

ԷկոԼուր
Կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանն ահազանգել է «Հետք» պարբերականին այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից Նորաշենիկ գետը գունափոխվել է: Բնապահպանն ուղարկել է տեսանյութ, որում երևում է գետով հոսող փրփրառատ և կապտաթույր զանգվածը:
Փարսադանյանը հայտնել է, որ այդ մասին տեղեկացրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնին, որի աշխատակիցները կատարել են պարզվածքի նմուշառում: Դեպքի վայր են գնացել նաևւ ԶՊՄԿ-ի ու ոստիկանության աշխատակիցները:
Փարսադանյանը նշել է, որ լաբորատոր փորձաքննությունից հետո միայն հստակ կլինի՝ պոչամբարից դուրս եկող և Նորաշենիկ թափվող պարզվածքում արդյոք գերազանցվել է ծանր մետաղների կամ այլ նյութերի սահմանային թույլատրելի խտությունը, թե՝ ոչ: Այդուհանդերձ, բնապահպանը նշել է, թե հիմնավոր կասկածներ ունի, որ գետը լրջորեն աղտոտվել է:
Ահազանգի վերաբերյալ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրինությունը տարածել է հայտարարություն, որում նշված է.
«Այսօր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածվել այն մասին, որ «...հիմնավոր կասկածներ կան» առ այն, թե իբր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից «լրջորեն» աղտոտվել է Նորաշենիկ գետը:
«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը հերքելով այս տեղեկությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերության բոլոր կառույցները, այդ թվում Արծվանիկի պոչամբարի ենթակառուցվածքները գործում են անխափան` հաստիքային ռեժիմով:
Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետը լցվող պարզվածքի որակը մշտապես վերահսկվում է ինչպես «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան ստորաբաժանման մասնագետների, այնպես էլ պետական լիազոր մարմնի կողմից:
Բնապահպանական հարցերով «մտահոգ» որոշ քաղաքացիների խորհուրդ ենք տալիս իրենց չվերապահել տեսչական մարմինների լիազորություններ և գույների, այդ թվում ջրի գույնի վերաբերյալ իրենց նախասիրությունները չվերագրել մեր գործունեությանը:
Իսկ իրականում շահագրգիռ անձանց, հանրությանը և լրատվամիջոցներին հավաստիացնում ենք, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործունեությանը, այդ թվում բնապահպանական հարցերին, և հորդորում ենք իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանալ միայն ստույգ և պաշտոնական աղբյուրներից»:
Նշենք, որ Արծվանիկի պոչամբարի պարզվածքը Նորաշենիկ գետ լցվելու վերաբերյալ ահազանգեր պարբերաբար հնչեցվում են:
Բացի այդ, հնչեցվում են ահազանգեր ԶՊՄԿ-ի գործունեության հետևանքով Ողջի գետի աղտոտման վերաբերյալ:
Իսկ 2019 թ-ի հոկտեմբերին ԶՊՄԿ-ի խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Փետրվար 04, 2020 at 15:40