Նաիրա Բուլղադարյան, «ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից
Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ամենուր ընկերություններ են փակվում, Վանաձորի իշխանությունները հայտարարել են Հայաստանում նախադեպը չունեցող բիզնես ծրագրի իրականացման մասին:
Մոտ 100.000 բնակիչ ունեցող Վանաձորն ընտրվել է որպես պլաստմասսայե իրերի վերամշակման գործարանի վայր` առաջինը Հայաստանում և ամբողջ Կովկասում:
«Դրանով աղբի տեսակարար կշռի մեջ կպակասեցնենք բնական ճանապարհով չքայքայվող նյութերը,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Սուրեն Կարապետյանը` հավելելով, որ գործարանում կկիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ: - Բնական ճանապարհով չոչնչացվող նյութերը, որոնք այդպես էլ մնում են հողում, կվերամշակվեն: Կունենանք նոր աշխատատեղեր, քաղաքն էլ կմաքրվի»: Նոր ձեռնարկության շնորհիվ Վանաձորում կբացվի առնվազն 20 նոր աշխատատեղ գործարանում (բացի այդ, լրացուցիչ աշխատատեղեր կբացվեն պլաստմասսայե տարաները քաղաքում հավաքելու համար):
Վանաձորի քաղաքապետարանը գերմանական «GTZ» (Գերմանական տեխնիկական համագործակցություն) կազմակերպության համագործակցությամբ նպատակ ունի ոչ միայն քաղաքն ազատել պլաստմասսայե տարաներից ու աղբից, այլև կենցաղային աղբի վերամշակումը դարձնել սովորական ու օգտակար երևույթ հայաստանյան իրականության մեջ: Ինչպես Հայաստանի մյուս քաղաքներում ու գյուղերում, Վանաձորում ևս պլաստմասսայե տարաները, այդ թվում` ցելոֆանե տոպրակները, փչացնում են բնակավայրերի պատկերը:
Քաղաքապետարանն արդեն հայտարարել է բիզնես նախագծերի մրցույթ և մինչև փետրվարի կեսը կորոշի հաղթողին: Գերմանական կազմակերպությունը 12.000 եվրոյի (4,7 միլիոն դրամ) աջակցություն ցույց կտա հաղթողին ` անհրաժեշտ սարքավորում ձեռք բերելու համար:
Քաղաքապետարանի առաջարկն արդեն քննարկվում է Վանաձորի գործարարների շրջանում, և ոմանք արդեն պատրաստվում են իրենց առաջարկները ներկայացնել տեղական իշխանություններին:
Մրցույթին պատրաստվում է «Մարմոս» ՍՊԸ տնօրեն, գործարար Ահարոն Մակարյանը (Վանաձորում գտնվող ընկերությունը զբաղվում է առևտրով, անշարժ գույքով և ինտերնետային ակումբներով):
Մակարյանի բիզնես նախագծում նշված է, թե ինչ տեխնոլոգիայով են վերամշակելու տարաներն ու դրանցից ինչ է պատրաստվելու, սակայն գործարարը գերադասում է մանրամասները գաղտնի պահել:
Նա միայն ասում է, որ տարաները սկզբում կաղան, կլվանան, հետո որոշակի խոնավության պայմաններում կչորացնեն: Ստացված հումքից կարտադրեն ոչ սննդային ապրանքներ:
«Տարաների վերամշակումը շահութաբեր չէ, շահութաբեր է դրանցից այլ իրեր արտադրելը»,- ասում է Մակարյանը:
Նա այնքան վստահ է իր ընկերության հաղթանակի մեջ, որ նույնիսկ սարքավորում է գնել ու տեղադրել իր «ապագա ձեռնարկության» տարածքում: Սարքավորումների մյուս մասն էլ նախատեսում է ձեռք բերել «GTZ»-ի խոստացած դրամաշնորհով:
Գործարարը նույնիսկ խորհրդակցել է «GTZ»-ի մասնագետների հետ վերամշակման տեխնոլոգիաների մասին: Նա հանդիպել է Վանաձորի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտի (որն արտադրում է պոլիմերային ներկեր, սոսինձներ և այլն) մասնագետներին ու քննարկել, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել վերամշակված աղբը:
«Եթե մեկ ուրիշ առաջարկ ֆինանսավորեն, ապա դժվար կարողանան գերմանական ընկերության գումարներով սարքավորում գնել: Գիտեմ, որ ոչ մի ընկերություն, մերից բացի, անհրաժեշտ սարքավորում չունի, հոսքագիծն էլ պատրաստ չէ»,- ասում է Մակարյանը` թվարկելով հաղթելու իր առավելությունները` տարաների աղացներ, լվացող և չորացնող սարքեր, տեղադրված հոսքագիծ:
Լոռու մարզի գործատուների միության նախագահ Ֆելիքս Չիլինգարյանը հավատում է Վանաձորում վերամշակման առաջին գործարանի ծրագրի հաջողությանը` հաշվի առնելով քաղաքի արդյունաբերական նվաճումներն անցյալում:
«Մի մոռացեք, որ Վանաձորը ժամանակին արդյունաբերական մեծ քաղաք էր` ոսկե ձեռքերով մասնագետներով»,- ասում է նա: Թեև նոր ձեռնարկությունը մասնագետների պակաս դժվար թե ունենա, անհրաժեշտության դեպքում դրանք կհրավիրվեն դրսից:
Քաղաքապետարանում ասում են, որ նախապատվություն են տալու այն ծրագրին, որը կլինի իրատեսական, շահութաբեր ու կմաքրի Վանաձորն ու հարակից անտառային տարածքները պլաստմասսայե աղբից:
Իշխանությունները չեն հերքում, որ Վանաձորում աղբահանություն իրականացնող 4 ընկերությունները հազիվ են քաղաքը մաքրում կենցաղային աղբից:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Լյովա Մելիքյանի կարծիքով` աղբի վերամշակման ձեռնարկության շահագործմամբ աղբահանության խնդիրը քաղաքում կդյուրանա: Միաժամանակ նա մեղադրում է բնակիչներին, որոնք, աղբարկղը դատարկ թողնելով` հաճախ աղբը թողնում են աղբարկղի հարակից տարածքներում:
Վանաձորի կենցաղային աղբի թափման վայրը` հարակից Արջուտ գյուղի ծանրաբեռնված աղբանոցը (Վանաձորից 15 կմ հեռավորության վրա), կառուցվել է 18 տարի առաջ: Այժմ օրական քաղաքից Արջուտի աղբանոց է տեղափոխվում միջինը 25 ավտոմեքենա (յուրաքանչյուրը 4 խմ ծավալով) կենցաղային աղբ, որի մոտ 20 տոկոսը պլաստմասսայե տարաներ են:
Մելիքյանի գնահատմամբ`վերամշակման ձեռնարկության գործարկմամբ 5 աղբատար պակաս կաշխատի:
Քաղաքապետարանը նախատեսում է բարձրացնել բնակչության իրազեկությունն այս հարցում` բացատրելով բնակիչներին պլաստմասսայե իրերը կենցաղային աղբից առանձնացնելու կարևորությունը: Իշխանությունները մտադիր են ապագայում տեղադրել պլաստմասսայե իրերի համար նախատեսված աղբարկղեր:
Հունիս 30, 2009
