Արդյո՞ք սնանկ է ճանաչվել այն «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը պետությունից պատվեր է ստացել վերամշակելու պոչամբարները

Արդյո՞ք սնանկ է ճանաչվել այն «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը պետությունից պատվեր է ստացել վերամշակելու պոչամբարները

ԷկոԼուր

Արդյո՞ք սնանկ է ճանաչվել այն «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը պետությունից պատվեր է ստացել վերամշակելու պոչամբարները: Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կա հայտարարություն «Ալյոտիգ» ՍՊԸ-ի սնանկ ճանաչվելու մասին (https://www.azdarar.am/announcments/cat/46/00143198/): Իսկ նույն անունով «Ալյոտիգ» ՍՊԸ-ին կհանձնվի Սյունիքում գտնվող 3 մեծ պոչամբարների պարունակությունը վերամշակման համար՝ 2015թ-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքով:

«ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ -ին սնանկ ճանաչելու դիմումով դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0022/04/15:

«ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն հաշվառված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում և այդ պատճառով գործը քննվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հայցի պատճառը եղել է «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ի՝ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները, որոնք 25.11.2015 թվականի դրությամբ կազմել են 13 436 261 ՀՀ դրամ:

«ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

Դատարանի 08.01.2016թ. վճռով «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

Այս դատական վճռից մեկ տարի առաջ՝ 2015թ-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքը: Օրենքը նախատեսում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված թափոնները պետք է դառնան Հայաստանի Հանրապետության սեփականություն: Պետությունը դրանք կհանձնի «Ալյոտիգ» ՍՊԸ-ին՝ պոչամբարների պարունակության վերամշակման համար:

Մինչ օրենքի ընդունումը կառավարությունը 2014թ-ին հավանություն տվեց «Մտադրությունների մասին հուշագրին» վերոնշյալ պոչամբարների վերամշակման համար՝ ՀՀ կառավարության, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի, որպես ներդրողի, «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ի միջև:

Ուշադրություն դարձնենք VSEI ձեռնարկությունների խմբին, որը կատարել և կատարելու է 200 միլիոն դոլլարի ներդրումներ: Սակայն երբ վերոնշյալ օրենքն ընդունվեց, օրենքում VSEI ձեռնարկությունների խմբի մասին ընդհանրապես չնշվեց: Ընդհանուր ներդրումները 2015-2020 թվականների ընթացքում պետք է կազմեն 237,5 միլիոն դոլլար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում որոնման արդյունքում նշվում է ընդամենը մեկ «Ալյոտիգ» ՍՊԸ, որի հարկ վճարողի հաշվառման համարը՝ 08617423, և պետական գրանցման համարը` 87.110.01360, միևնույնն է, ինչ սնանկ ճանաչված «Ալյոտիգ» ՍՊԸ-ինը:

Հարց է առաջանում, արդյո՞ք պոչամբարների վերամշակման ծրագրում ներդրումներ եղել են, և ո՞վ է կատարել այդ ներդրումները և ի՞նչ չափով: Ի՞նչ գործունեություն է ծավալվել կատարված ներդրումներով: Ո՞վ է պատասխանատվություն կրում վերոնշյալ օրենքի կատարման համար, եթե հիմնական կատարողը սնանկ է ճանաչվում:

Օգոստոս 16, 2016 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր