Էնդոկրին քայքայիչների ազդեցության ռիսկերը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար

Էնդոկրին քայքայիչների ազդեցության ռիսկերը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

2017 թ.-ի հունիսի 8-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար` նվիրված քիմիական նյութերի, մասնավորապես` հորմոնալ համակարգի խանգարումներ առաջացնող թունաքիմիկատների հիմնախնդրին: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ դրամաշնորհների» գլոբալ հիմնադրամի (Global Greengrants Fund) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պաշտպանենք կանանց առողջությունն էնդոկրին համակարգի աշխատանքը խաթարող քիմիական նյութերի ազդեցությունից» ծրագրի շրջանակում: Այդ քիմիական նյութերի մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը: Այս քիմիկատները նույնիսկ շատ փոքր չափաքանակներով կարող են արգելափակել հորմոնների աշխատանքը կամ առաջացնել հորմոնալ համակարգի խանգարումներ: Այդպիսի նյութերի վտանգավոր հատկությունների մասին առկա տեղեկատվության հասանելիությունը և դրանց օգտագործման ժամանակ առաջարկվող նախազգուշական միջոցների կիրառումը նպաստում են այդ նյութերի արտադրության, տեղափոխման, օգտագործման և ուտիլիզացիայի անվտանգության ապահովմանը: Շատ երկրներ այս ոլորտների համար արդեն ունեն կարգավորող համակարգեր: 2002 թ.-ին միջազգային հանրությունն ընդունել է քիմիական նյութերի դասակարգման և պիտակավորման վերաբերյալ գլոբալ ներդաշնակեցված համակարգը: Իր ելույթում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը սեմինարի մասնակիցներին ծանոթացրեց այդ համակարգի բովանդակությանը և նշեց ազգային օրենսդրությունում այդ համակարգի ներդրման նպատակահարմարությունը, որը կնվազեցնի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա այդ նյութերի ազդեցության ռիսկերը: Պետք է հարգել սպառողների իրավունքը, այն է` իմանալ, թե ինչ քիմիական նյութեր են նրանք «ձեռք բերում» ապրանքի հետ միասին: Սեմինարի ավարտին Ելենա Մանվելյանը կոչ արեց մասնակիցներին ավելի մեծ ուշադրություն դարձնել քիմիական անվտանգության խնդրին և առավել արդյունավետ աշխատել այդ ոլորտում` նշելով, որ քիմիկատների և թափոնների պատշաճ կարգավորումը կայուն զարգացման կարևորագույն պահանջներից է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Արթուր Նիկոյանը ներկայացրեց տեղեկատվություն վնասատուներից բույսերի և գյուղմթերքների պաշտպանության քիմիական միջոցների, դրանց օգտագործման և մեր երկիր դրանց ներկրման մասին: Լայն քննարկում ծավալվեց թունաքիմիկատների ինտենսիվ կիրառումից ագրո-էկոլոգիական մեթոդներին անցնելու հնարավորության մասին:

Ըստ պարոն Նիկոյանի, այս անցումը դեռևս խիստ դանդաղ է ընթանում, թեև Հայաստանը չի պատկանում այն երկրների թվին, որտեղ թունաքիմիկատներն ինտենսիվորեն են օգտագործվում:. Այնուհետև ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին զեկույցներ հողում, ոռոգման ջրում և գյուղմթերքներում թունաքիմիկատների մնացորդային քանակների նկատմամբ իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին: ՀԿՀԱԱՇՄ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ներկայացրեց հողի, կրծքի կաթի և գյուղմթերքների նմուշների հետազոտության արդյունքները: Սեմինարի ավարտին, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակիցներին տեղեկացրեցին քիմիական երեք կոնվենցիաների կողմերի կոնֆերանսի արդյունքների մասին, որոնց նրանք անմիջական մասնակցություն էին ունեցել:

Հունիս 09, 2017 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր