Գալուստ Նանյան, Հայաստանի Հանրապետություն
Ինչպե՞ս շտկել իրավիճակը
Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Քաղցրահամ ջրերի առումով Հայաստանը համարվում է միջին չափով ապահովված երկիր, բայց սա բոլորովին չի նշանակում, թե պետք է պակաս ուշադրություն դարձնել այս ոլորտին։
Հայաստանի գյուղատնտեսական արտադրության շուրջ 80%—ը բաժին է ընկնում ոռոգելի երկրագործությանը։ Այդ իսկ պատճառով Հայաստանում ջրատնտեսական շինարարությանը միշտ տրվել է առաջնային դեր։ Մինչեւ 1990 թվականը հանրապետությունում կառուցվել եւ այժմ գործում են 80 ջրամբարներ, 3200 կմ մայր եւ միջտնտեսային ջրանցքներ, 17900 կմ՝ ներտնտեսային ցանց, 403 պոմպակայաններ, 2221 խորքային եւ արտեզյան հորեր, 1609 կմ կոլեկտորա—դրենաժային ցանց, արոտավայրերի 3000 կմ ընդհանուր երկարությամբ ջրարբիացման ցանցեր։ Իսկ այսօր էլ, ըստ վիճակագրության, վերը նշված համակարգերը ապահովում են 283 հազար հեկտար հողատարածության վրա մոտ 320 հազար գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի մատակարարումը։
ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած ծանր սոցիալ—տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ նաեւ ոռոգման համակարգերի վրա։ Ֆինանսական եւ նյութական միջոցների սղության հետեւանքով սկսեցին արագորեն քայքայվել ոռոգման համակարգերը, ընկավ կառավարման արդյունավետությունը։ Ոլորտի անկումը կանխելու համար ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային բանկի մասնագետների կողմից սկսվեցին ոռոգման համակարգերի վերականգնման առաջին ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
Ստորգետնյա ջրերը բաշխված են խիստ անհամաչափ
Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ բնակավայրերի գերակշռելի մասի, այդ թվում՝ Երեւան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է ստորգետնյա աղբյուրներով, առանց լրացուցիչ մաքրման գործընթացի անհրաժեշտության։ Մասնագետները հավաստիացնում են, որ մեր երկրում առկա ստորգետնյա ջրային պաշարները հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով։
Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները տեղաբաշխված են անհամաչափ, իսկ այդ պաշարների 70%—ը բաժին է ընկնում միայն Արարատյան դաշտավայրին։ Ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ Հայաստանում կան զգալի թվով վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսներ։
Վիճակագրությունը փաստում է, որ խմելու նպատակով օգտագործվող ջրերի մոտավորապես 96%—ը եւ երկրում օգտագործվող ջրերի մոտավորապես 40%—ը գոյանում են ստորգետնյա ջրային աղբյուրներից։ Հայաստանում առկա ընդհանուր վերականգվող ստորգետնյա ռեսուրսներն ըստ հաշվարկների կազմել են տարեկան 4.1 մլրդ խմ, որից մոտավորապես 1.6 մլրդ խմ—ն երկրում առաջանում է աղբյուրների ձեւով, իսկ 1.4 մլրդ խմ—ն սպառվում է գետերում եւ լճերում։ Մեր երկրում սկզբնավորվող խորքային ստորգետնյա ջրերը մոտավորապես կազմում են 1.0 մլրդ խմ։
Խորքային ստորգետնյա կարեւորագույն աղբյուրներ են հայտնաբերվել Արարատյան արտեզյան ավազանում։ Արտեզյան հորերը արտադրում են 5—100 լիտր/վայրկյան ջուր՝ առանց մեխանիկական ջրհանի։ Ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները, ըստ տվյալների, կազմում են 2.4 մլրդ խմ, որից 66%—ը գտնվում է Արարատյան արտեզյան ջրավազանում։
Չնայած ստորգետնյա ջրերի որակի մասին վերջին տվյալները սակավ են, այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ, ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների, ստորգետնյա ջրային աղբյուրների որակական հատկանիշները շատ բարձր են։ Սակայն ուսումնասիրությունները փաստում են, որ որոշ աղբյուրներ, այնուամենայնիվ, շեղումներ ունեն քիմիական եւ կենսաբանական ստանդարտներից եւ չեն կարող օգտագործվել խմելու նպատակով։ Աղբյուրների մոտավորապես 25%—ը պարունակում են նիտրատների, նիտրիտների եւ ֆտորի բարձր կոնցենտրացիաներ։ Որպեսզի հնարավոր լինի կանխել հետագա աղտոտումը, ստորգետնյա աղբյուրների շրջակայքում պետք է ստեղծվեն սանիտարական գոտիներ։ Նմանապես Արարատյան արտեզյան ավազանի մի քանի արտեզյան ջրհորներ պարունակում են հանքային տարրերի բարձր բաղադրություն (0.5—ից մինչեւ 2 գրամ/լիտր), որը գերազանցում է առողջապահական ընդունված ստանդարտները, որի պատճառով ջուրը չի թույլատրվում օգտագործել խմելու նպատակով։
Ջուրը վնաս է բերում դաշտավայրին
Մեր երկրի ամենամեծ հարթավայրում տասնամյակում ամենահաջողված բիզնեսի՝ ձկնարդյունաբերության նպատակով հորատված ստորերկրյա (արտեզյան) ջրերի չարաշահման հետեւանքով մի կողմից՝ անջրդի է դարձել վարելահողերի զգալի մասը, մյուս կողմից՝ երկրի մակերեւույթ բարձրացող ջրերը, լցվելով արհեստական ջրանցքներ, խանգարում են դրանց աշխատանքին, որի հետեւանքով կրկին բարձրանում է մակերեւութային գրունտային ջրերի մակարդակը՝ ճահճացնելով ու աղուտների վերածելով վարելահողերի մեծ հատվածներ։
Արարատյան հարթավայրի գյուղացիների մի զգալի մասը զրկվել է դաշտերը ոռոգելու հնարավորությունից, քանի որ արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող աղբյուրները, որ շատ գյուղական բնակավայրերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել եւ ցամաքել են, քանի որ ցածրադիր հատվածներում ձկնաբուծական տնտեսություների համար հորված աղբյուրները խլում են վերին հատվածի ջրհոր—շատրվանների ճնշումը։
80—180 մետր խորության վրա գտնվող արտեզյան ավազանը բաղկացած է ստորգետնյա երեք շերտից։ Ինչպես մասնագետներն են նշում, ամենից վերեւում գտնվում են գրունտային ջրերը, երկրորդ եւ երրորդ շերտերում՝ քաղցրահամ, խմելու ջրերը (նաեւ բարձրորակ ջրեր ձկնաբուծության համար)՝ պաշտպանված կավային անջրաթափանց շերտերով։
Այսպես, օրինակ, այս երկու խորը շերտերում արված հորատանցքերից խմելու, ոռոգման եւ տեխնիկական նպատակով ջուրը մատակարարվում է Երեւան, Արտաշատ, Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքներին, ինչպես նաեւ մոտակա համայնքներին։
Հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնաշատրվանող հորատանցքերից ավելի քան 180—ը վթարային են կամ չունեն փականներ, որոնցից ջուրն անխնա դուրս է հոսում։ Հաշվառված աղբյուրներից 224—ը հորատվել են վերջին տարիներին՝ ձկնարդյունաբերության նպատակով, որի հետեւանքով 35—40%—ով նվազել է ոռոգման եւ խմելու ջրի քանակը։ Միայն վերջին մի քանի տարիներին ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել է բացել 135 ինքնաշատրվանող հորատանցք։
Ուսումնասիրությունները նույնպես ցույց են տալիս, որ զգալի չափով պակասել է արտեզյան ջրերի քանակը։ Սակայն, ինչպես նկատում է ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը. «Արտեզյան ավազանի թողունակությունը կազմում է 90—100 խմ/վրկ (տարեկան 2,8—3,1 տրիլիոն լիտր), մենք այսօր վերցնում ենք 20—22 խմ/վրկ։ Այնպես որ, արտեզյան ավազանը ինքնավերականգնվող է, եւ ցամաքելու վտանգ չկա»։
Սակայն փորձագետները կարծում են, որ թեեւ արտեզյան ավազանը ինքնավերականգնվող է, սակայն չարաշահման դեպքում ինքնաշատրվանող հատկությունը կվերանա։
Այցելելով Արարատի մարզի Հովտաշատ համայնք, պարզեցինք, որ դեռ անցյալ դարում գյուղում հորատված ավելի քան 80 աղբյուրներից 40—ն արդեն իսկ ցամաքել են։ Հովտաշատ համայնքի ղեկավար Սիմոն Անդրեասյանը հայտնեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, վերջինիցս խնդրելով փոփոխել իրենց համայնքում առկա յոթ հարյուր հեկտար վարելահողերի կատեգորիան։
«Հովտաշատ համայնքում են գտնվում Արեւշատի եւ Ռանչպարի 2 խոշոր պոմպակայանները։ Արեւշատի պոմպակայանները սնուցող ջրանցքը գյուղի միջով անցնում է ավելի քան 4 կմ։ Ջրանցքի բետոնե հունը երկար տարիներ քայքայվելով՝ վերածվել է հողե հունի, որի պատճառով ջրերը արտահոսում են գյուղի տարածք, առաջացնելով գերխոնավություն եւ աղակալում։ Արեւշատի պոմպակայանի պարբերաբար անջատումների ժամանակ 15—20 օր ջուրը բաց է թողնվում դրենաժներ, որի հետեւանքով ջրի մակարդակը բարձրանում է հողի մակարդակից»,–ասում է համայնքի ղեկավարը։ Նա նաեւ հայտնեց, որ գյուղի ինքնաշատրվանող աղբյուրների վրա փականներ չլինելու պատճառով ջրերը նույնպես հոսում են դրենաժներ, միեւնույն ժամանակ ձկնաբուծարանների տերերը անխնա օգտագործում են ստորերկրյա ջրերը, որոնց հետադարձերը նույնպես լցվում են դրենաժային համակարգ, որի հետեւանքով հողերը գերխոնավացել եւ աղակալում են, իսկ մյուս կողմից՝ ընդերքի ջուրը պակասելով որոշ ինքնաշատրվանող աղբյուրներ արդեն ցամաքել են։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ձկնաբուծարանները վերջին տասնամյակում կառուցվել եւ այսօր էլ շարունակվում են կառուցվել Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս եւ Ջրառատ գյուղերում, ինչպես նաեւ Արարատի մարզի Հայանիստ, Հովտաշատ, Սայաթ Նովա, Սիս եւ Ռանչպար համայնքներում։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Արարատյան դաշտավայրում արտադրված ձկնատեսակները հիմնականում իշխանի տեսակներն են, որի գները մայրաքաղաքի շուկաներում տատանվում են կիլոգրամը 1500–3000 դրամի սահմաններում։
Մեկ այլ վիճակագրության համաձայն, եթե նախկինում արտեզյան աղբյուրները հորատվել են մոտ 100—110 մետր խորությամբ, ապա այսօր ձկնաբույծները հորատում են մինչեւ 160—180 մետր, որն էլ պատճառ է դառնում ջրի ճնշման թուլացմանը եւ որակի անկմանը։
Այս ոլորտին մոտ կանգնած մասնագետները նշում են, որ ջուրը պարզապես չարաշահվում է, քանի որ որոշակի ծախսերի դեպքում հնարավոր է նույն ջուրը շրջանառությամբ հինգ անգամ օգտագործել, սակայն ձկնաբույծներն այն մի անգամ են օգտագործում, իսկ ջուրն էլ, որ կարող էր ոռոգման համար օգտագործվել, անտեղի լցվում է Արաքս, մի մասն էլ՝ արհեստական ջրանցքներ, ինչը նոր խնդիրներ է առաջացնում։
Դեռեւս 2007 թ. Արմավիրի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը, ուսումնասիրելով մարզի 25 համայնքներում ջրածածկ տարածքները, ինքնաբուխ խորքային հորեր հորատած 16 համայնքներում ստորգետնյա ջրերի օգտագործման արդյունավետությունը եւ 16 համայնքներում առկա 130 ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունը, պարզեց, որ մարզի 16 համայնքներում կան 405 ինքնաբուխ խորքային հորեր, որոնցից 189—ը 2015 լ/վրկ (65 մլն մ/խ տարեկան) ընդհանուր ջրարտադրողականությամբ օգտագործվում են բնակչությանը խմելու, կենցաղային եւ ոռոգման ջրի մատակարարման նպատակով, իսկ 216 հատը՝ 9636 լ/վրկ (310 մլն մ/խ տարեկան) արտադրողականությամբ՝ ձկնաբուծության համար։ Բնակչությանը խմելու եւ կենցաղային ջուր մատակարարելու համար ինքնաբուխ խորքային 189 հորերը հորատվել են մինչեւ անցյալ դարի 90–ական թվականները. դրանք գտնվում են գյուղապետարանների հաշվեկշռում։ Այս ինքնաբուխ խորքային հորերի արտադրողականությունը տատանվում է 2–20 լ/վրկ սահմաններում, իսկ ձկնաբուծական նպատակով հորերի հորատումները սկսվել են անցյալ դարի 90—ական թվականների վերջին։
Այդ նպատակով հորատված 216 հորեր անհատ ձեռներեցների եւ տարաբնույթ ձեռնարկությունների սեփականություն են՝ 30—200 լ/վրկ արտադրողականությամբ։
