ՓՈՔՐ ՀԵԿ-ԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ 10 ՏՈԿՈՍԸ

ՓՈՔՐ ՀԵԿ-ԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ 10 ՏՈԿՈՍԸ

Լիանա Եղիազարյան, Ռադիոլուր

Այսօր Հայաստանում գործող 75 հիդրոէլեկտրակայաններն ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 5 տոկոսը: Այժմ մեր երկրում կառուցվում է եւս մոտ 70 փոքր ՀԷԿ: Այսպիսով` երբ փոքր ՀԷԿ- երն ամբողջ իրենց հզորությամբ սկսեն աշխատել, կկարողանան ապահովել մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 10 եւ սպառվողի 15 տոկոսը: Դա արդեն կլինի բավականին մեծ տեղաշարժ էներգետիկ ոլորտում, ասում են մասնագետները:

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը Հայաստանում հիդրոէլեկտրակայան կառուցելը համարում է շահավետ: Ըստ նրա` «կարեւոր է, որ ապահովվում են էժան վարկային միջոցներ, քանի որ սեփական միջոցներից հիդրոկայան հնարավոր չէ կառուցել: Ամենակարեւորը` կառավարության վարած սակագնային քաղաքականությունն այսօր բարենպաստ է»:

Այսպիսով` գերմանական կողմը շարունակում է Հայաստանում փոքր ՀԷԿ- երի կառուցման վարկավորումը: 18 մլն եվրո ընդհանուր ծավալով նոր վարկերը Հայաստանին տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 12 տարի ժամանակով: Վարկավորման նախկին ծրագիրն արժեցել է 6 մլն եվրո, մարման ժամկետերը եղել են ավելի կարճ:

«Փոքր ՀԷԿ- երի կառուցումը մեծ նշանակություն ունի մի քանի տեսանկյուններից: Կառավարությունն այսօր ամեն ին անում է, որպեսզի առավելագույն լավ պայմաններ ստեղծվեն ոլորտի զարգացումը շարունակական դարձնելու համար»,- ասում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Թե ովքեր կարող են ստանալ վարկեր` փոքր ՀԷԿ կառուցելու համար, կորոշեն հայաստանյան այն բանկերը, որոնք համագործակցում են այս ծրագրի հետ, տեղեկացրեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Վերջին տարում բանկային ակտիվների մեջ տեղի է ունեցել տեղաշարժ սպառողական վարկերից դեպի բիզնես վարկեր, ուղղված նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններին: Մենք հուսով ենք, որ այդ տեղաշարժը կշարունակվի նաեւ առաջիկա տարիներին, եւ այդ առումով ընդհանուր բանկային համակարգի ռազմավարական ուղղությունները ենթադրում են, որ բիզնես ծրագրերի, այդ թվւմ եւ փոքր ՀԷԿ- երի կառուցման ծրագրերի նկատմամբ բանկային համակարգի ուշադրությունը մեծանում է»:

Մայիս 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր