Նորմերի շեղումներ Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում

Նորմերի շեղումներ Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում

ԷկոԼուր

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նորմերի շեղումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի խմելու ջրի 2 նմուշներում և Արարատի մարզի Հայանիստ համայնքի խմելու ջրի 6 նմուշներից մեկում:

Տեսչական մարմինը պարզել է նաև, որ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ: Սայաթ Նովա համայնքում տեսչական մարմինը խնդիրներ չի հայտնաբերել: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան նամակով հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկել նամակ Տարոնիկ, Արտաշար, Հայանիստ և Սայաթ Նովա համայնքների բնակիչների ջրի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև այդ համայնքների բնակիչների ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում պահանջագիր։ 

Նամակների հիման վրա ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել համայնքներում, որոնց արդյունքների մասին տեղեկացրեց ԷկոԼուրին:

Տեսչական մարմնի ղեկավարի նամակում նշված է.

«ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ Նովա և Արմավիրի մարզի Արտաշար, Տարոնիկ համայնքներում հարուցվել են վարչական վարույթներ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 և 2002 թվականի նոյեմբերի 11-ի N 803 հրամանով հաստատված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոններով և նորմերով (այսուհետ՝ Նորմեր) սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով, որոնք ուղեկցվել են խմելու նպատակով օգտագործվող ջրի նմուշառումներով՝ ջրի որակի լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Լաբորատոր փորձաքննությունն իրականացվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնք՝ ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ, ինչը հանդիսանում է N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտում, որի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 27-ին տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար: Ներկայում սանիտարական պահպանման գոտիների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 3 նմուշներում մանրէաբանական, ջրի զգայորոշական և ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման ցուցանիշներով շեղումներ չեն հայտնաբերվել: Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով նոյեմբեր ամսին նախատեսվում է հարուցել վարչական վարույթ:

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնք՝ ջուրը բնակչությանը խմելու նպատակով դեռ չի տրվում, տրվում է օրական 1 ժամ՝ կենցաղային նպատակների համար, բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործման վերաբերյալ թույլտվության բացակայության պատճառով: Վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 2 նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով արձանագրվել են N 2-III-Ա2-1 նորմերի շեղումներ: Հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով:

Արարատի մարզի Սայաթ Նովա համայնք՝ ջրամատակարարումը շուրջօրյա է: Լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 4 նմուշներում մանրէաբանական շեղումներ չեն արձանագրվել: Քանի որ ջուրն օգտագործվում է և ոռոգման նպատակով, այն սպասարկվում է ՋՕԸ-ի կողմից: Սայաթ Նովայի համայնքապետարանը չի հանդիսանում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություն, ուստի հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով:

ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնք՝ վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 6 նմուշներից 1-ում մանրէաբանական ցուցանիշներով արձանագրվել են N 2-III-Ա2-1 նորմերի շեղումներ: Հայանիստի համայնքապետարանը չի հանդիսանում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություն և հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 01/8136-19 գրությամբ տեղեկացվել է վարչական վարույթի ընթացքի մասին, և առաջարկվել է տալ հանձնարարական համապատասխան ստորաբաժանումներին՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից բարձրացված հարցերի կարգավորման համար»:

ԷկոԼուրը վերոնշյալ համայնքների ջրի խնդիրներն ուսումնասիրել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում:

 

Նոյեմբեր 01, 2019 at 21:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր