90 միլիոն եվրո է պետք Հայաստանում պատշաճ աղբահանություն իրականացնելու համար

90 միլիոն եվրո է պետք Հայաստանում պատշաճ աղբահանություն իրականացնելու համար

ԷկոԼուր

«…Հայաստանում գործում է առավել քան 450 աղբավայր: Աղբավայրերը քարտեզագրված չեն, նրանց սահմանները հստակ չեն, աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալներն ու բաղադրությունը հայտնի չեն: Աղբավայրերի մեծ մասում որևէ կառավարում չի իրականացվում, կամ իրականացվում է խիստ սահմանափակ ծավալով կամ ոչ բավարար որակով: Արդյունքում` ստեղծվել է մարդու և բնության համար անբարենապաստ միջավայր: … 2016 հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության 896 համայնքներից 489 համայնքներ (54.6%) են իրենց բյուջեներում աղբահանության գումար նախատեսել: Սակայն, հաշվի առնելով, որ աղբահանությունը, հիմնականում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության մեծ համայնքներում, աղբահանության ծառայություններից օգտվում է ՀՀ ընդհանուր բնակչության 89 տոկոսը: Այս առումով, ամենաբարվոք վիճակը Երևան քաղաքում է՝ 100%, ՀՀ Շիրակի (92.2%), Կոտայքի (87.5%) և Արարատի (87.4%) մարզերում: Աղբահանության ամենացածր տոկոսն ՀՀ Արագածոտնի մարզում է՝ 65%: … 2015 թվականին աղբահանության, սանիտարական մաքրման և աղբավայրերի շահագործման համար Հայաստանի Հանրապետությունում բյուջետավորվել է 8,8 միլիարդ դրամ…»: Այս մասին նշված է ՀՀ 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զագացման ռազմավարության մեջ, որը գործադիրը հավանության արժանացրեց սույն թվականի դեկտեմբերի 8-ին:

Ռազմավարության նպատակն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ (ԿԿԹԿ), որը տեխնիկական, ֆինանսական և բնապահապանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին:

Մինչև 2036թ-ը Ռազմավարության իրականացման արդյունքում՝
• ՀՀ ամբողջ տարածքը կսպասարկի ԵՄ չափանիշներին բավարարող ԿԿԹԿ համակարգ, որը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը:
• ԿԿԹԿ համակարգը բաղկացած կլինի ոչ ավելի քան 10 տարածաշրջանային ենթահամակարգերից և կսպասարկի Հայաստանի Հանրապետության տարածքի 100%:
• Կհավաքվի Հայաստանի Հանրապետությունում գոյացող աղբի առնվազն 95%:
• Բաժանորդները կտեսակավորեն իրենց կողմից առաջացված (գեներացրած) աղբի մինչև 20%:
• Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աղբավայրերը (եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար):
• Մասշտաբի էֆեկտի շնորհիվ, կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը:
• Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը:

Ռազմավարության իրականացումը պահանջում է առնվազն 90 միլիոն եվրո:

Դեկտեմբեր 15, 2016 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր