Մկնդեղի գերեզմանոցը պետք է ամբողջությամբ վերականգնել

Մկնդեղի գերեզմանոցը պետք է ամբողջությամբ վերականգնել

Հետք

Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ գլխադասային կառույցի  դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծախսումները վերահսկող պատասխանատուները  ժամանել էին Ալավերդի` ԵԱՀԿ գլխադասային կառույցի դրամաշնորհային  ծրագրով «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն»  ՀԿ-ի կողմից  Ալավերդու մկնդեղի գերեզմանոցում 2010թ.-ին  իրականացրած «Անվտանգ միջավայր»  ծրագրի աշխատանքներին  տեղում ծանոթանալու նպատակով:

«Անվտանգ միջավայր» ծրագիրը ԵԱՀԿ գլխադասային կառույցի կողմից ճանաչվել է 2010թ.-ին իրականացված լավագույն ծրագիրը: Պատվիրակությանը ուղեկցում էին   տնտեսական և բնապահպանական հարցերով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  միջազգային պատասխանատուՈւիլյամ Հանլոնը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական հարցերով ազգային պատասխանատու Գոհար Ղազինյանը:

Պատվիրակությանը Ալավերդիում ընդունեց Ալավերդու նորընտիր քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: «Անվտանգ միջավայր»  դրամաշնորհային ծրագիրը բացահայտել է Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի խորհրդային տարիներից  ժառանգություն մնացած և անտերության մատնված մկնդեղի գերեզմանոցի էկոլոգիական ռիսկերը:  

Գերեզմանոցը կառուցվել է 1970-ական թվականներին: Այն եռհարկանի կառույց է:   Ունի 150 մետր երկարություն և 130 մետր լայնություն: Գերեզմանոցում կուտակված են Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած մկնդեղի և այլ վտանգավոր նյութերի թափոններ. «Պատվիրակության անդամներն արդեն իսկ հաշվետվություններից տեղյակ էին, որ «Անվտանգ միջավայր» ծրագիրը բացարձակ է` նպատակային լինելով և  հանրությանը ներգրավելու առումով: Նրանք ցանկություն են հայտնել տեղում տեսնել, թե ովքեր և ինչպես են իրականացրել այդ ծրագիրը: «Հուսով ենք, որ «Անվտանգ միջավայր»  ծրագիրը հետագա աջակցություն կստանա ԵԱՀԿ գլխադասային կառույցի կողմից»,- «Հետքին» հայտնեց ԵԱՀԿ  երևանյան գրասենյակի  բնապահպանական հարցերով ազգային  պատասխանատու Գոհար Ղազինյանը:

«Անվտանգ միջավայր» ծրագրի ղեկավար Լարիսա Փարեմուզյանը ներկայացրեց  ծրագրով իրականացված  բնապահպանական  հետազոտման  կարևորությունը: «Մենք կարևորում ենք բնապահպանական խնդիրների լուծման ցանկացած նախաձեռնություն և հայտնում ենք մեր  պատրաստակամությունը ձեռնարկվող ծրագրին աջակցելու գործում»,- ասաց  Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Բնապահպանական հարցերով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջազգային պատասխանատու Ուիլյամ Հանլոնն ընդգծեց, որ որքան էլ ընդերքի օգտագործումը և հանքարդյունաբերությունը կարևոր է տնտեսության համար, սակայն  չպետք է մոռացվեն բնապահպանական խնդիրները, որոնք գոյություն ունեն այժմ. «Դրանցից մի մասը մեզ մնացել է խորհրդային տարիներից, և համայնքը պետք է աշխատի այդ խնդիրները լուծելու ուղղությամբ,- ասաց Ու.  Հանլոնը: 

ՀՀ ԳԱԱ-ի  էկոլոգանոոսֆերիկ  կենտրոնի տնօրեն  Արմեն Սաղաթելյանը, ում ղեկավարությամբ իրականացվել  էր «Անվտանգ միջավայր» ծրագրով նախատեսված մկնդեղի գերեզմանոցի տոքսիկ տարրերի արտահոսքի գնահատումը,  պատվիրակությանը տեղեկացրեց, որ Ալավերդու մկնդեղի գերեզմանոցում լուրջ խնդիրներ կան, քանի որ այստեղ, բացի բուն գերեզմանոցից,  ամբողջ շրջակայքում հանքալեռնալին աշխատանքներ են կատարվել տասնյակ տարիների ընթացքում, և  կան այնպիսի թափոնակույտեր, որոնք իրենց հերթին կարող են աղբյուր հանդիսանալ վտանգավոր տարրերի արտահոսքի. «Ես կուզենայի քաղաքապետի ուշադրությունը հրավիրել այդ թափոնակույտերի վրա, որոնք կարող են լուրջ վտանգ հանդիսանալ Դեբեդ գետի համար: Հիմնականում  այդ հոսքերը աղտոտում են Մադան գետը, որը հանդիսանում է Դեբեդ գետի վտակներից մեկը»:

Արմեն Սաղաթելյանը ասաց, որ ծրագրով  նմուշարկվել է   գետի ջուրը ամբողջ իր հոսքով,  գրունտային ջրերը,  որքան հնարավոր է նաև  ջրկայան ջրերը, գերեզմանոցի ամբողջ տարածքի հողերը և հատակային նստվածքները: Մոնիթորինգի ղեկավարը  կարևորեց  շրջակա միջավայրի օքսիդացման վերականգնման պոտենցիալը` այսպես կոչված PH-ը, որը թելադրում է քիմիական տարրերի ակտիվությունը շրջակա միջավայրում: Ի զարմանս Սաղաթելյանի` նմուշարկված ջրերում մկնդեղի լուրջ պարունակություններ չեն հայտնաբերվել, բայց միևնույն ժամանակ բարձր պարունակություններ են հայտնաբերվել հողերում և հատակային նստվածքներում.

«Մենք ունենք մկնդեղի գերազանցումներ գետնի նստվածքներում»,- ասաց գիտնականը: Վերջինիս  եզրակացությամբ` խորհրդային տարիներին ճիշտ է ընտրվել մկնդեղի գերեզմանոցի տեղը. «Դա միջազգային պրակտիկա է, որ վտանգավոր տարրեր պարունակող հանքալեռնային թափոնները պետք է դրվեն հենց այդ երկրաբանական ֆորմացիայի մեջ, որտեղ բնական պարունակությունները բավականին բարձր են».- ասաց նա:

Հողերում մկնդեղի   բարձր խտությունները Արմեն Սաղաթելյանը բացատրում էր ելնելով երկրաքիմիական տեսանկյունից. «Երբ  հողային ջրերում կամ ճեղքվածքային ջրերում պարունակող մկնդեղը դուրս է գալիս ապառների մակերևույթի վրա,  այնտեղ սուլֆիդային միջավայր է, իսկ սուլֆիդային միջավայրում մկնդեղը դառնում է անշարժ և կուտակվում է տեղում: Եվ դրա համար մենք ունենք գերկուտակումներ հողային շերտում և հողային նստվածքներում»,- ասաց նա: 

Ըստ վերջինիս` մկնդեղի գերեզմանոցի տոքսիկ տարրերի  արտահոսքի ռիսկերը կառավարելի են. «Առաջինը` գերեզմանոցը շրջափակող  հողատարածքը, որը  բարձր պարունակությունով մկնդեղ է պարունակում, պետք է մեկուսացվի շրջապատից, Երկրորդ ռիսկն այն է, որ  հատակային նստվածքների հողերում առկա մկնդեղը հիդրոդինամիկ գործընթացներով, մեկ է, կամաց-կամաց գնում է դեպի Ալավերդի քաղաք,  այնտեղից դեպի գետը: Դրա դեպքում այս տարածքներում երկրաքիմիական իրավիճակը խիստ կփոփոխվի, քանի որ Դեբեդի  ջրերը ավելի հիմքային կազմ ունեն, և այստեղ  մկնդեղը կմոբիլիզացվի, կդառնա շարժուն և  կմտնի սննդային շղթաների մեջ»,- ասաց  Արմեն  Սաղաթելյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային  ծառայության  սեյսմիկ գիտացանցերի բաժնի պետ Վալերի Արզումանյանը, ում ղեկավարությամբ հետազոտվել են  ծրագրով նախատեսված մկնդեղի գերեզմանոցի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության աստիճանը, պատվիրակությանը տեղեկացրեց, որ  սեյսմիկ հետազոտությունները երկու խնդիր  են  լուծել` պարզել են  գերեզմանոցի կրող կոնստրուկցիաների վիճակը, և երկրորդը` պարզել են, թե ինչպես դրանք կդիմակայեն սեյսմիկ ազդեցությանը:

Վալերի Արզումանյանը կարևորեց հատկապես 2-րդ խնդիրը, քանի որ Հայաստանը  համարվում է բարձր սեյսմիկ գոտի: 

Ըստ նրա` գերեզմանոցի սեյսմիկ խոցելիությունը շատ բարձր է, ուստի ծրագրի սեյսմիկ մոնիտորինգի եզրակացությամբ պետք է կառույցը ուժեղացնել. «Եթե լինի երկրաշարժ, այս գոտին համապատասխանում է 8 բալանոց երկրաշարժին, գերեզմանոցի կոնստրուկցիաները և կառույցը կունենա մեծ վնասվածքներ, այն  5 բալանոց սանդղակով գնահատվում է 4-րդ աստիճանի, և դա գործնականում նշանակում է, որ երկրաշարժից հետո կառույցը չի վերականգնվի»:

Ըստ Վալերի Արզումանյանի` գերազմանոցի վերականգնման համար հատուկ նախագիծ պետք է մշակվի:  Իսկ մինչ խնդրի արմատական լուծումը` ժամանակավոր լուծման համար մկնդեղի գերեզմանոցը պետք է ամբողջությամբ ցանկապատել:  Որպեսզի բացառվեն անձրևաջրերի հոսքը,  գերեզմանոցի բաց հատվածները պետք է ծածկել 30-50 սմ հաստությամբ կավահողի շերտով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական հարցերով ազգային պատասխանատու Գոհար Ղազինյանը իր մտահոգությունները հայտնեց Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի անվտանգության շուրջ: 

Ըստ նրա`  ԵԱՀԿ-ն շահագրգիռ է  Ալավերդու քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի հետ հրատապ միջոցներ ձեռնարկելու`շրջակա միջավայրին և Դեբեդ գետին  մկնդեղի գերեզմանոցի  սպառնացող էկոլոգիական հետագա  աղետներից խուսափելու համար:

Սեպտեմբեր 27, 2011 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր