Բնապահպան. Աղստեւի աղտոտումը լրջագույն խնդիր է դառնում եւ վնասում է մեր երկրի վարկանիշը

Բնապահպան. Աղստեւի աղտոտումը լրջագույն խնդիր է դառնում եւ վնասում է մեր երկրի վարկանիշը

Էդվարդ Արզումանյան, News.am

NEWS.am-ը օրեր առաջ անդրադարձել էր Տավուշի մարզի Աղստեւ գետի աղտոտվածությանը, գետն այսօր մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների համար ծառայում է որպես աղբավայր: NEWS.am-ը մի քանի հարց է ուղղել Իջեւանի բնապահպանական Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանին.

Պարոն Աղբալյան, որո՞նք են այսօր Իջեւանի եւ ընդհանրապես Տավուշի մարզի բնապահպանական խնդիրները

Իջեւան քաղաքում մեծ խնդիր է Աղստեւ գետի աղտոտումը: Աղստեւը Հայաստանի խոշորագույն գետերից մեկն է, որն ի զորու է վարարումների ժամանակ կամուրջներ ու տներ քանդել, այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Այսինքն, նման խոշորագույն գետի, որը նաեւ անդրսահմանային գետ է,  աղտոտվածության փաստը Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային կոնֆերանսներում օգտագործվում է Հայաստանի դեմ:

Որո՞նք են Աղստեւ գետն աղտոտող հիմնական պատճառները:

Մի շարք գյուղական ու քաղաքային համայնքների կոյուղաջրերը առանց մաքրման լցվում են գետը, ու սա աղտոտման միակ պատճառը չէ: Գետի երկայնքով կառուցված են հասարակական մի շարք օբյեկտներ, գետաբերանին կառուցված  բազմաբնակարան շենքերի բնակիչները, մսի պասաժների տերերը իրենց շինարարական աղբը, մորթած անասունների մորթիներն ու  ներքին օրգանները թափում են անմիջապես Աղստեւի մեջ:

Որքանով տեղյակ ենք, գետի ջուրը օգտագործվում է նաեւ ոռոգման նպատակով, արդյո՞ք  սա վտանգավոր չէ:

Ունենալով նման խոշոր գետ ու չօգտագործել գետի ջուրը ոռոգման նպատակով, հնարավոր չէ: Մանավանդ, որ գետը մի շարք գյուղերով է անցնում: Բոլորի հույսն այն է, որ գարնան հեղեղումների ժամանակ գետը այդ ողջ աղբը կքշի կտանի Ադրբեջան, բայց չեն մտածում, որ գետում ապրող կենդանատեսակները այդ ընթացքում մեծ վնասներ են կրում: Կամ այդ աղբը, որ հասնում է Ադրբեջան, չէ որ դա Հայաստանի վարկանիշի վրա է ազդում: Ես տեղյակ եմ, որ բոլոր գիտական հանդիպումների ժամանակ, անգամ նույնիսկ քաղաքական նպատակներով են այդ հարցը բարձրացնում:

Ի՞նչ քայլեր են արվում տեղական ու մարզային իշխանությունների կողմից այս ուղղությամբ:

Քաղաքապետարանի աշխատակազմը միշտ էլ նշում է, որ տուգանքներ են կիրառվում այն մարդկանց, ովքեր ունեն սպասարկման օբյեկտներ ու աղբը թափում են գետ, բայց ես դրանց չեմ հավատում, քանի որ եթե նման բան լիներ, երկրորդ անգամ Աղստեւը այսպես չէին աղտոտի:

Իսկ ինչպիսի՞ն է քաղաքում կատարվող աղբահանությունը, արդյո՞ք դա չի նպաստում գետն աղտոտելուն:

Շատ հաճախ պատճառաբանում են, որ աղբարկղերը հեռու են տեղադրված բնակելի շենքերից, բայց կարծում եմ, աղբահանությունը նորմալ մակարդակի վրա է: Դա պարզապես մարդկանցից է գալիս:

Փետրվար 06, 2012 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր