Անկառավարելի աղբավայրերը` վտանգավոր հիվանդությունների աղբյուր

Անկառավարելի աղբավայրերը` վտանգավոր հիվանդությունների աղբյուր

ԷկոԼուր

Աղբավայրերը պարունակում են թափոններ, որոնք բացասական են անդրադառնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Առանձնանում են թափոնների հետևյալ տեսակները` արտադրական, շինարարական, մաքրման կայանների, օդափոխության համակարգերի նստվածքներ, բժշկական, կենսաբանական և կոշտ կենցաղային թափոններ:

Հայաստանում թափոնները չեն տեսակավորվում, թեպետ կան առանձին տարածքներ` նախատեսված շինարարական, բժշկական, ռադիոակտիվ և հանքարդյունաբերական թափոնների համար:
Համարվում է, որ Հայաստանում քաղաքային աղբավայրերի համար բնորոշ են կոշտ կենցաղային թափոնները:

Ժամանակակից խոշոր քաղաքի սովորական կենցաղային թափոնները պարունակում է ավելի քան 100 տեսակի թունավոր միացություններ: Դրանց թվում են ներկերը, թունաքիմիկատները, սնդիկը և նրա միացությունները, լուծիչները, կապարը և նրա աղերը, դեղերը, կադմիումը, մկնդեղի միացությունները, ֆորմալդեհիդը, թալիումի աղերը և այլն: Այս բոլոր միացությունները սպառնում են մարդու առողջությանը:

Ծանր մետաղները ենթակա չեն կենսաքիմիական տարրալուծման և հեշտությամբ թափանցում են մարդու օրգանիզմ և սննդային շղթա:

Առավել վտանգավոր է թունավորումը սնդիկի միացություններով: Սնդիկ պարունակող արտադրատեսակների ցանկում են մարտկոցները, անջատիչներ և ռելեներ, կոմպակտ լյումինեսցենտ լամպերի որոշ տեսակներ, ոչ էլեկտրոնային բժշկական սարքերը` ջերմաչափեր և ճնշման չափիչ սարքեր, նաև օճառի և կոսմետիկայի որոշ տեսակներ: Թունավորման ժամանակ կարող է առաջանալ փսխում, խոցային ստոմատիտ, հեմոռագիկ կոլիտ, երիկամների ֆունկցիայի խանգարում (նեֆրոզ): Սնդիկ պարունակող արտադրատեսակների անկառավարելի տեղափոխումն աղբավայրեր արգելվում է Մինամատայի կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է 2017 թ-ին:

Կապարը կուտակվում է օրգանիզմում սննդամթերքի միջոցով (40-70% տարբեր երկրներում և տարբեր տարիքային խմբերի մոտ), ինչպես նաև խմելու ջրի, մթնոլորտային օդի, ծխախոտի: Ընդհանուր նշաններն են` ուշադրության շեղումը, վատ քունը, տրամադրության կտրուկ փոփոխությունները, նյարդայնությունը, ագրեսիվությունը, հոգնածությունը: Բնորոշ են նաև մարսողական խանգարումները, ախորժակի կորուստը, որովայնի շրջանում սուր ցավեր: Սովորական է համարվում արյան կազմի փոփոխությունը ռետիկուլոցիտից, անիզոցիտոզից և միկրոցիտոզից` մինչև կապարի անեմիա: Ավելի ուշ դիտվում են գլխացավ, գլխապտույտ, կողմնորոշման կորուստ և տեսողության կորուստ: Կապարի պարունակությունը կոշտ կենցաղային թափոններում կապված է թափոնների ամենատարբեր տեսակներից, կապարի ծածկույթներից, մինչև խաղալիքներ և կոսմետիկա:

Կոշտ կենցաղային թափոնների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում պլաստիկ և սինթետիկ նյութերը, որոնք չեն ենթարկվում կենսաբանական քայքայման պրոցեսներին և կարող են տասնյակ տարիներ գտնվել շրջակա միջավայրում: Այրման ժամանակ պլաստիկ և սինթետիկ նյութերից արտանետվում են բազմաթիվ տոքսիկանտներ, այդ թվում` պոլիքլորբիֆենիլներ կամ դիոքսիներ, ֆտորի միացություններ, կադմիում և այլն:

Դիօքսիններն ազդում են մաշկի վրա, քայքայում են լյարդը, ստամոքսը, նյարդային համակարգը: Ենթադրվում է, որ դիօքսինները ուժեղ կանցերոգեններ են, փոխում են ԴՆԹ-ի կառուցվածքը` դարձնելով այն ավելի խոցելի մյուս կանցերոգենների ազդեցության նկատմամբ: Այսինքն, դիօքսինները քաղցկեղի կատալիզատոր են, նաև ՁԻԱՀ վիրուսի նման քայքայում են իմունային և հորմոնալ համակարգը: Հղի կանանց մոտ դիօքսինով թունավորման դեպքում տեղի է ունենում վիժում: Դիօքսինով թունավորումը կարող է պատճառ դառնալ արատներով երեխաների ծնունդների: Կենդանի օրգանիզմից դիօքսինները դժվարությամբ են մաքրվում: Հանդիսանալով լիպոֆիլային միացություններ` դրանք կուտակվում են ճարպային հյուսվածքի, լյարդի մեջ` ազդեցություն ունենալով 15-20 տարի անց:

Աղբավայրերը շրջակա միջավայրի բակտերիալ աղտոտման և տարբեր համաճարակային հիվանդությունների առաջացման աղբյուր են: Աղբավայրերում ապրող կենդանիները` շները, թռչունները, կրծողներն այնպիսի վտանգավոր հիվանդությունների կրողներ են, ինչպիսին են ժանտախտը, տետանուսը, փտախտը, խոլերան, հելմինտոզները և այլն: Այս ամենը կարող է հանգեցնել շատ լուրջ հիվանդությունների և բնակչության համար վտանգավոր` համաճարակային իրավիճակի սրմանը:

Հաշվի առնելով այն, որ շատ բազիսային խնդիրներ այդպես էլ լուծումներ չեն ստացել, օրինակ, թափոնների հեռացումը, ուտիլիզացումը, տեսակավորումը և վերամշակումը, կարելի է եզրակացնել, որ ներկայում ցանկացած մեծ քաղաք գտնվում է կենսաբանական և բակտերիալ աղտոտման շեմին:

 

14:35 Սեպտեմբեր 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news