ՓՀԷԿ-ԵՐԸ ԿՆՎԱԶԵՑՆԵՆ CO2-Ի ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ` 30 000 ՏՈՆՆԱՅՈՎ

Aysor.am

«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանն ունի վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացման ամենամեծ պոտենցյալը»,- Ջերմուկում լրագրողներին հայտնեց Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուպեքը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի ներկայացուցիչները և «Ամերիաբանկ»-ի ղեկավարությունը այցելեցին «Ջերմուկ 2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության տարածք:

Ինչպես հաղորդում է Aysor-ի թղթակիցը, Թ. Լյուպեքը նշեց, որ «Ջերմուկ 2» ՓՀԷԿ-ի աշխատանքների ընթացքն իրենց գոհացնում է: Նա հույս հայտնեց, որ 15 մլն դոլարով կֆինանսավորվի 150 ՄՎ կայանների կառուցումը:

«Հայաստանում սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև Հայաստանը էներգակիրների 2/3-ը ներկրում է և շատ կարևոր է, որ Հանրապետության ներսում ունենա վերականգվող էներգիայի աղբյուրներ»,- հայտնեց Թ. Լյուպեքը:

Նա նշեց նաև, որ ՓՀԷԿ-երը չեն արտանետում ջերմոցային գազեր: Լյուպեքի խոսքերով` երբ այս ծրագրի շնորհիվ բոլոր ՓՀԷԿ-երը ֆինանսավորվեն, հույս կա, որ Հանրապետությունում ածխաթթու գազի (CO2) արտանետումները կկրճատվեն 30 հազար տոննայով:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՈՏԵՆՑՅԱԼԸ»
Panorama.am


Կովկասյան տարածաշրջանում Հայաստանն ունի վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացման ամենամեծ պոտենցյալը: Այս մասին Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի ներկայացուցիչների և «Ամերիաբանկ»-ի ղեկավարության` «Ջերմուկ 2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության տարածք այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուպեքը:

Նրա խոսքերով, «Ջերմուկ 2» ՓՀԷԿ-ի աշխատանքների ընթացքը գոհացուցիչ է: Նա հույս հայտնեց, որ 15 մլն դոլարով կֆինանսավորվի 150 ՄՎ կայանների կառուցումը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանի համար սա շատ կարևոր կառույց է, քանի որ երկիրը էներգակիրների 2/3-ը ներկրում է: «Շատ կարևոր է, որ հանրապետությունը ներսում ունենա վերականգվող էներգիայի աղբյուրներ»,- նկատեց նա:

Բացի այդ` Թ. Լյուպեքը նկատեց, որ ՓՀԷԿ-երը ջերմոցային գազեր չեն արտանետում: Իսկ երբ այս ծրագրի միջոցով բոլոր ՓՀԷԿ-երը ֆինանսավորվեն, հնարավոր է, Հայաստանում ածխաթթու գազի արտանետումները 30 հազար տոննայով կրճատվեն:

Հիշեցնենք, որ «Ջերմուկ 2» փոքր ՀԷԿ-ը կառուցվում է Վայոց Ձորի մարզում Ջերմուկ քաղաքի մոտակայքում` Արփա գետի բնական հոսքի վրա: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիոն 150 հազար դոլար: ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կազմում է 2.3 ՄՎՏ:

Այն նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին:
 
ՓՀԷԿ-ԵՐ. ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԵ՞Ն
Aysor.am


«Հիդրոէներգետիկա» ՍՊ ընկերությունը գերմանական KfW բանկի պատվերով մշակում է փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սահմանային սակագների որոշման նոր մեթոդիկա, որով նախատեսվում է բարձրացնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության կողմից ՓՀԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի սակագները: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ նախագահ Գրիքոր Գաբայանը:

Նա հայտնեց, որ աշխատանքն ավարտման փուլում է, և շուտով` մինչև այս ամսվա վերջ, այն կներկայացնեն բանկին ու կփորձեն ընթացք տալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

«Գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի գործող սակագինն այժմ 4,769 ցենտ է: Սահմանայինին հասնելու համար, որպեսզի ծրագիրը կարողանա վարկը 12 տարում փակել, մոտավորապես 50 %-ով պետք է բարձրանա»,- ասաց Գ. Գաբայանը:

Նա հավաստիացրեց, որ այս թանկացումը սպառողի վրա բացարձակապես չի ազդի, քանի որ ՓՀԷԿ-երն էներգետիկ ոլորտում կազմում են ընդամենը 2 %, և հատկապես, որ սակագների այս փոփոխություններն ազդելու են նոր կառուցվող կայանների վրա:

Գ. Գաբայանը նշեց, որ վերջին անգամ ՓՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն Հայաստանում եղել է 2004 թ-ին` չհաշված ինդեքսացիան:

«Ֆիքսված սակագնի դուրս գալուց հետո` 2004 թ., սակագները չեն փոխվել: Բազայինը եղել է 4,5 ցենտ»,- ասաց Գ. Գաբայանը:

Հավելենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2009 թ. վերջին, պատասխանելով Aysor-ի հարցին, համոզվածություն էր հայտնել, որ ոլորտը շարունակում է զարգանալ և տնտեսական քաղաքականություն փոփոխելու կարիք չկա ու ապագա ժամանակահատվածում չի լինի:

Հիշեցնենք, որ 2004-2009 թթ. ժամանակահատվածում` 5 տարվա ընթացքում, ՀՀ-ում գործարկվել է 56 փոքր հիդրոէլեկտրակայան, իսկ 1998-2004 թթ. ժամանակահատվածում` 7 տարվա ընթացքում` 17 ՓՀԷԿ: 2004 թ. հունվարի դրությամբ հանրապետությունում կառուցման փուլում էին գտնվում 11 ՓՀԷԿ-եր, 2010 թ. հունվարի դրությամբ կառուցման փուլում են գտնվում 67 ՓՀԷԿ-եր, իսկ գործում են 82-ը: Այս տարվա ընթացքում գործարկման ենթակա է 33 ՓՀԷԿ:

Հունիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր