ՀՀ կառավարությունն ընդունեց փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկի մասին որոշումը

ՀՀ կառավարությունն ընդունեց փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկի մասին որոշումը

Սույն թվականի ապրիլի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» որոշումը:

ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը սահմանող որոշման նախագիծը 2 անգամ շրջանառության մեջ է դրվել դեռ 2017թ-ից սկսած, սակայն չէր ընդունվում:  Եթե նախկինում առաջարկվում էր արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը 22 գետի վրա, ապա ընդունված որոշմամբ այդ գետերին ավելացել են ևս 3-ը՝ Մեծամորը, Ոսկեպարը և Բախտակը:

Որոշման ընդունմամբ փոքր ՀԷԿ-երի կառուցումն արգելվում է հետևյալ 25 գետի վրա. 1.Արգիճի, 2.Մասրիկ, 3.Կարճաղբյուր (Մաքենիս), 4. Լիճք, 5. Ծակքար, 6. Վարդենիս, 7. Գավառագետ, 8. Ձկնագետ, 9. Ոսկեպար, 10. Մեծամոր, 11. Եղեգիս, 12. Որոտան, 13. Ախուրյան, 14. Աղստև, 15. Արփա, 16. Բախտակ, 17. Դեբեդ, 18. Դեբեդ գետի Կիստում վտակ, 19. Դեբեդ գետի Ձորագետ վտակ, 20. Աղստև գետի Գետիկ վտակ, 21. Որոտան գետի Դալի վտակ, 22. Հրազդան գետի Մարմարիկ վտակ, 23. Ազատ գետի Գողթ վտակ, 24. Եղեգիս գետի Կարակայա վտակ, 25. Կարակայա վտակի Այսաս վտակ:

Գետերի ընտրության համար հիմք են հանդիսացել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները: 

Նշենք, որ ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդն առաջին անգամ մշակել և կիրառել է ԷկոԼուրը դեռ 2014թ-ին՝ գնահատելով ՓՀԷԿ-երով ծանրաբեռնված գետերի ռիսկերը, այնուհետև նույն մեթոդով ԷկոԼուրը հաշվարկվել է 70 գետի ծանրաբեռնվածությունը փոքր ՀԷԿ-երով 2014-2018թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ) աջակցությամբ իրականացրած «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի շրջանակներում: Հենց այս ծրագրերի շրջանակներում է նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ/Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, որպես Ծրագրի փորձագետ, ուսումնասիրել գետերի ձկնաշխարհը, որոնց մասին վերջին տվյալները հրապարակվել են 2018թ-ին` «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ- կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքները» աշխատության մեջ:

Այս ծրագրերի իրականացմանը մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, որին տրամադրվել են ծրագրերի արդյունքները, այդ թվում ՓՀԷԿ-երի խողովակաշարերով ծանրաբեռնված գետերի ցանկը: Ողջունելի է, որ ԷկոԼուրի և Ծրագրերի փորձագիտական թիմի կատարած աշխատանքը շարունակում է տալ ծառայել ի նպաստ ՓՀԷԿ ոլորտի խնդիրների լուծման: Հուսանք, որ այս անգամ որոշման նախագիծը կընդունվի ՀՀ կառավարության կողմից:

Ապրիլ 12, 2021 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր