ԷկոԼուր
Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսով վարակվածության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ, երբ գրեթե 24-ժամյա ռեժիմով հեռուստաալիքներով և սոցիալական ցանցերում ցուցադրվում են վիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը Արարատի մարզի Տափերական, Շահումյան, Դալար, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան և Արմավիրի մարզի Մարգարա, Ջրառատ, Ապագա, Լուսագյուղ, Ակնաշեն համայնքներում 2019-2020 թթ․ դպրոցների տարրական դասարանների մոտ 400 աշակերտների համար «Ջուր և առողջություն» և «Ջուր և հիգիենա» թեմաներով դասընթացներ է անցկացրել:
«Անձնական հիգիենայի կանոնների պահպանումը՝ խիստ կարևոր է այս պահին, երբ ամբողջ աշխարհը գտնվում է խուճապի մեջ» - ասում է ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը։
«Պրակտիկ դասընթացների ընթացքում դպրոցականների հետ խոսել ենք ձեռքերի մաշկի խնամքն իրականացնելու անհրաժեշտության մասին, ցուցադրվել է, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը և մաքրել ատամները։ Երեխաները սովորել են ինչպես ճիշտ օգտագործել սպեղանին։ Ցուցադրվել է եղունգների խնամքի համար անհրաժեշտ պարագաները՝ խոզանակը, մկրատը, կտրիչը, խարտոցը ու դրանց օգտագործման եղանակները։ Դպրոցականների համար ցուցադրվել է, թե որ դեպքերում է պետք խոնավ և չոր անձեռոցիկներ օգտագործել։ Նրանց բաժանվել են տեղեկատվական թերթիկներ «Սովորենք ճիտ լավանալ ձեռքերը», «Ինչպե՞ս ճիշտ մաքրել ձեռքերն օճառով», «Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները» խորագրերով» - պատմեց նա։
Միջին և բարձր դասարանի աշակերտների և մեծահասակների համար «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Ջուրը կյանքի աղբյուրն է» խորագրով տեղեկատվական թերթիկը, որում ներկայացված է ջուրը խնայելու, այն աղտոտումից պաշտպանելու անհրաժեշտության մասին։
Դասընթացների ավարտին մասնակիցներին բաժանվել են ուսապայուսակներ՝ ձեռքերի և ատամների խնամքի անհատական հիգիենիկ պարագաներով և շապիկներ՝ «Ջուրը կյանք է» խորագրով։
Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
Լուսանկարները՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի
Մարտ 26, 2020 at 20:14