

ԷկոԼուր
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ուղղված (IFAD) Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչների բողոքն ուսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել անկախ փորձագետներ: Նրանք հանդիպում են ունեցել շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես` Աստղաձոր համայնքի բնակիչների և իրենց խնդիրը բարձրաձայնող «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ:
2018 թ. հոկտեմբերին ԷկոԼուրը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր ուղարկել Աստղաձոր համայնքի 40 բնակչի ստորագրությամբ նամակ-բողոք IFAD-ի վարկային միջոցներով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի վերաբերյալ: 2016 թ-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ իրականացված վարկային ծրագրով կառուցվել է ջրագիծ՝ Աստղաձոր գետի ավազանի ջրերը Զոլաքար համայնքին ուղղելու նպատակով: Արդյունքում գետից նախկինում օգտվող Աստղաձորի բնակիչները մնացել են առանց ջուր:
ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ Աստղաձորի բնակիչները ներկայացրեցին իրենց ակնկալիքները IFAD-ի փորձագետների հետտեղի ունեցած հանդիպումներից:
Բնակիչները հայտնել են փորձագետներին, որ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման համար եղել են մանիպուլյացիաներ նախկին իշխանությունների կողմից:
ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թ. եզրակցություն է տվել, որ Զոլաքար գյուղի խմելու ջուրն ունի որակական շեղումներ: Այս եզրակազությունը հիմք է հանդիսացել Զոլաքարին հավելյա ջուր տալ IFAD-ի ծրագրով: Սակայն ծրագրի հաստատումից հետո`մինչ ծրագրի իրականացումը, Առողջապահության նախարարությունը 2015-թ-ին և ապա 2016-2017 թթ-ին տվել է այլ եզրակացություն,որոնց համաձայն, շեղումներ չկան:
Ինչպես երևում է փաստաթղթերից, մինչև ծրագրի իրականացումը Զոլաքար և Աստղաձոր գյուղերն օգտվում էին Աստղաձոր գետի`ընդհանուր 135 լ/վրկ ջրառից:
«Մենք նախկինում ջրի հետ կապված խնդիր չենք ունեցել և նույնիսկ չգիտեինք, թե ջրի բաշխումն ինչպես է կատարվում: Մեր կարծիքով այն հավասար էր: Երբ սկսվեց իրականացվել այդ ծրագիրը, ջրային թույլտվության մեջ, որը ամեն տարի վերանայվում է, առաջ եկավ վերին աստիճանի անհավասար ջրբաշխում` 129 լ/վրկ՝ Զոլաքարին և 6 լ/վրկ՝ Աստղաձորին»,- շեշտեցին բնակիչները:
2018 թ. աստղաձորցի Վարդան Գրիգորյանին ուղղված Բնապահպանության նախարարության պատասխանից երևում է, որ Զոլաքար գյուղին տրամադրվող ջրառն ավելացել է 2016 թ-ին «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» աղբյուրների հաշվին: Ընդ որում, եթե 2015 թ.ջրառը կազմել է 10,8 լ/վրկ, ապա 2016թ-ին հասցվել է 23,1 լ/վրկ-ի:
Նշենք, որ 10,8 լ/վրկ ջրառն իրականացվել է միայն «Գռան» աղբյուրից,որը գտնվում է Զոլաքար գյուղի վարչական տարածքում: Իսկ 2016 թ. տրված ջրային թույլտվությամբ ջրառն իրականացվել է նաև «Մեծ ձորի թմբան տակ» աղբյուրից, որն ապահովում էր Աստղաձոր գետը ջրով: Արդյունքում, գետը զրկվել է այդ ջրից, որն ուղղված է Զոլաքար գյուղ` թողնելով Աստղաձոր գյուղն առանց ջրի:
Ջրային թույլտվությունները և Առողջապահության նախարարության կողմից ներկայացված եզրակացությունները ջրի որակի վերաբերյալ հիմք են հանդիսացել, որպեսզի Գեղարքունիքի մարզպետարանն իր հերթին 2015թ-ին դիմի ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» պետական հիմնարկին, որպեսզի Զոլաքար համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագիրն ընդգրկվի ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի մեջ, որը ֆինանսավորվել է IFAD-ի կողմից:
Աստղաձորի բնակիչները IFAD-ի անկախ փորձագետներին են ներկայացրել առկա փաստաթղթերն ու իրենց մտահոգությունները IFAD-ի կողմից ֆինանսավորված ծրագրի վերաբերյալ:
«Փորձագետները շեշտել են, որ ջրի ակունքը գտնվում է Զոլաքար համայնքի վարչական տարածքում, և հնարավոր է՝ այդ պատճառով է,որ Աստղաձորում հասարակական լսումներ չեն իրականացվել: Խախտվել է աստղաձորցիների՝ ջրի նկատմամբ իրավունքը, և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Զոլաքարին ջուր տրամադրելու ջրօգտագործման թույլտվությունը տրվել է առանց հաշվի առնելու մեր շահերը»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ աստղաձորցիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ հարևան Զոլաքար գյուղում լսումներ են կայացել: «Հայտարարությունը տարածվել է միայն «Голос Армении» թերթում, որը հասանելի չէ մեր գյուղում, և նույնիսկ չի իրացվում Գեղարքունիքի մարզում: Մարզպետարանն էլ պետք է իմանար, որ մենք էդ ջուրը օգտագործում ենք և չի պաշտպանել մեր շահերը»,- ասաց նա:
Աստղաձորցի Արամայիս Ասատրյանը վստահ է, որ ջուրը հանրային է և այս դեպքում նշանակություն չունի, թե որ վարչական տարածքում է. «Ընդերքի հարստությունը պետական է, ժողովրդական: Հիմա եթե այդտեղից գազ, ադամանդ դուրս գար, զոլաքարեցին կասե՞ր՝ իմն է միայն: Ասում են` ջուրը բերել ենք բարելավման նպատակով, ումի՞ց եք բերել, թալանել եք հարևան գյուղից: Աստղաձորում հիմա ջրի սով է», - վրդովվեց Արամայիս Ասատրյանը:
Իր մեկնաբանությունը տվեց նաև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ում հետ նույնպես հանդիպել են IFAD-ի փորձագետները:
«Ես ասացի, որ մարզում օլիգարխների գործողությունների ամենաթողություն է, տարբեր համայնքների վրա ազդեցություն կա, և կամայական որոշումներ են կայացրել: Այն, որ Զոլաքարը հովանավորվում էր մի օլիգարխի կողմից, ով և իր դերն է ունեցել այդ ծրագրի՝ ջրագծի կառուցման գործում: Հաստատել եմ, որ հանրային լսում չի եղել, և բնակիչների կարծիքը հաշվի չեն առել: Հարցրեցին բնակիչների և գյուղապետի հարաբերությունների մասին: Ասացի, որ յուրաքանչյուր գյուղապետ իր տերն ունի, հավատարիմ է իրտիրոջը և չի կարող դուրս գալ նրա դեմ», - ասաց նա:
Օգոստոս 07, 2019 at 16:08