

ԷկոԼուր
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով թունավորված հողը չի տեղափոխվի Հրազդան քաղաքի հարևանությամբ նախատեսված պահեստարան, այլ կվնասազերծվի տեղում: Այս որոշումն ընդունեց «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի կառավարման խորհուրդը նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած Ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեի նիստում:
Հիշեցնենք, որ Ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքից 4կմ դեպի արեւելք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տնօրինման տակ գտնվող բուժմիջոցների/պաշտպանական լոգիստիկ և փոխադրման բազայի 17 հա տարածքի հիման վրա ստեղծել քիմիական վտանգավոր թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոն՝ պահեստարան, որը կծառայի որպես ապահով միջանկյալ պահոց Նուբարաշենից և Հայաստանի 24 այլ տեղամասերից բերված պեստիցիդների համար: Նախատեսվում է, որ հետագայում դրանք կարտահանվեն երկրից՝ անվտանգ եղանակով ոչնչացման համար:
Ծրագիրը դեռ մեկնարկային փուլում է և բուն ծրագրում առկա է հետազոտական մեծ բաղադրիչ, որի շրջանակում պատասխան կտրվեն բոլոր հարցերին: Ծրագրի նախագիծը օրենքով սահմանված կարգով կանցնի բնապահպանական փորձաքննություն, տեղի կունենան հանրային լսումներ:
Նոյեմբեր 08, 2016 at 14:17
