Առաջարկվում է Հայաստանում ամբողջ աղբը կուտակել 5 սանիտարական աղբավայրերում. Նուբարաշենը բացի Երևանից կծառայի նաև 4 մարզի համար

Առաջարկվում է Հայաստանում ամբողջ աղբը կուտակել 5 սանիտարական աղբավայրերում. Նուբարաշենը բացի Երևանից կծառայի նաև 4 մարզի համար

ԷկոԼուր

Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրով առաջարկվում է հանրապետության ամբողջ աղբը կուտակել 5 սանիտարական աղբավայրերում: Նախատեսված աղբավայրերը գտնվելու են Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Երևանում և Սյունիքում: Երևանի աղբավայրը կլինի Նուբարաշենի աղբավայրի ավելի ընդլայնված տարբերակը, որում կօգտագործվի գոյություն ունեցող առկա Նուբարաշենի հողակտորը: Այն կունենա տարեկան պայմանական 300 հազար տոննա կարողություն և 20 տարվա կյանք և, բացի մայրաքաղաք Երևանից, կծառայի նաև Արմավիրին, Արարատին, Վայոց ձորին և Արագածոտնին (տես. պատկեր 1):

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամը՝ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի»  ռազմավարական էկոլոգիական գնահատման ծրագիրը: Սույն թվականի օգոստոսի 19-ին՝ Երևանի քաղաքապետարանում, տեղի ունեցավ ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը, որին մասնակցում էին պետական և հանրային սեկտորների ներկայացուցիչները, ծրագրի փորձագետները:

«Ըստ նախնական ռազմավարության պլանի՝ մենք նախատեսում ենք Հայաստանում ունենալ 5 խոշոր աղբավայր:  Մենք չենք կարող յուրաքանչյուր համայնքի համար ունենալ առանձին աղբավայր: Դա բնապահպանական, առողջապահական և վերահսկողության տեսանկյունից սխալ մոտեցում է», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ծրագրի համակարգող Տիգրան Օգանեզովը:

Թափոնների կառավարման պլանը նախատեսված է 20-30 տարվա համար: Այն ընդգրկում է 2017-ից 2036 թվականների միջև ընկած ժամանակահատվածը: Ծրագրի նախնական գնահատման հայտում ոչ մի խոսք չկա աղբի տեսակավորման և վերամշակման մասին: Առայժմ խոսքը վերաբերում է միայն աղբի կուտակմանը:

«Մենք առայժմ պատրաստել ենք նախնական զեկույց: Հիմա հանրային քննարկումների, առաջարկների, մեր փորձագետների եզրակացությունների հիման վրա պատրաստելու ենք վերջնական փաստաթուղթը: Ես չեմ կարող ասել՝ հետագայում փաստաթղթում ինչը կներառվի, ինչը չի ներառվի», - նշեց Տիգրան Օգանեզովը:

Տիգրան Օգանեզով

«Ըստ վիճակագրական հաշվառման տվյալների` ՀՀ տարածքում տարեկան առաջանում և աղբավայրեր են տեղափոխվում շուրջ 1529 հազար մ3 կամ 535,2 հազար տոննա կենցաղային աղբ, որից 57.0 %-ը (868.0 մ3) բաժին է ընկնում Երևանին: Հայաստանի Հանրապետությունում գործում են 242 օրինական աղբավայրեր, որոնք զբաղեցնում են 1344 հեկտար տարածք: Բացի այդ, գոյություն ունեն պաշտոնապես չգրանցված 196 աղբավայրեր` 171,2 հեկտար տարածքով: Ամենախոշորը Նուբարաշենի աղբավայրն է, որը զբաղեցնում է մոտ 50 հա տարածք: Միևնույն ժամանակ աղբանոցներին կից տարածքները ծայրահեղ վատ վիճակում են, դրանցից շատերը չեն համապատասխանում սանիտարական պաշտպանության գոտիների նորմերին», - նշված է ծրագրում:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի և նշված ծրագրի փորձագետ Ազգանուշ Դռնոյանի խոսքով՝ ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի Հայաստանում վերանան անօրինական աղբավայրերը: Հանրապետության ամբողջ աղբը 5 կետերում կենտրոնացնելը, ըստ փորձագետի, հնարավորություն կընձեռի իրականացնել պատշաճ վերահսկողություն և հետագա մոնիտորինգ: Չնայած նրան, որ ծրագրի նախնական հայտում հաշվի առնված չէ աղբի տեսակավորման և վերամշակման հարցը, Ազգանուշ Դռնոյանը կարծում է, որ մի քանի աղբավայրերում մեծ քանակությամբ աղբի կուտակումը  հնարավորություն կստեղծի աղբի հետագա վերամշակման համար այն առումով, որ կավելացնի ներդրումներ կատարելու գրավչությունը, քանի որ փոքր անկանոն աղբավայրերը բացառում են նման հնարավորությունը:

Ազգանուշ Դռնոյան

«Ամբողջ Հայաստանի աղբը կկուտակվի 5 սանիտարական աղբավայրերում: Նպատակն այն է, որ լինի համապատասխան թափոնների քանակ, որպեսզի հետագայում ներդրողների համար շահավետ լինի վերամշակում կատարել: Եթե վերամշակվող նյութերը միջից դուրս գան, եղածը, որը ոչ մեկին պետք չէ, գոնե նորմալ վայրում կտեղադրվի, կբացառվի ստորգետնյա, մակերևութային ջրերի աղտոտումը, կպահպանվի հեռավորությունը հատուկ պահպանվող տարածքներից, կիրականացվի նորմալ վերահսկողություն և հետագա մոնիտորինգ, իսկ այսպես ամբողջ Հայաստանն աղբավայր է», - նշեց Ազգանուշ Դռնոյանը:

Ըստ ծրագրի՝ աղբավայրերի տեղակայման վայրերը կլինեն բնակավայրերից նվազագույնը 500մ հեռավորության վրա, օդանավակայաններից՝ 15կմ: Գյուղատնտեսական հողերը և անտառները չեն օգտագործվի որպես աղբավայրեր: Նախընտրելի կհամարվեն այն տարածքները, որտեղ ստորերկրյա ջրերը կգտնվեն 2մ խորության վրա:

Նուբարաշենի աղբավայրում 4 մարզերի աղբի կուտակման վերաբերյալ բնապահպանության նախարարության փորձագետն ասաց. «Նուբարաշենի աղբավայրը նախատեսվում է ընդլայնել, բարեկարգել և համապատասխանեցնել չափորոշիչներին, որպեսզի կարողանա ընդունել այդ չորս մարզերի աղբը: Որպեսզի աղբը միանգամից չգա Նուբարաշենի աղբավայր, յուրաքանչյուր մարզում նախատեսվել են փոխադրման կայաններ, որտեղ աղբը պետք է հավաքվի»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը վստահ է, որ 5 կետերում աղբը կուտակելու տարբերակը տնտեսապես շահավետ է, բայց` չաշխատող: «Հայաստանի պայմաններում այս 5 կետի տարբերակը չի աշխատի: Այդ աղբը պետք է տեղափոխվի մեքենաներով: Ես՝ ինքս, բազմիցս ճանապարհներին տեսել եմ, որ հենց մեքենան քաղաքից դուրս է գալիս, էլ աղբավայր չի գնում, աղբը միանգամից շուռ է տալիս գետի մեջ, - ասաց Կարինե Դանիելյանը, - բացի այդ, մենք խոսում ենք կենցաղային թափոնների մասին, բայց մենք չունենք աղբավայր, որն ընդունում է արդյունաբերական թափոնները: Գործնականում դրանք խառնվում են կոմունալի հետ և մտնում են կենցաղային թափոնների աղբավայր: Այդ խնդիրը ևս լուծման կարիք ունի»:  

Կարինե Դանիելյան

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ընդհանուր 24 միլիոն եվրո /16 միլիոն եվրո վարկային և 8 միլիոն եվրո դրամաշնորհային/ միջոցներով նախատեսվում է Նուբարաշենի գործող աղբավայրի անմիջական հարևանությամբ կառուցել նոր աղբավայր: Սակայն այդ ծրագրում խոսք չկա աղբի տեսակավորման, վերամշակման և գնային քաղաքականության մեխանիզմների մասին: «Երևանում, որտեղ ամենամեծ աղբավայրն է, չկա թափոնների կառավարման հստակ ռազմավարություն: Նուբարաշենի բազմամիլիոնանոց ծրագրում չեն կիրառվում թափոնների կառավարման եվրոպական քաղաքականության սկզբունքները: Մենք պետք է մտածենք՝ ինչպես պետք է այս ռազմավարության մեջ մտցնենք թափոնների կառավարման եվրոպական ստանդարտներ», - նշեց Ինգա Զարաֆյանը:

Ինգա Զարաֆյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ԷկոԼուրին ասաց, որ առանց տեսակավորման և վերամշակման ապահովման 4 մարզերի աղբը պարզապես բերել և Երևանում կուտակելու ծրագրին քաղաքապետարանը համաձայնություն չի տա: 

Ավետ Մարտիրոսյան

«Կան նորմեր, կան միջազգային ստանդարտներ: Եթե համապատասխանի այդ նորմերին ու ստանդարտներին, գերազանց կլինի, բայց եթե պետք է աղբն այլ մարզերից տեղափոխեն Երևան, չտեսակավորեն, չկառուցեն վերամշակման գործարան, պարզապես բերեն, կուտակեն, մեկ շերտը դարձնեն երկշերտ, եռաշերտ, քառաշերտ և այլն, ոչ ոք թույլ չի տա: Քաղաքային իշխանությունները չեն հանդուրժի նման բան: Մենք ընդամենը կասենք ոչ ու կվերջանա», - ասաց Ավետ Մարտիրոսյանը:

Օգոստոս 25, 2016 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր