Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ

Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ

ԷկոԼուր

Երևանի ավագանու նիստում հավանության է արժանացել «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն օպերատորների միջոցով իրականացնելու մասին»  որոշման նախագիծը, որն  ուղղված է աղբահանության և սանմաքրման որակյալ ծառայությունների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևան քաղաքում ներկայում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները  մատուցվում են Երևան համայնքի ենթակայության 12 կազմակերպությունների միջոցով, որոնք չունեն բավարար տեխնիկական և ֆինանսական միջոցներ: Ավտոմեքենաների և այլ գույքի հիմնական մասը շահագործվում է 1985-86թթ.-ից: Բավարար նյութատեխնիկական բազա ապահովելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 10 մլրդ դրամի ներդրում:

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը ավագանուն տեղեկացրել է, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները բարձր որակով կազմակերպելու համար նախատեսվում է մրցութային կարգով ընտրել միջազգային երկու մասնագիտացած օպերատորներ, որոնց  հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց  հետո, կապահովվի ազատ մրցակցային և բարենպաստ ներդրումային դաշտ: Այս հարցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ աղբահանության ոլորտում դեռևս տարեսկզբին առկա 6000 գործող պայմանագրերի համեմատ, այժմ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի թիվը հասնում է շուրջ 12000-ի: Հետևողական  վերահսկողություն է իրականացվում ֆինանսական հոսքերի  ու հավաքագրման գործընթացի ուղղությամբ: Բացի այդ, վերջերս ընդունված «Աղբահանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` մրցույթը շահած օպերատորներին հնարավորություն կտրվի այլ կառույցների լիազորել աղբահանության և սանմաքրման ծառայությունների դիմաց գումարների հավաքագրումը, ինչը կհանգեցնի ծախսերի նվազեցմանն ու կարգապահության բարձրացմանը:

Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ: 

Սեպտեմբեր 15, 2011 at 11:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր