«Շաքի» փոքր ՀԷԿ-ն աշխատում է արգելված ժամերին

«Շաքի» փոքր ՀԷԿ-ն աշխատում է արգելված ժամերին

«Շաքի» փոքր ՀԷԿ-ը խախտում է սահմանված ջրօգտագործման ռեժիմը՝ աշխատելով արգելված ժամերին: ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց, որ օգոստոսին՝ կեսօրին, «Շաքի» ՓՀԷԿ-ն աշխատում էր և կայանից ջրբացթողում էր արվում:

«Շաքի» փոքր ՀԷԿ-ը ջրառ է իրականացնում Շաքի գետից, որը ձևավորում է Սյունիքի մարզում գտնվող բնության հուշարձան Շաքի ջրվեժը:

Մինչև 2017 թ. Շաքի ջրվեժը չոր էր «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ: 2017 թ-ից ՓՀԷԿ-ի համար սահմանվեց ջրօգտագործման նոր ռեժիմ, ըստ որի ՓՀԷԿ-ը Շաքի գետից ջրառ չպետք է իրականացնի մարտի 15-ից ապրիլի 30-ը` 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը 11:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի գոյանա Շաքիի ջրվեժը և ապահովի տուրիստական հոսքեր:

Շաքի ջրվեժ բնության հուշարձանը մարզի հայտնի զբոսաշրջային վայրերից է: Ջրվեժը տեսնելու համար զբոսաշրջիկների մեծաթիվ հոսքեր են այցելում թե՛ հանրապետության շրջաններից, թե՛ արտերկրից: Սակայն ջրվեժի միայն որոշակի ժամերին գոյանալը հաճախ նաև հիասթափության պատճառ է դառնում, երբ ջրվեժի փոխարեն սահմանված ժամերից դուրս չոր քարեր են տեսնում:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի

«Արտասահմանցուն դժվար է բացատրել, որ որոշակի պայմանագրի շրջանակում է գործում ջրվեժի գրաֆիկը։ Ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ եկել են, հետո տհաճ զրույց է եղել, թե ջրվեժն արհեստական է,բացովի, փակովի է։ Մինչև բացատրում ես, որ այդպես չէ, ուղղակի ջրի արդյունավետ օգտագործման եղանակ է մշակված, արդեն ապարդյուն է լինում»,- ասաց Սիսիանի համայնքապետի տեղակալ Վարդան Իվանյանը՝ նշելով, որ Շաքի ջրվեժի ժամանակավոր փակել բացելու բնույթը խանգարում է տուրիզմի զարգացմանը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով: Oրենքի 20-րդ հոդվածի համաձայն` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը:

Սիսիանի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ ջրվեժի որոշակի ժամերի գործելը վնասում է ջրվեժին: Եղել են ջրվեժից քարաթափման դեպքեր: Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալն էլ իր հերթին նշեց. «Եթե մի տեղով գետը պետք է հոսի, պետք է իր ազդեցությունն ունենա, Եթե գետը չի հոսում, արդեն և՛ շրջակա բնությունն է փոխվում, և՛ քարերն են փոխվում, և՛ ազդեցությունն է փոխվում։ Բնականաբար, արդեն շեղում լինում է: …Մենք ցանկանում ենք, որ ջրվեժը գործի շուրջօրյա»,- ասաց նա։



Սեպտեմբեր 15, 2020 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր