ԵԱՀԿ-ն եւ ԱԻՆ-ը մոտեցնում են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծումը

ԵԱՀԿ-ն եւ ԱԻՆ-ը մոտեցնում են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծումը

News.am

Երեւանում, նոյեմբերի 7-ին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան եւ Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է`

- իրականացնել Նուբարաշենի տեղանքի տեխնիկական  հետազոտում եւ գնահատում.

- իրականացնել Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում.

- աշխատել պետական պաշտոնյաների հետ` գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար.

- արդյունքները ներկայացնել դոնորներին` Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:

1982-ից Երեւանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ եւ կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: 2010 թ. տեղանքը բացվել է, ինչը բնապահպանական արտակարգ իրավիճակ է ստեղծել, քանի որ ԴԴՏ-ն ներթափանցել է շրջակա միջավայր: ԵԱՀԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին եւ վարձել փորձագետի, որը տեղացի մասնագետների հետ կազմել է տեղանքի արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր:

Ծրագրի համաձայն տեղանքը փակվել է կառավարության կողմից, սակայն տեղանքից այլ արտանետումների վտանգը շատ մեծ է, քանի որ այն գտնվում է բլրի ակտիվ սողանքային գոտում, որը շատ մոտ է բնակավայրերին ու գյուղատնտեսական գոտիներին:

ՀՀ կառավարությունը խնդրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին շարունակել հաջորդ փուլի իրականացումը, այն է` գնահատման հետազոտության իրականացում: Այս ուսումնասիրությամբ կորոշվեն տեղանքից շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը, լցոնված նյութերի բաղադրությունն ու գեոֆիզիկական իրավիճակը եւ կառաջարկվեն տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ:

Նոյեմբեր 07, 2011 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր