

Սամվել Ավագյան, armeconomedia.org
Այս տարվա մարտից Հայաստանում կոնֆլիտ է գոյացել ձկնաբուծական տնտեսությունների և կառավարության միջև: Վերջինս պահանջում է, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները փոխեն հողերի կատեգորիան, տեղադրեն ջրաչափեր, վճարեն հարկեր, մի խոսքով` տեղափոխվեն օրինական դաշտ:
Դրան ի պատասխան ձկնաբույծների միությունը հրավիրեց համագումար, որում կառավարության պահանջները ենթարկվեցին խիստ քննադատության: Ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանի կարծիքը հետևյալն է. կառավարության պահանջների կատարումը կհանգեցնի արտադրվող ձկների քանակի կրճատմանը, հետևաբար` տնտեսությունները լուրջ վնասներ կկրեն:
Հողերի կատեգորիայի փոփոխությունը լրացուցիչ հարկային պարտավորություն կառաջացնի, քանի որ փոխվում է կադաստրային արժեքը` ցածր կարգի հողերը պետք է դառնան արտադրական նշանակության:
Ձկնաբուծական տնտեսությունները միանգամից պաշտպանություն և կարեկցանք գտան ինչպես մամուլի, այնպես էլ մի շարք պատգամավորների կողմից: Բարձրացված աղմուկի մեջ կառավարության տեսակետը կարծես թե կորավ, այնինչ խնդիրը ոչ ավելի, ոչ պակաս` վերաբերում է ազգային անվտանգությանը:
Սակայն ամեն ինչ հերթով: Հայաստանում արհեստական ջրամբարների ձկնաբուծությունը տարածված է հիմնականում Արարատյան դաշտում: Դրան մեծապես նպաստում են դաշտավայրում առկա խորքային ջրերի մեծ ռեսուրսները, որը բնակչության շրջանում հայտնի է «Արտեզյան ջրեր» անվամբ: Ձկնաբուծական տնտեսություն հիմնելու համար ընդամենը հարկավոր է հորանցք փորել, այնտեղից բարձրացող ջուրը ամբարել բետոնապատ տարածքում և ապահովել ջրահեռացման համակարգ: Ջրի համար կառավարությունը պահանջում է ընդամենը ‘1/1 խոր մետր բնապահպանական վճար: Այսպիսով` ճարպիկ գործարարները Արարատյան դաշտի ցածր կարգի հողերը օգտագործեցին արհեստական լճակներ ու ջրամբարներ կառուցելու համար: Գործը բավական շահութաբեր է, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այն Հայաստանի ամենաշահութաբեր ոլորտներից է` 33% շահութաբերությամբ: Իրականում` շահութաբերության մակարդակն ավելի մեծ է, քանի որ տնտեսությունների մեծ մասը գործում է ստվերի դաշտում:
Վերջին 1-2 տարում ձկնաբուծական տնտեսությունների թիվը համարյա կրկնապատկվեց` հասնելով 294-ի: Սրանում իհարկե ոչ մի վատ բան չկա, մեր ազգաբնակչությունն այդ տնտեսություններից բավական որակյալ, էժան և թարմ ձկնեղեն է ստանում, այն կարելի է նաև արտահանել: Սակայն առաջ է եկել մեկ այլ լրջագույն խնդիր: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարները անսպառ չեն, իսկ ձկնաբուծական տնտեսությունները դրանք բավական անխնա օգտագործում են:
Օրերս տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մի քանի լրագրողների հետ քննարկում կազմակերպեց, որում մի շարք տվյալներ ներկայացվեցին ջրային պաշարների վիճակի հետ կապված: Հանդիպմանը ներկա էին նաև գյուղատնտեսության և բնապահպանության փոխնախարարները: Պարզվում է` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խոր մետր ջուր են արդյունահանում ու դրենաժային համակարգով մղում Արաքս գետը: Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ մեծ ծավալ է, Ա. Գևորգյանը հիշեցրեց, որ Սևանա լճից ոռոգման նպատակներով թույլատրվում է տարեկան բաց թողնել ընդամենը 170 մլն խոր մետր ջուր: Արդյունքում` Արարատյան դաշտի ստորերկյա ջրերի պաշարները սկսել են աղետալի տեմպերով նվազել, իսկ չէ որ դրանք մեր ազգային հարստության մասն են:
Կարծում ենք` սրանում իր մեղքի բաժինն ունի բնապահպանության նախարարությունը, որն էլ տրամադրում է խորքային հորեր փորելու թույլտվությունը, սակայն բավարար հսկողություն չի սահմանում, թե որքան ջուր է դուրս բերվում: Ձկնաբուծական տնտեսությունները տեղադրում են 300 մմ տրամագծով խողովակներ` արդյունահանելով մի քանի անգամ ավելի ջուր, քան բնապահպանության նախարարությունը լիցենզիայով թույլատրում է: Համեմատության համար նշենք, որ ոռոգման կամ խմելու համար օգտագործվող հորերից ջուրը մղվում է 80 մմ տրամագծով խողովակներից: Այդ պատճառով էլ ձկնաբուծական տնտեսությունների մի քանի հարյուր հորերից մի քանի անգամ ավելի շատ ջուր է դուրս մղվում, քան Արարատյան դաշտի 3000 այլ հորատանցքներից:
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ասում է, որ ձկնաբուծական տնտեսությունները սկսել են օգտագործել ստորերկյա ջրերի ստատիկ պաշարները, որոնք նման տեմպով վերականգնվել չեն կարող, այնինչ բնապահպանության նախարարությունը թույլատրում է օգտագործել միայն շահագործողական պաշարները: Արդյունքում` 30-50%-ով ստատիկ պաշարների նվազում ունենք: Այս տեմպերով ջուրը քաշելու դեպքում ձկնաբուծական տնտեսությունները 1-2 տարի հետո այլևս ջուր չեն ունենա, ներկայում էլ արդեն մի քանի հոր «չորացել է»: Մի խոսքով` Արարատյան դաշտը կանգնած է բնապահպանական աղետի շեմին, ու դրա կանխումը բացառապես կառավարության կամքից է կախված:
Առաջին հերթին ձկնաբուծարանները պետք է նվազեցնեն ջրի անխնա օգտագործումը, իսկ դրա համար ջրաչափ է հարկավոր: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ասում է, որ եթե ձկնաբուծարանները լրացուցիչ ներդրումներ կատարեն, ապա միանգամայն կարող են յոլա գնալ ջրի փոքր ծավալներով: Դրա համար պետք է աշխատել փակ շրջապտույտի ռեժիմով, կամ ջրի մեջ թթվածին ներարկել, որը թույլ է տալիս ավելի շատ ձուկ աճեցնել տվյալ մակերեսում:
Սրանով, իհարկե, ձկնաբուծարանների խնդիրը չի վերանում: Նրանց մեծ մասը անօրինական դաշտում է, մասնավորապես` Արմավիրի մարզում ոչ մի օրինական ձկնաբուծարան չկա, նրանք բոլորը ապօրինի զավթած հողատարածքներ են օգտագործում: Ա. Գևորգյանի կարծիքով` օրինական դաշտ տեղափոխվելուց հետո միայն ձկնաբույծները կարող են հավակնել իրենց արտադրանքը Եվրոպա արտահանելուն: Ներկայում ռուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում հայաստանյան 24 ձկնաբուծական տնտեսությունների արտադրանքի նկատմամբ: Կկարողանա արդյոք կառավարությունը բավական կամք ցուցաբերել` փրկելու Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները` ցույց կտա ապագան: Սակայն դանդաղել այս առումով չի կարելի:
Մայիս 21, 2010
