի մասը կազմում և ստացվում է հին պլաստմասսայե իրերից: Գործարարը նաև նախատեսում է ներդնել պլաստմասսայե շշեր և փաթեթներ վերամշակելու տեխնոլոգիաներ:
«Մենք հումքը գնում ենք այն մարդկանցից, ովքեր հավաքում են դրանք աղբավայրերից կամ փողոցներից: Մեկ կիլոգրամի դիմաց վճարում եմ մեկ դոլար: Վերամշակումն օգնում է ինձ գումար խնայել, քանի որ նորմալ հումքի մեկ կիլոգրամն արժե մոտավորապես երկու դոլար»,- ասում է նա:
Օգոստոս 21, 2009
