ԷկոԼուր
«Թեղուտի պոչամբարի ներկայիս նախագիծը միջազգային չափանիշների համեմատությամբ անընդունելի է ֆիզիկական անկայունության առումով: … Այն համարժեք չէ թե՛ բնապահպանական, թե՛ ֆիզիկական կայունության առումով»,- նշված է «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում, որը Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստել է «Սվիդիշ Ջիոլոջիքըլ Էյ-Բի» ընկերությունը «Էս-Էլ Ար Քոնսալթընթսի», «ԱՎԱԳ Սոլյուշնսի», ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի, ՀԱՀ-ի Թուրփանջյանի անվան քաղաքականության վերլուծության կենտրոնի հետ համատեղ 2016թ-ին:
Ուսումնասիրության համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատնեշի պատի անկայունության պատճառներից է համարվում, որ սեյսմիկ գոտում պոչամբարը միջազգայնորեն ընդունված բարձրացման արագությունից ավելի արագ է բարձրացվում, ինչպես նաև սխալ է ընտրված վերընթաց բարձրացման թեքությունը:
Թեղուտի պոչամբարը շահագործման է հանձնվել 2015թ-ի սկզբին «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից: Այստեղ են կուտակվում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած պոչանքները: Այն կառուցվել է Խառատանոց գետի կիրճում, որտեղ հատվեցին սաղարթախիտ անտառներ: Պոչամբարը, ըստ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի, պետք է ամբարի 173.65 միլիոն խմ պոչանք, մինչդեռ Զեկույցում նշված է, որ պոչամբարի տարողությունը 120 միլին խմ է:
Զեկույցում անընդունելի է համարվում, որ Թեղուտի պոչամբարը կառուցվել է վերընթաց բարձրացման մեթոդով սեյսմիկ գոտում:
«…Որոշ իրավական համակարգերում, որտեղ սեյսմիկ վտանգը բարձր է, վերընթաց բարձրացման նախագծի ընդունումը հիմա արգելված է օրենքով (օրինակ՝ Չիլի, Պերու): Ընդհանուր առմամբ, թափոնների տեղադրման օբյեկտների կառուցման նման մեթոդը բարենպաստ չէ միջինից բարձր ռիսկի աստիճան ունեցող պոչամբարների համար և չի ընդունվում որոշ լավ զարգացած հանքային ոլորտ ունեցող երկրների իշխանությունների կողմից (օրինակ՝ Գանա)»,- մասնավորապես նշված է զեկույցում:
Նշենք, որ Թեղուտի պոչամբարը գտնվում է 8 բալանոց սեյսմիկ գոտում:
Հատկապես վտանգի տակ են Շնող գյուղի բնակիչները: « … հարկավոր էր լուծել վտանգված բնակչության և կյանքի կորստի պոտենցիալ խնդիրները, հատկապես՝ Շնող համայնքի դեպքում, որը գտնվում է փլուզման սցենարի ստորին գոտում»:
Մյուս ռիսկը, որը բարձրաձայնվում է զեկույցում, պոչամբարի թթվային ջրերով շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների աղտոտումն է: «Չնայած պոչամբարը երեսպատված է հատակում, թերևս դա բավարար չի լինի պոչամբարի պատերից ԱԹԴ-ի (ապարաթթվային դրենաժ) հնարավոր արտահոսքը կանխելու համար: Հետևաբար ջրի արտահոսքը տեղի կունենա հովտի վերին (առանց երեսպատման) պատերից: Այս ներթափանցող ջուրը միջինից երկարաժամկետ հատվածում կարող է դառնալ թթվային, իսկ դրա վերահսկողությունը դժվար է, քանի որ դա կարող է թափանցել բնական ստորերկրյա ջրերի համակարգ նախքան կանգնեցվելը և մաքրվելը հատուկ մշակված մեղմացնող միջոցառումներով»,- նշված է զեկույցում:
Իր գործունեության կարճ ժամանակահատվածում Թեղուտի պոչամբարի արտահոսքերն արդեն իսկ մեծ վնաս են պատճառել Լոռու բնությանը, գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին: Պոչամբարի արտահոսքերով աղտոտվում է Շնող գետը, որով 2-րդ դասի մաքուր ջրի փոխարեն արդեն հոսում է 5-րդ դասի ամենավատ որակի ջուր:
Հոկտեմբեր 04, 2016 at 15:25