Փորձագետ` Նուբարաշենի նոր աղբավայր կտեղափոխվի միայն այն աղբը, որը վերամշակման ենթակա չէ

Փորձագետ` Նուբարաշենի նոր աղբավայր կտեղափոխվի միայն այն աղբը, որը վերամշակման ենթակա չէ

ԷկոԼուր

Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման ծրագիրը մտավ բնապահպանական փորձաքննության փուլ: «Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման և Նուբարաշենի գործող աղբավայրի փակման» հայտի հանրային քննարկումները տեղի ունեցան սույն թվականի մարտի 26-ին` Երևանի Էրեբունու թաղապետարանում:

Նոր աղբավայրը գտնվելու է Նուբարաշենի գործող աղբավայրի անմիջապես կողքին և զբաղեցնելու է մոտ 29 հեկտար տարածք, որից 20,55 հեկտարն անտառային տարածք է: Նոր աղբավայրի կառուցման համար հատվելու են այդ անտառային հողերում` 2,7 հա տարածքում, աճած ծառերը:

Տարեկան նոր աղբավայրն ընդունելու է 300 000 տոննա ծավալով թափոն: Աղբավայրը բաժանված է լինելու տարբեր տարողություն և ամորտիզացիայի շրջան ունեցող 5աղբավայրային գոտիների: Շահագործվելու է 28 տարի: Աղբի վերամշակում նախատեսված չէ:

Ծրագրի կապալառու ընկերության փորձագետ Վռամ Թևոսյանի խոսքով` Նուբարաշենի նոր աղբավայր կտեղափոխվի միայն այն աղբը, որը վերամշակման ենթակա չէ: «Վերամշակման հարցը մենք էլ ենք բարձրացրել, դիմել ենք Երևանի քաղաքապետարան` խնդրելով մեզ հիմք տալ, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել բնապահպանության նախարարություն: Մեզ ասացին, որ հետազոտություն է արվել, գույքագրում է արվել, և միջազգային խորհրդատուն եկել է այն եզրակացության, որ աղբավայր հասնող աղբում գործնականում շատ քիչ է մնում այնպիսի մաս, որը վերամշակման ենթակա է: Խորհրդատվական ծառայությունները համատեղ եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է հիմնել հավաքման համակարգ, որն արդեն իսկ կտեսակավորի աղբն առաջնային փուլում և, փաստորեն, աղբավայր կհասնի աղբի միայն այն մասը, որը ենթակա չէ կամ նպատակահարմար չէ տնտեսապես կատարել տեսակավորում: Այսինքն, աղբավայր հասնելու է արդեն զտված աղբը: Մեզ այդ հիմնավորումը տվել է քաղաքապետարանը», - ասաց Վռամ Թևոսյանը:

ԷկոԼուրի հարցին, իսկ ո՞ւր է գնալու մնացած աղբը, փորձագետը պատասխանեց. «Մնացածը գնալու է գոյություն ունեցող վերամշակող կազմակերպություններ, օրինակ, թղթի»:

Նշենք, որ Հայաստանում աղբի վերամշակման գործարաններ գրեթե չկան: Բոլոր տեսակի թափոնները, այդ թվում` շինարարական, բժշկական, հայտնվում են կենցաղային աղբավայրերում: Վռամ Թևոսյանի կարծիքով` ուժեղացված վերահսկողության դեպքում դրանք նոր աղբավայրում արդեն չեն հայտնվի:

Նոր աղբավայրի տարածքի արևմտյան կողմին զուգահեռ անցնում է Գառնի-Երևան ջրագիծը, որի սեփականատերը «VEOLIA Ջուր» ընկերությունն է: Հայտի համաձայն`մի քանիհատվածում (մոտ 800 մմ տրամագծով) ջրագիծը հողից դուրս է և տեսանելի: Այդ հատվածներից մի քանիսում ջուրն արտահոսում է ջրատար խողովակից և հոսում է դեպի նորաղբավայրի տարածքը: Վռամ Թևոսյանը նշեց, որ շինարարական աշխատանքների ժամանակ ջրագծին մոտ տարածքում կբացառվի տեխնիկայի աշխատանքը:

Փորձագետի խոսքով` աղբավայրերի ամենավտանգավոր և բնապահպանական ռիսկ պարունակող գործընթացը ջրերի առաջացումն է: «Ջրային հոսքերը վտանգ են հանդիսանումշրջակա միջավայրի համար: Անձրևաջրերի միջոցով դրանք կարող են հասնել ջրային ռեսուրսներին, օգտագործվել ոռոգման համար: Մենք ջրի նմուշառում ենք արել Նուբարաշենում, ջուրը բավականին աղտոտված է», - ասաց Վռամ Թևոսյանը:

Նոր աղբավայրի կառուցման հայտով նախատեսվում է դրենաժային համակարգի կառուցում և ջրային հոսքերի կառավարում: Ըստ հայտի` դրենաժային համակարգի միջոցով գործող և նոր աղբավայրերից արտահոսող ֆիլտրատը կհավաքվի նոր աղբավայրի՝ հատուկ դրա համար նախատեսվող ռեզերվուարում: Հայտում նշված չէ, թե հետագայում այդ ջրերը ինչպես են մաքրվելու:

Հայտի համաձայն` աղբավայրը կունենա գազահավաք համակարգ: Կուտակվող թափոններից առաջացող գազը կհավաքվի գազահորերում և կայրվի: Գազի խողովակային համակարգով նախատեսված է վակուումային մեխանիզմ` աղբավայրի տարածքից գազի արտահոսքից խուսափելու համար:

Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ընդհանուր արժեքը 26 միլիոն եվրո է: 16 միլիոն եվրո վարկի տեսքով տրամադրում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկը (յուրաքանչյուրը 8 միլիոն եվրո), ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով՝ Եվրամիության NIF հիմնադրամը: Իսկ վերջերս էլ ծրագրի ֆինանսավորմանը միացել է Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհով:

 

19:01 Մարտ 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news