Ձկնաբուծական նպատակով հորատված ինքնաբուխ խորքային հորերից արդյունահանված շուրջ 10 հազար լ/վրկ (320մլն մ/խ տարեկան), 9000 լ/վրկ (290 մլն մ/խ տարեկան) լցվում են դրենաժներ կամ էլ Մեծամոր գետ եւ միայն 1000 լ/վրկ (32 մլն մ/խ տարեկան) օգտագործվում են ոռոգման նպատակով։
«Ուսումնասիրություններից պարզվեց, որ ձկնաբուծական նպատակով խորքային հորերի հորատումը իրականացվում է տարերայնորեն, առանց հիմնավորված հաշվարկների, այդ իսկ պատճառով առանձին համայնքներում (Գայ, Լուսագյուղ, Գրիբոյեդով եւ Ջրառատ) 500—10.000 մ/քառ. մակերեսի վրա հորատվել են 4—7 հորեր։ Հորերի հորատումը եւ հետագա շահագործումը չի վերահսկվում։ Հիշյալ քանակության խորքային հորեր գործում են շուրջ տարին։ Հորերի տեխնիկական անորակ կառուցման հետեւանքով սեփականատերերը ջրի պահանջ չունենալու դեպքում անգամ ջրերը չեն փակում, որովհետեւ հորերը փլուզվում են եւ խափանվում»,–ասում է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Ս. Բաղդասարյանը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզի վարչական տարածքում տարեկան ինքնաբուխ խորքային հորերի միջոցով արդյունահանվում է ավելի քան 380 մլն մ/խ քաղցրահամ ջուր, որի միայն 22 տոկոսն է օգտագործվում խմելու եւ ոռոգման նպատակով։ Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ինքնաբուխ խորքային հորերը շահագործվում են անխնա, ոչ մի հոր չի փակվում, ջուրը հոսում է շուրջ տարին։
Ձկնաբուծական նպատակով հորատված 216 ինքնաբուխ խորքային հորերի սեփականատերերից հանձնաժողովին եւ համայնքներին ջրօգտագործման թույլտվության փաստաթղթեր են ներկայացրել միայն 123—ը։ «Ձկնաբուծական նպատակով արդյունահանված ջրի համար որպես ռեսուրսավճար պետական բյուջե է մուծվում խորանարդ մետրի դիմաց 5 լումա։ Օգտագործված ջրի ռեսուրսավճարի գանձումները վերահսկվում են բնապահպանության նախարարության համապատասխան տեսչության կողմից»,–ասում է Ս. Բաղդասարյանը։
Ինչպես Արարատի, այնպես էլ Արմավիրի մարզպետարանում ոլորտի մասնագետները նկատել են, որ խորքային հորերի հորատման թույլտվությունը տրվում է բնապահպանության նախարարության կողմից, համայնքի ղեկավարի գրավոր համաձայնության հիման վրա, ինչը, ըստ նրանց, ճիշտ չէ։
«Այդ գործընթացը չի վերահսկվում, որի պատճառով հորերի հորատումը եւ ձկնաբուծական տնտեսությունները ստեղծվում են տարերայնորեն, ով որտեղ ցանկանում է, ինչը հանգեցրել է հողատարածքների ոչ նպատակային օգտագործմանը»,–ասաց պրն Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արմավիրի մարզում առկա 130 ձկնաբուծական տնտեսություններից 9—ը՝ 623 հա մակերեսով, գործում են ջրածածկ տարածքներում, իսկ 121 տնտեսությունները՝ 312 հա տարածքով, կառուցվել են տարբեր նպատակային եւ օգտագործման նշանակության հողատարածքների վրա։ 92 ձկնաբուծական տնտեսություններ գործում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, որից 70—ը՝ 105 հա մակերեսով, վարելահողերի, խաղողի եւ պտղատու այգիների տարածքներում։
Գայ, Ապագա եւ Ջրառատ համայնքներում ձկնաբուծական տնտեսությունները ստեղծվել են նաեւ տնամերձ հողամասերի վրա։ Ապագա, Գայ, Ջրառատ եւ Ակնաշեն համայնքներում վարձակալությամբ տրված գյուղատնտեսական նշանակության հողատատարածքների վրա կառուցվել են քարերից եւ բետոնից լճակներ։ «Ձկնաբուծությամբ զբաղվող զգալի թվով տնտեսություններ իրենց կողմից տնօրինվող հողատարածքների վրա իրականացրել են նաեւ անօրինական կառույցներ»,–ասաց բաժնի պետը։
Փաստ է, որ ներկայումս ձկնաբուծությունը հսկայական եկամուտներ բերող ոլորտ է։ Ընդամենը մի 10 հազար դոլար, եւ կարելի է ձեռք բերել ինչպես ջրի հորատման թույլտվություն, այնպես էլ կատարել հորատման աշխատանքներ։
Հունիս 09, 2010
