

ԷկոԼուր
ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատանքային խումբը ուսումնասիրել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքին և հարակից այգեգործական ընկերությանը սելավի հետևանքով հասցրած վնասի պատճառները: Այս մասին նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված նախարարության պաշտոնական նամակում: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Այգեգործական ընկերության կողմից, որի տարածքը գտնվում է Հայկական ԱԷԿ-ի հարեւանությամբ: Սելավը լվացել է այդ տարածքները, բերել է մեծ քանակությամբ աղբ եւ շարքից հանել է ոռոգման համակարգը: Նամակում մասնավորապես նշված է. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված տարածքով անցնող սելավատարի հունը 10 տարուց ավելի չի մաքրվել և լցված է հողով, քարերով ու աղբով: Սելավատարի սկզբնամասում` նավթամթերումների պահեստ տանող երկաթուղային կամրջի մոտ, սելավային հոսքը լվացել է ափապաշտպան հողաթումբը և ջրածածկել բանջարաբոստանային կուլտուրաներն ու ծառերը` լցվելով բնակելի տների նկուղները:
Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ Մայիսյան համայնքի Կոմսոմոլի տարածքի երկու տեղամասերում, որտեղ համայնքային նշանակության ավտոճանապարհները հատվում են սելավատարի հետ, ի սկզբանե կառուցված չեն եղել երկաթբետոնե հենապատերը, և սելավատարի հունը բաց էր:
Այգեգործական ընկերության տարածքի 4-րդ պոմպի հատվածում խորքային հորը նույնպես լցված էր քարերով ու աղբով, ուժեղ ջրի հոսքը վնասել էր բարձրավոլտ էլեկտրական հաղորդակցության սյուները:
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի քաղաքապետ Ռ. Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել մինչև խնդրին վերջնական լուծում տալը, որպես առաջնահերթ միջոցառում, սեփական ուժերով վերականգնել Մեծամորի տարածքում վնասված ջրատարի հատվածը:
Աղետների ռիսկի նվազեցման նպատակով անհրաժեշտ է վերականգնել սելավատարի վնասված հատվածները, մաքրել հունը, ամրացնել բարձրավոլտ էլեկտրական հաղորդակցմանը սյուները և մաքրել 4-րդ պոմպի հատվածում գտնվող խորքային հորը»:
Հուլիս 27, 2012 at 18:32
