Արդյո՞ք Արծվանիկ համայնքի տարածքը կանցնի պոչամբարի տակ, թե՞ ոչ

Արդյո՞ք Արծվանիկ համայնքի տարածքը կանցնի պոչամբարի տակ, թե՞ ոչ

ԷկոԼուր

Արծվանիկ համայնքի բնակիչները մտահոգված են Արծվանիկի պոչամբարի տարածքի ընդլայնման կապակցությամբ: Արծվանիկի պոչամբարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքի մասն է: Ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՇՄԱԳ հաշվետվություն» նախագծի՝ Արծվանիկի պոչամբարը նախատեսված է 310 միլիոն մ3 պոչանքի համար: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ պոչամբարը լցված է եղել 95 միլիոն մ3 պոչանքով: Տարեկան պոչամբար է լցվում մոտ 14 միլիոն տոննա պոչանք՝ մոտ 40 միլիոն մ3 ջրի հետ միախառնված:

Ըստ Արծվանիկի համայնքապետ Անուշավան Հարությունյանի՝ առաջին անգամ Արծվանիկ համայնքից պոչամբարի համար հող վերցվել է 1973 թվականին՝ 240 հեկտար, այնուհետև 2006 թվականին՝ 102 հեկտար: 2011 թվականին ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ ԶՊՄԿ-ի պոչամբարի համար Արծվանիկից պետք է օտարվեր 277 հա տարածք: Սակայն կառավարության այդ որոշումը ճանաչվեց ուժը կորցրած: 2015 թվականի մայիսի 21-ին ՀՀ կառավարությունը բացառիկ գերակա շահ ճանաչեց  Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ: Ամենից շատ հողատարածք պետք է օտարվի Արծվանիկ համայնքում` 274.8378 հեկտար: 

 

 «Այդպես որ շարունակական գնա, նշանակում է, որ գյուղը պետք է միայն պոչամբար դառնա: Չէ, մենք դրան դեմ ենք: Հնարավոր չի, որ մեր ապուպապերի ստեղծած գյուղը տանք կոմբինատին, ասենք՝ սարքեք պոչամբար: Էստեղ մեզ մոտ գերեզմանոցներ են, որ համարյա պոչամբարի հարակից տարածքում է, ոչ ոք իր սրբությունը չի կարող...ես չեմ էլ մտածում, որ կարող է կառավարությունը, կամ իշխանությունը, կամ Քաջարանի կոմբինատը թողնի՝ նման բան լինի, իմ գլխում դա չի տեղավորվում... Այս հարցի լուծումն այնպես պետք է արվի, որ ոչ մեզ համար վատ լինի, ոչ կոմբինատի, ոչ էլ պետության»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին գյուղացիները:

Արծվանիկ համայնքապետը նշեց, որ հողերի հարցով խորհրդակցության ժամանակ կոմբինատի ղեկավարությունը հավաստիացրել է, որ այլևս մտադիր չէ ընդլայնել պոչամբարի տարածքը. «Ես խորհրդակցության ժամանակ ասել եմ, որ ժողովուրդը մտահոգված է, իրենց այստեղ մնալ-չմնալու հարցն է: Իրենք պատասխանեցին, որ 100 տոկոս պոչամբարի ծավալը մի մետր էլ չի մեծանալու: Նույնիսկ ասացին, որ մեր տված հողերին էլ կարող է չհասնեն:  Խոսք կա, որ վերամշակման գործարան են հիմնելու: Խոսում էին, որ պետք է գործարանը մեր տարածքում լիներ, բայց հետո նախագծողներն ասեցին, որ գործարանը դնելու են այնտեղ, որտեղից այդ թափուկատարը գալիս է: Դա Աճանան գյուղի տարածքն է»:

Անուշավան Հարությունյանը նշեց, որ իր և բնակիչների համար ամենակարևոր հարցերից մեկն էլ այն է, որ ռեկուլտիվացվեն պոչամբարի չորային հատվածները, և այդ հողերը նորից վերադարձվեն բնակիչներին: «Մեր ժողովրդի համար ամենակարևորը նա է, որ պոչամբարը ծածկեն, առանց վարձի հետ տան ժողովրդին, մարդիկ օգտագործեն, իրենց հողի տերը լինեն: Սա է մեր առաջարկությունը, մեր ժողովրդի խնդրանքը», - ասաց Արծվանիկի համայնքապետը:

Հուլիս 11, 2016 at 17:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր